Ավտոստոպը Հայաստանում, կամ տեղական պապուծիի առանձնահատկությունները. evnmag.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ավտոստոպը Հայաստանում, կամ տեղական պապուծիի առանձնահատկությունները. evnmag.com

Հայաստանյան ավտոստոպի առանձնահատկությունների մասին պատմում է փորձառու ճամփորդ Արտյոմ Բաբայանը, որն այս ձևով շրջել է, առանց չափազանցնելու, ամբողջ աշխարհով։

Անվճար 

Ավտոստոպով ճամփորդելը Հայաստանում շատ հեշտ է։ Հաճախ նաև ավելի արագ ու հարմարավետ, քան միջքաղաքային տրանսպորտից օգտվելը։ Եվ դա ուղղակի փրկություն է, եթե մարդաշատ գազելները ձեր ահ ու սարսափն են։ Օրինակ, Երևանից Դիլիջան ավտոստոպով ճամփորդությունը 1,5-2 ժամից երկար շատ հազվադեպ է տևում․ անկախ նրանից, թե քանի հոգով եք ճամփորդում,  շաբաթվա որ օրն եք ճամփա ընկել, կամ օրվա որ ժամին։ Եվ այդ ընթացքում դուք երթևեկում եք հարմարավետ մեքենաներով, հանդիպում և շփվում եք նոր մարդկանց հետ, և, ինչը շատերի համար ավտոստոպով ճամփորդելու №1 պատճառն է, գումար չեք ծախսում։ Այսքանից հետո էլ ո՞վ կուզի գազելով ուղևորվել Ա կետից Բ կետ՝ ստիպված լինելով վայելել «Gazelle №5»-ի անմոռանալի բույրերի փունջը։

Արագ 

Ավտոստոպը Հայաստանում նաև շատ արագ է։ Բանուկ ճանապարհին 5-10 րոպեից ավել չեք սպասում մեքենայի կանգնելուն։ Մեր վարորդներն անգամ եթե չգիտեն, թե ինչ է ավտոստոպը, միևնույն է, կանգնում և օգնում են ճամփորդներին։ Ի դեպ, Հայաստանում ավտոստոպը հաճախ կոչում են մեկ այլ բառով՝«պապուծի» (ռուսերեն “по пути”՝ «նույն ճանապարհով» եզրի հայաֆիկացված տարբերակն է)։

Համեմատության համար, օրինակ, Ռուսաստանում մեկ ժամից ավել մեքենա «որսալը» նորմալ է (իմ անձնական հակառեկորդը 8 ժամ է), իսկ Հայաստանում 15 րոպե սպասելն է արդեն արտասովոր։ Եթե Ռուսաստանում 150 կմ հեռավորությունն ավտոստոպով հատելը ձեզանից առնվազն 4-5 ժամ կպահանջի, Հայաստանում նման ճամփորդությունը կտևի 2,5-3 ժամ, որովհետև մեքենա սպասելուն շատ քիչ ժամանակ եք ծախսում։

Բարի առաքիչ

Մեր երկրում ավտոստոպն ունի մի հետաքրքիր յուրահատկություն, որը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական լանդշաֆտով։ Հայաստանը փոքր երկիր է, և կարող է թվալ, որ մեկ օրում երկրի մի ծայրից մյուսը կհասնեք ավտոստոպով, բայց դա այդպես չէ։ Բավրայից Մեղրի ընդամենը 520 կմ ճանապարհ է, բայց մեկ օրում այդ հեռավորությունը հաղթահարելը գրեթե անհնար է մեր լեռներով անցնող ճանապարհների պատճառով։ Չինաստանում, Ռուսաստանում կամ Իրանում, օրինակ, լուսային օրվա ընթացքում (մինչև մութն ընկնելը) հանգիստ կարող եք 1000 կմ երկարությամբ ճանապարհ հատել միայն մեկ բեռնատարով։

Ի դեպ, եթե երազում եք հսկայական բեռնատար մեքենաներով ճամփորդել, մոռացեք այդ երազանքի մասին, որովհետև Հայաստանում մեծ բեռնատարները գրեթե երբեք չեն կանգնում, ինչը, անկեղծ ասած զարմանալի է։ Հնուց հայտնի փաստ է․ ավտոստոպով ճանապարհորդողի լավագույն ընկերը բեռնատարի վարորդն է։ Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում այդ լավագույն ընկերը վարորդ-առաքիչն է՝ իր բեռնատար գազելով կամ ֆորդով։ Նրանք շատ հաճախ են կանգնում, գրեթե միշտ մենակ են լինում և ունենում են երկար երթուղի, ինչը նրանց ուղղակի իդեալական է դարձնում ավտոստոպի համար։ Մենք կնոջս հետ անգամ հայտնի «Բարի արագիլ» երգն ենք դարձրել մեր ավտոստոպի երգը՝ մի փոքր փոխելով բառերը՝ «բարի առաքիչ»։

Մի կտոր հաց

Երևանից Դիլիջան 1,5 ժամ տևողությամբ ճամփորդությունը ձեզ համար շատ անսպասելի կարող է վերածվել մեկ այլ փորձառության, որովհետև Հայաստանում ավտոստոպով ճամփորդությունը միշտ ուղեկցվում է անկանխատեսելի մի գործոնով, որը կարող է տակնուվրա անել ձեր պլանները։ Այն է՝ հայ մարդու անկեղծ ցանկությունը նոր հանդիպած մեկի հետ սեղան կիսել և ծանոթության կենացը խմել։ Այս ցանկությունն ի հայտ է գալիս շատ անսպասելի, և հաճախ դու ուղղակի չես էլ հասցնում մի բան անել կամ ասել, երբ հանկարծ նկատում ես, որ թեքվեցիք հիմնական ճանապարհից, իսկ քո հարցին, թե ուր ենք գնում, վարորդը հանգիստ պատասխանում է․ «Գնանք տուն, մի կտոր հաց ուտենք իրար հետ, հետո կգնաս»։

Ի վերջո, մենք ուտող-խմող ազգ ենք։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վարորդներն ուղղակի պատրաստ սպասում են, որ իրենց ձեռքը հյուր ընկնի (նշանակություն չունի՝ տեղացի, թե արտասահմանցի)։ Գնում ես Երևանից Թիֆլիս, բայց հանկարծ հայտնվում ես Շնողում՝ գյուղացիներից մեկի տանն ես ճաշում։ Գնում ես Վանաձոր, բայց հայտնվում ես Ապարանի տներից մեկում, ուր քեզ սուրճ և սառը ձմերուկ են հյուրասիրում…

Սա Հայաստանում ավտոստոպով ճամփորդելու փորձառության մի մասն է, գրեթե անբաժան։ Բազմիցս եմ հայտնվել նման իրավիճակներում և եկել եմ երկու եզրակացության․ ա) մենք իրոք հյուրընկալ ազգ ենք, և սա զբոսաշրջիկներին գրավելու համար մարկետինգային հնարք չէ, բ) Հայաստանում ավտոստոպով ճամփորդելը վնասակար է լյարդի համար։

Իրական կյանք 

Ինձ համար ավտոստոպը լավագույն տարբերակն է Հայաստանը և հայերին ներսից ճանաչելու և հասկանալու։ Ճամփորդության այս ձևը հնարավորություն է ընձեռում հայաստանյան կյանքի բազում շերտերի ծանոթանալ, որոնք թաքնված են խորքում, մարդկանց տներում, իրենց առօրյայում։ Սա, օրինակ, հնարավոր չէ, երբ ճամփորդում ես տուրիստական խմբի հետ որևէ ֆիքսված երթուղով։ Ավտոստոպով ճամփորդելիս տեսնում ես կյանքը Հայաստանում այնպիսին, ինչպիսին այն կա իրականում, միգուցե այն պատճառով, որ մարդիկ քեզ չեն ընկալում որպես «տուրիստ» և չեն փորձում ցույց տալ միայն լավն ու դրականը, այլ իրենցից մեկն են քեզ համարում և չեն վախենում անկեղծանալ։ Միգուցե պաթետիկ հնչի, բայց չեմ վախենա ասել․ եթե ուզում եք անկեղծ սիրով սիրահարվել Հայաստանին՝ իրական, անկեղծ, խենթ, բարդ և մի քիչ էլ հարբած, ապա անպայման գոնե մեկ անգամ ճամփորդեք ամբողջ երկրով մեկ ավտոստոպով։

evnmag.com