Արցախի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու ԱՀ բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհել։
• Առհասարակ Արթուր Մկրտչյանի հիշատակի առաջ դեռ այն տարիներից դրսևորվել է համապատասխան պետական հարգանք։ Քչերն են այսօր հիշում, որ նրա մահվան օրը ՀՀ-ում հայտարարվել է մեկօրյա սուգ՝ չնայած իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև առկա նախկին կնճռոտ հարցերին։
• Կից ներկայացրածս փաստաթուղթն ասածիս մեկ այլ վկայություն է․ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության պետական կոմիտեի թիվ 141 որոշմամբ (20.01.1993 թ․) դեռ պատերազմակական օրերին Արթուր Մկրտչյանի երեխաներին մինչև 18 տարեկանը նշանակվել է պետական թոշակ։
• Գիտական ճշմարտությունը պահանջում է ասել, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում բարձրագույն պարգևները գրեթե միշտ տրվել են ոչ առանց քաղաքական մոտիվացիայի։ Ասվածը չի նշանակում, որ այդ կոչումներն ունեցողները կամ նրանց մի մասն արժանի չեն ստացածին, պարզապես բացի հարցի «տեխնիկական» կողմից՝ նման որոշումները միշտ ունենում են նաև քաղաքական կողմ։
• Իմ խորին համոզմամբ՝ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահին ԱՀ բարձրագույն կոչում տալու՝ ներկայիս արցախյան վերնախավի քաղաքական մոտիվացիան Արցախի պատմության այդ բախտորոշ շրջանում պետության ղեկավարումն ստանձնած իրական բարձրագույն իշխանության մարմնի՝ Պաշտպանության պետական կոմիտեի վերաբերյալ պատմական հիշողությունից և նրա որոշ անդամների (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) «քաղաքական ժառանգությունից» դիստանցավորվելն է։
• Ինչ վերաբերում է հարցի «տեխնիկական» կողմին, այն է՝ Արթուր Մկրտչյանի պետական գործունեությանը և առհասարակ՝ այդ տարիների արցախյան պետական կյանքին, ապա դրանք կարոտ են ավելի խորքային գիտական հետազոտության, որով, հույս ունեմ, հանդես գալու ապագայում…
Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից