Գյումրիում բացվեց երիտասարդ նկարիչների ցուցահանդես: Նախաձեռնությունն իրականացվել է «Իրական արվեստ» (REAL ART) նախագիծի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործերի մեծ մասը ստեղծվել է համավարակի օրերին՝ ինքնամեկուսացման պայմաններում: Առաջին անգամ Գյումրու պատմության մեջ ցուցահանդեսը կազմակերպվել է բիզնես ոլորտի հետ համատեղ՝ Գյումրիում գործող հյուրանոցներից մեկի սրահներից մեկում՝ հնարավորություն տալով նաև երիտասարդ նկարինչներին վաճառել իրենց գործերը: «Այս ցուցահանդեսը մեր հյուրանոցում կազմակերպելը նպատակ ունի արվեստը հասանելի դարձնել քաղաք այցելած հյուրերին»,- նշեց հյուրանոցի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը:
Ձեռնարկի նպատակն է համախմբել գյումրեցի տաղանդավոր երիտասարդ արվեստագետներին, նրանց համար ապահովել ստեղծագործական միջավայր, վերլուծել աշխատանքները, ներկայացնել հանրության դատին, իրականացնել արվեստագետ-հասարակություն կապը, շարունակական դարձնել օժտված շրջանավարտների հետագա որոնումները արվեստի աշխարհում, մանավանդ որ ավարտելով Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը՝ շրջանավարտներից շատերը դադարում են ստեղծագործել:
«Սրանով «Իրական արվեստ» նախագիծը իրագործում է նաև սոցիալական գործառույթ, դաշտ է ստեղծում երիտասարդ ստեղծագործողների համար: Նկարիչներից յուրաքանչյուրն ունի իր ոճը, ձեռագիրը, կատարողական տեխնիկան: Իրենց հասու արտահայտչամիջոցներով նրանք փորձում են արտահայտել ժամանակակից խնդիրներ: Փորձ է արվում խրախուսել ու պրոպագանդել ավանդական նկարչությունը, որն առավել խոցելի է ու անտեսված մեր օրերում, և որի լավագույն ավանդույթների կրողն է Գյումրին»,- նշում է նախագծի համակարգող, արվեստագետ Արաքս Մարգարյանը:
Արմենուհի Մխոյան