Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.
«Նախաբանակային և ընդհանրապես զինպատրաստության թեման այնքան մեծ է, որ մեկ ֆեյսբուքյան գրառման ֆորմատով անհնար է գոնե մակերեսորեն թեմայի հիմնական խնդիրներն ուրվագծել։ Բայց փորձեմ… Գուցե հետո հոդված դառնա, չգիտեմ։
Հայաստանում ապրող ցանկացած մարդ (եթե ամպոտած ոտքերով հեքիաթային ծիածանների աշխարհներում ճախրող պացիֆիստ չէ) հասկանում է, որ մեր երկրում զինպատրաստության հարցը պետության լինել-չլինելու խնդրի մի մասն է։
Շատ կարևոր է հասկանալ, որ զինպատրաստությունը միայն ՆԶՊ առարկան չէ, միայն պաթոսային տեքստերը չեն ՆԶՊ կամ հայ ժող. պատմության դասագրքերից, միայն ավտոմատ քանդել-հավաքել ու կրակելը չէ։
Զինպատրաստությունը համալիր է ֆիզպատրաստության, շատ տարբեր գիտելիքների, հմտությունների, դրանք նոր սերունդներին փոխանցելու, զարգացնելու և պահպանելու մեթոդաբանությունների, դասավանդման համար անհրաժեշտ նյութական (ուսումնական զենքից ու վրաններից սկսած, հրաձգարաններով և տրանսպորտով վերջացրած), կազմակերպչական և գաղափարախոսական տարրերի։ Եւ այդ ամենը՝ զանգվածային մասշտաբներով։
Գիտեմ, որ խուճուճ եմ ձևակերպել, փորձեմ օրինակներով բացատրել։
Ֆիզպատրաստություն. շատ կարևոր է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ սպորտը թե՛ նախազորակոչային տարիքում, թե ծառայությունից հետո։
Գիտե՞ք, որ օրինակ՝ ֆուտբոլը համարվում է ռազմական սպորտաձև։ Այսինքն ինչքան շատ մանկական ֆուտբոլային խմբակներ լինեն երկրում, այնքան ավելի շատ կլինեն հետևակում ծառայելուն պատրաստ զորակոչիկներ։ Այդ խմբակներում պարապողների 1 տոկոսը գուցե և դառնան ֆուտբոլիստներ, բայց պետության անվտանգության տեսակետից կարևոր են մնացած 99 տոկոսը՝ դիմացկուն, լավ շնչառությամբ, լավ ռեակցիա ունեցող և խառը իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակ պատանիները։
Այսինքն զինպատրաստության կարևոր տարրերից է զանգվածային սպորտը (ֆուտբոլից սկսած մարզական կողմնորոշմամբ վերջացած)։
Գիտելիքներ. ֆիզիկայից և մաթեմից սկսած, կենսաբանությամբ և ռոբոտատեխնիկայով վերջացրած։ Այս բոլոր առարկաների դասավանդման ժամանակ պետք է ներդրվեն տարրեր, որոնք հետագայում անհրաժեշտ են նաև բանակում։
Հմտություններ. փոքր խումբ կառավարելուց մինչև տեղանքում կողմնորոշվելը, այստեղ կարելի է կիլոմետրերով օրինակներ բերել։
Այս ամենը զարգացնելու համար ԽՍՀՄ-ում գործում էր մի հսկա գիտակրթական համակարգ՝ ուսումնական ծրագրեր և դասագրքեր մշակող ինստիտուտներից մինչև խմբակներ մեծերի և փոքրերի համար, ամառային ճամբարներ։
ՆԶՊ-ն այդ հսկա համակարգի ընդամենը 1 տարրն էր։
Հայաստանին այդպիսի համակարգ շատ է պետք։
Հարց. արդյոք կրթնախի առաջարկած «բարեփոխումների» վերջում այդպիսի համապարփակ, ներդաշնակ մի համակարգ կստանա՞նք (իհարկե, ո՛չ սովետականի պատճեն, այլ ավելի ճկուն, ավելի մոբիլ, Հայաստանի անվտանգային խնդիրներին հարմարեցված)։ Արդյոք կրթնախն ի վիճակի՞ է նման համակարգ մշակել։
Կարծում եմ, որ ոչ։
Նման համակարգ ստեղծելու որևէ նշույլ չեմ տեսնում։
Հակառակ դեպքում կլինեին այդ թեմայով հարյուրավոր քննարկումներ, կգրվեին հարյուրավոր հոդվածներ, հետազոտություններ կարվեին, իսկ հետո կմշակվեին փորձնական ծրագրեր, որոնք մի քանի տարի առանձին դպրոցներում կիրականացվեին, հետո արդյունքները կվերլուծվեին, ըստ որոնց համապատասխան փոփոխություններ կմտցվեին այդ ծրագրերի մեջ, հետո նոր դրանք կսկսեին ներդնել այլ այլ դպրոցներում)։ Չեմ տեսնում փորձեր համապատասխան նյութական և մեթոդաբանական ենթակառուցվածքներ ստեղծելու։ Չեմ տեսնում նաև այդ ծավալի աշխատանքներ իրագործելու և այդպիսի լուրջ համակարգ ստեղծելու ունակ կադրային ներուժ։
Մի օրինակ բերեմ. 2018 ամռանը, երբ ձերբակալեցին ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանին, Արայիկ Հարությունյանը շտապեց հայտարարել, որ «Պատանի երկրապահների» ակումբներն այլևս չեն ֆինանսավորելու, բայց դրանց փոխարեն ինչ-որ այլ, շատ ավելի արդյունավետ լուծում կտան դպրոցականների նախնական զինպատրաստության խնդրին։
Արդյունքը եղավ այն, որ այդ ակումբները գործնականում վերացել են, Սևանի ափին գտնվող իրենց ճամբարում բանակումներ այլևս չեն կազմակերպվում, ակումբների սաները, որոնք նախկինում մասնակցում էին ՆԶՊ օլիմպիադաներին և բարձր տեղեր զբաղեցնում, այժմ ուղղակի ցրվել են։
Այդ համակարգում, համոզված եմ, շատ բան կարելի էր կատարելագործել, շատ ավելի արդյունավետ աշխատացնել, բայց Արայիկ Հարությունյանը և մյուս պատասխանատուները գերադասեցին լավ-վատ, բայց աշխատող համակարգը քանդել։
Իսկը փոքրիկ Փանջունու պես, որ ջարդուփշուր անելով անոթը, հորը համոզում է, թե «հայրիկ, շիներ եմ»։
Ըստ իս կասկածից վեր է, որ Փանջունու մերօրյա ժառանգները ՆԶՊ-ն ու ֆիզկուլտը միավորելով՝ վարի կտան և՛ առաջինը, և՛ երկրորդը։ Ինչքան էլ որ պնդեն, թե կատարելագործում են»։