Գյումրիի նոր «բնակիչները»․ քաղաքի փողոցներում փայտե մարդուկներ են հայտնվել. factor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյումրիի նոր «բնակիչները»․ քաղաքի փողոցներում փայտե մարդուկներ են հայտնվել. factor.am

Գյումրիի փողոցներում նոր «բնակիչներ» են հայտնվել․ մի քանի օր է՝ քաղաքի տարբեր փողոցները զարդարում են փայտե մարդուկ-տիկնիկները։ Հեղինակը գյումրեցի Աննա Աթոյանն է։ Նախաձեռնությունն ի սկզբանե սեփական փողոցն ու բակը գեղեցկացնելն է եղել, հետո այն ստացել է համաքաղաքային բնույթ։ Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգումից հետո Աննան որոշել է նոր շունչ հաղորդել իր թաղամասին։

«Առաջինը եղել է հաստաբուն ծառերի կողքերը շրջանաձև գունավոր քարերով գունազարդելը։ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցից հետո դա նկատեց, ասաց՝ փոքր բան է, բայց տրամադրություն է փոխում։ Դրանից հետո որոշել էի փայտի հետ կապված հետաքրքրիր բաներ անել։ Այդպես տիկնիկների գաղափարը ծնվեց»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց Աննա Աթոյանը։ Նա նշեց, որ առաջին տիկնիկը տեղադրել է մարտի 1-ին, որից հետո սկսվել է կարանտինն ու նոր տիկնիկների պատրաստումը։ «Հետո, երբ կարանտինը պաշտոնապես հայտարարվեց, մի հատ մարդուկ տեղադրեցի «Մնա տանը» տարբերակով, այդպես էլ սկսվեց տիկնիկների  տարածումը»,- ասաց Աննան։ Փայտե մարդուկներն անտարբեր չեն թողել նաև Գյումրու քաղաքապետարանին։ Կոմունալ բաժնից Աննային հրավիրել ու համագործակցության առաջարկ են արել, և տիկնիկները սկսել են հայտնվել քաղաքի տարբեր փողոցներում։ «Առաջարկեցին ամբողջ քաղաքում տեղադրել, գեղեցկացնել տիկնիկներով, ես էլ ասացի՝ խնդիր չկա։ Առաջարկն ընդունեցի, հիմա իրենց մոտ եմ աշխատում, իրենք են ֆինանսավորում»,- ասաց մեր զրուցակիցը։ Տիկնիկներն առայժմ տեղադրված են քաղաքի պատմական հատվածում՝ Ռուսթավելի, Ջիվանի, Աբովյան և Տիգրան Մեծ փողոցներում։

«Ընդլայնվելու է փողոցների շարքը։ Նստարաններ ենք նաև պատրաստելու, ամեն մեկը կունենա իր բացատրությունը՝ համերաշխության նստարան, զրուցելու նստարան։ Տիկնիկներն էլ կոլորիտային են՝ մեկը մուշուրբայի մոտ ջուր է վերցնում, մեկը ֆռռիկ է խաղում, երկուսը՝ նարդի, նաև դհոլ ու դուդուկ նվագողներ կան։ Տիկնիկները տարաբնույթ են, շատ մտքեր իրականացրել ենք և դեռ անելու ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։

Մարդուկներն էլ արդեն հասցրել են սիրվել գյումրեցիների ու քաղաքի հյուրերի կողմից։ «Ուզում ենք և՛ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել, և՛ մեր քաղաքի բնակչությանը փոխանցել ուրախացնող, դրական տրամադրություն։ Բնակչության շրջանում մեծ արձագանք կա, մարդիկ տեսնելով՝ միանգամից փոխում են դեմքի արտահայտությունը, տիկնիկների հետ շատ են նկարվում»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։ Նա նաև հավելեց, որ քաղաքը գեղեցկացնելու և բնակիչներին ուրախացնելու տարբեր նոր գաղափարներ կան, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։

factor.am