Երկրաբան-գիտնականները հայտնում են, որ մոտավորապես 5-10 միլիոն տարի հետո տեկտոնական սալերը, որոնք կազմում են Աֆրիկա մայրցամաքը, կբաժանվեն երկու մասի, ինչի արդյունքում հսկայական ճեղքը կլցվի օվկիանոսի ջրով:
Արդեն այսօր Եթովպիայի Աֆար շրջանում նկատվում է արաբական, նուբիական և սոմալիական տեկտոնական սալերի դանդաղ առանձնացում և ընդարձակ անցքի կազմավորում: Գործընթացի սկիզբը նկատվել է 15 տարի առաջ, երբ տարածքում գոյացավ 56 կմ-անոց հսկայական ճեղք:
Նոր օվկիանոսի կազմավորման սկիզբը երկրաբաններին յուրօրինակ հնարավորություն կընձեռի իմանալու, թե ինչպես է կազմավորվում տեկտոնական անցքը: Եվ չնայած որ մայրցամաքային սալերը գտնվում են մշտական շարժման մեջ, գիտնականները մինչ օրս չեն կարողանում հստակորեն հասկանալ վերոնշյալ երեք սալերի բաժանման պատճառը։
Ամենայն հավանականությամբ սկսված ճեղքման պատճառը ընդերքից վեր բարձրացող մագմայի գործադրած ճնշումն է: Արդյոք դա իրական պատճառն է երևույթի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: