Պիեռ Դյուկանի հանրահայտ սննդակարգը կարող է վտանգավոր լինել առողջության համար, մանավանդ եթե խոսքը գրասենյակում աշխատող մարդկանց մասին է, ինչպես վկայում է նուտրիցիոլոգ Օլգա Դեքերը՝ Սննդաբանների ազգային միությունից։
Ինչպես պատմում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս սննդակարգի օգնությամբ նիհարելը, ըստ փորձագետի, հարմար չէ այն մարդկանց, որոնց աշխատանքը կապված է մտավոր գործունեության հետ, օրինակ՝ նրանց համար, ովքեր աշխատում են գրասենյակներում։ Այսպիսի սննդակարգը նաև հակացուցված է երիկամների կամ լյարդի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, պոդագրայի, հղիության և կրծքով կերակրման դեպքում:
«Սպիտակուցի ավելցուկի պատճառով օրգանիզմում արտադրվում են կետոնային մարմիններ՝ դրանք ճնշում են ախորժակը և հոգնածություն են առաջացնում, բերանից և մարմնից վատ հոտ է գալիս: Միկրոտարրերի և վիտամինների արտահայտված անբավարարությունը հանգեցնում է ոչ միայն արտաքին տեսքի, այլև նյարդային, սրտանոթային և մարսողական համակարգի հետ կապված խնդիրների: Արդյունքում այս ամենը կարող է հորմոնալ խանգարման պատճառ դառնալ»,- ասել է Օլգա Դեքերը:
Նշենք, որ ֆրանսիացի սննդաբան Պիեռ Դյուկանի կողմից մշակված նիհարելու ծրագիրը հիմնված է կետոգենային սննդակարգի վրա: Սննդակարգն առաջարկում է ուտել սպիտակուցների հարուստ պարունակությամբ, ինչպես նաև ճարպերի և ածխաջրերի ցածր պարունակությամբ ուտելիքներ: Բացի այդ, անհրաժեշտ է ամբողջովին հրաժարվել շաքարից և ավելի շատ ջուր խմել: Ենթադրվում է, որ ածխաջրերի անբավարարության պատճառով մարմինը կանցնի սեփական ճարպերի սպառմանը: