Սրտի համար օգտակար 6 մթերք
Advertisement 1000 x 90

Սրտի համար օգտակար 6 մթերք

Դիետոլոգ Ֆաթմա Բայսալ Յուսուֆը նշել է մի քանի մթերքներ, որոնք սրտի համար առավել օգտակար են։

Սխտոր

Պարզվում է՝ սիրտ-անոթային համակարգի համար ամենաօգտակար մթերքը սխտորն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դիետոլոգի խոսքով՝ այն դրական է ազդում անոթների վրա և նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել սխտորի մեկ պճեղ։

Ձուկ

Կարծիք կա, որ ձկան և ձկան յուղի կանոնավոր գործածումը խոչընդոտում է թրոմբների առաջացումը, իսկ դրա մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները մեծ հակաօքսիդանտային հատկություններ ունեն։ Մասնագետը խորհուրդ է տալիս գործածել գոլորշու վրա պատրաստած կամ գրիլ ձուկ։

Ընկուզեղեն

Հունական ընկույզը և պնդուկը օմեգա-3 ճարպաթթուներ և Е վիտամին են պարունակում, հայտնի են իրենց հակաօքսիդանտային հատկություններով, ինչպես նաև մագնիումի և բջջանյութի մեծ պարունակությամբ։ Դիետոլոգը խորհուրդ է տալիս շաբաթական մինչև 3 անգամ պնդուկի 6-7 և հունական ընկույզի 2-3 միջուկ ուտել։

Վուշի սերմեր

Վուշի սերմերը նույնպես սրտի համար օգտակար մթերք են համարվում, քանի որ նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել մեկ ճաշի գդալ թարմ աղացած սերմեր։

Հատիկավորների ալյուր

Վարսակի, տարեկանի հատիկավոր ցորենի ալյուրն առողջության համար օգտակար է համարվում դրանց մեջ В և Е վիտամինների պարունակության շնորհիվ։

Կանաչ թեյ

Կանաչ թեյը ևս մեկ օգտակար մթերք է, որը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնում է պոլիֆենոլների պարունակության հաշվին, որոնք հակաօքսիդանտային հատկություններ ունեն։ Մասնագետը խորհուրդ է տալիս այս ըմպելիքով փոխարինել սև թեյը կամ սուրճը։

Մասնագետի խոսքով՝ սրտի և անոթների համար օգտակար են նաև կարմիր խաղողը, լոլիկը և ձմերուկը, որոնք նույնպես օժտված են հակաօքսիդանտային հատկություններով։

med.news.am