Առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգեր են տեղադրվում: Այն թույլ է տալիս դիտարկել ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Aysor.am-ին տված հարցազրույցում հաստատել է, որ կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով իրենց մասնակցությունն են բերում նաև Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները (ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները – Aysor.am):
– Պարոն Հարությունյան, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ի՞նչ չափով են վերացվել: Ի՞նչ իրավիճակ է, մասնավորապես, Արցախի հյուսիսում:
– Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով գրանցված ուղղակի վնասները վերացվել են կարճ ժամանակահատվածում՝ վերականգնելով ավերված ենթակառուցվածքները, մարդկանց տները, հանրային նշանակության շինությունները և այլն: Մնացել են միայն Թալիշի վնասները, որոնց հանդեպ մեր մոտեցումը այլ է: Այնտեղ այժմ կատարում ենք շինարարական աշխատանքներ՝ թե՛ վնասված որոշ կառույցների վերականգնման, և թե՛ նոր շինությունների կառուցման նպատակով: Մենք ձգտում ենք սահմանամերձ բնակավայրերը ավելի հարմար և գրավիչ դարձնել բնակության համար՝ դրանց զարգացման ծրագրերին ուղղելով զգալի միջոցներ:
– Որքա՞ն գումար է հավաքագրվել կառավարության հատուկ հաշվեհամարին և որքանն է ծախսվել: Ո՞ր ուղղություններով է կատարվել ծախսը:
– Մայիսի 10-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է շուրջ 5 մլրդ 542 մլն դրամ, որը ոչ միայն լրիվությամբ ծախսվել է արդեն, այլ նաև կառավարությունը պետական միջոցներից ևս մի քանի հարյուր միլիոն դրամ է ուղղել այդ ծախսերի իրագործմանը: Ծախսերի հիմնական ուղղությունները ներառել են ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում, ռազմական նշանակության սարքավորումների ձեռքբերում, կապի և տրանսպորտային ծառայությունների ապահովում, կամավորներին ֆինանսական փոխհատուցման տրամադրում և այլն:
– Ի՞նչ ծրագրեր են իրականացվում սահմանային անվտանգության մակարդակի ապահովման և բարձրացման, մասնավորապես, առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ ծրագրում ակտիվ մասնակցություն ունեն Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Ի՞նչ ներդրումներ են նրանք իրականացրել և նմանատիպ ի՞նչ այլ նախաձեռնություններ կան:
– Քանիցս ներկայացրել ենք առաջնագծի ամրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, որոնք իրագործվում են թե՛ պետական և թե՛ բարեգործական միջոցներով: Թեև հսկայական աշխատանք է կատարվել բանակի կենսագործունեության բոլոր ուղղություններում, սակայն տեղեկատվության գաղտնիության պատճառով դրա միայն չնչին մասն ենք հրապարակայնացնում:
Նշեմ, որ գլխավոր ձեռքբերումներից մեկը ողջ առաջնագծի երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգի տեղադրումն է, ինչը զգալիորեն բարձրացրել է սահմանի պաշտպանունակության մակարդակը: Այժմ մեր դիրքապահները ավելի արդյունավետորեն են վերահսկում ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:
Ինչ վերաբերում է այդ աշխատանքների աջակիցներին, ապա պետք է փաստել, որ տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերվել և՛ հատուկ հաշվեհամարին նվիրատվություն կատարելու, և՛ անհատական ծրագրերի տեսքով: Խաչատրյան եղբայրները իրենց մասնակցությունը բերել են այդ գործին կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով: Նրանց աջակցության շնորհիվ կարևոր տեխնիկական միջոցներով համալրվել է առաջնագծի տեսադիտարկման համակարգը, և առաջիկայում էլ սպասում ենք Խաչատրյանների խոստացած նոր ծրագրի իրականացմանը:
Տեղեկացնեմ նաև, որ այդ ձևաչափով այլ անհատներ և խմբեր ևս պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Արցախին, ինչպիսիք, օրինակ, ռուսահայ մի շարք համայնքներ:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով ձեռք են մեկնել և մեկնում իրենց հայրենիքին հատկապես անվտանգության ապահովման գործում: Շատ եմ կարևորում, որ այդ ուշադրությունը և սրտացավությունը շարունակական լինի:
– Ի՞նչ ծրագրեր են իրականացվում 2017-ին տնտեսական աճ ապահովելու համար: Ի՞նչ ծավալի աճ է կանխատեսվում:
– Այսօր բավականին լուրջ քայլեր ենք կատարում՝ նախատեսված միջնաժամկետ ծախսային ծրագրով, որոնք նպատակաուղղված են հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը: Քանի որ նախորդ տասը տարիների ընթացքում գրանցել ենք տարեկան միջինը ավելի քան 9 տոկոս տնտեսական աճ և կարողացել ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, այժմ մենք ավելի բարենպաստ պայմաններ ունենք հետագա զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու: Օրինակ, գրեթե զրոյից զարգացրել ենք հիդրոէներգետիկան, և, արդյունքում, էլեկտրաէներգիա ներմուծող երկրից Արցախն այսօր դարձել է արտահանող երկիր: Զգալի բարեփոխումներ ենք կատարել նաև գյուղատնտեսության ոլորտում, որոնք թույլ են տալիս հիմա ավելի բարձր ցուցանիշների մասին մտածել: Նույնը կարող ենք ասել նաև մնացած բնագավառների մասին:
Արդյունքում, այժմ շարունակվում են մի շարք խոշոր նախագծեր հիդրոէներգետիկայում, գյուղատնտեսությունում, հանքարդյունաբերությունում, որոնք, պլանավորվող այլ նախագծերի հետ միասին, ի վիճակի են ապահովել առնվազն 8 տոկոս տնտեսական աճ ոչ միայն 2017 թվականին, այլ նաև հաջորդ մի քանի տարիներին:
Որպես արդեն միջանկյալ ցուցիչ՝ կարող եմ նշել, որ ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջինը շուրջ 10 տոկոսով աճել են պետբյուջեի մուտքերը:
– Ո՞ր փուլում է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը: Ե՞րբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի:
– Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքների 3-րդ փուլը ընթացքի մեջ է: Ծրագրի իրականացմանն ուղղվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013 և 2014թթ. հեռուստամարաթոնների ընթացքում հավաքված գումարները: Նախորդ տարիներին իրականացվել է շուրջ 120 կիլոմետրանոց ճանապարհի գլխավոր մասի ասֆալտապատումը, բնակավայրերով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր, վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջներ:
Հաշվի առնելով Սոթքի ոլորանների ռելիեֆային բարդ դիրքը՝ այդ հատվածի ասֆալտապատումն իրականացվում է այս տարի. ընդամենը 4,5 կիլոմետր ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն են մնացել, և այժմ այնտեղ կառուցվում են հենապատեր: Աշխատանքները վերջնափուլում են, և ծրագրի ավարտին կունենանք Արցախը Հայաստանին կապող երկրորդ գլխավոր մայրուղին, որը կնպաստի հայկական երկու հանրապետությունների սահմանակից տարածքների տնտեսական զարգացմանը:
– Քանի՞ սիրիահայ է հաստատվել Արցախում: Ի՞նչ է անում կառավարությունը նրանց ինտեգրելու ուղղությամբ:
– Արցախում այժմ բնակվում է շուրջ 30 սիրիահայ ընտանիք, թեև ժամանակին այդ թիվը փոքր-ինչ ավելին էր: Նրանք ստացել են զգալի պետական աջակցություն իրենց բնակարանային պայմանները բարելավելու, սեփական տնտեսություն հիմնելու և զարգացնելու, ինչպես նաև արցախյան միջավայրին ինտեգրվելու այլ ուղղություններում:
Մասնավորապես, բոլոր սիրիահայերին հատկացրել ենք բնակարաններ, հողատարածքներ, սերմնացու, վառելիք, արտոնյալ պայմաններով վարկեր, որպեսզի կարողանան սեփական ապրուստը վաստակել: Սիրիահայ վերաբնակիչներն իրենց հետ բերել են հողամշակման և արհեստագործության նոր մշակույթ, որը դրականորեն է անդրադարձել իրենց նոր միջավայրի վրա: Ուստի, կարող եմ համոզված պնդել, որ նրանք ոչ միայն ինտեգրվել են իրենց նոր սոցիալական միջավայրին, այլ նաև այն ինտեգրել են իրենց: