Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից:
Ներկայացվող 1986 թվականին հրատարակված քարտեզում պատկերված են Նախիջևանի երկրամասի հայկական պատմական բնակավայրերը և պատմամշակութային հիմնական հուշարձանները: Փաստենք, որ միջնադարյան բարձրարվեստ այդ հուշարձաններից այս պահի դրությամբ ոչ մեկի հետքն էլ անգամ չի մնացել: Նրանք բոլորը ոչնչացվել են 1991 թվականից հետո՝ ադրբեջանական պետության կողմից տարվող մշակութային ցեղասպանության նպատակասլաց քաղաքականության հետևանքով:
Մի հարց, որը շատ կարևոր է. երբ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, պետք է հստակ նշել, թե ինչ սահմանների և որ տարեթվերի մասին է խոսքը: Օրինակ, հայ-ադրբեջանական ներկայիս կոնֆլիկտի պատմությունը, կարծում ենք, անհրաժեշտ է ներկայացնել 1918 թվականից սկսած, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացան և սկսեցին իրենց սահմանները ձևավորել 3 անկախ պետություններ՝ Վրաստանը, Հայաստանը և թյուրքական նորաստեղծ աշխարհագրական միավորը:
Վերջինս, օրինակ, հռչակվեց այդ պահին Օսմանյան Թուրքիայի կանոնավոր զորքերի կողմից օկուպացված Ելիզավետպոլ քաղաքում (ներկայիս Գյանջա): Հենց Ելիզավետպոլի մոտակա շրջաններով հանդերձ էլ այստեղ ստեղծվեց «Ադրբեջան» անունով թյուրքական նոր պետությունը: Նշենք նաև, որ Բաքուն և հարակից շրջաններն այդ պահին ամբողջությամբ գտնվում էին հայկական զորամիավորումների վերահսկողության ներքո:
Իսկ Նախիջևանի երկրամասը և՛ դե-յուրե, և՛ դե-ֆակտո Հայաստանի Առաջին Հանրապետության անբաժան մասն է հանդիսացել մինչև 1920 թվականի աշնանը քեմալա-բոլշևիկյան կոալիցիայի կողմից Հայաստանի ռազմակալումը և անկախության կորուստը: Կարծում ենք, որ կոնկրետ Նախիջևանի հիմնախնդրի վերաբերյալ հիմա հրատապ անհրաժեշտություն կա ստեղծել մի բազմակողմանի իրավաքաղաքական փաթեթ՝ լայն հանրությանը այդ հարցը հնարավորինս իրազեկելու համար: Եվ ընդհանրապես՝ Արցախյան հակամարտության դեռևս չլուծված լինելու պարագայում Նախիջևանի հիմնահարցը մեզ համար պետք է այսուհետ հույժ կարևոր փաստարկ հանդիսանա: