Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ` համավարակով պայմանավորված զարգացում է ապրել Հայաստանի ներքին զբոսաշրջությունը, շատերը նորովի են ճանաչել իրենց երկիրը:
Մարզերում կազմակերպվել և կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպաստում են դրան:
Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Արա Խզմալյանն ասաց, որ մենք գնում ենք մեր համայնքներ, այցելում ենք մեր պատմամշակութային վայրերը, և համավարակը ստիպեց մեզ ավելի ուշադիր լինել մեր ներքին ռեսուրսի նկատմամբ, ավելի ուշադիր լինել մեր հայրենակից ստեղծագործողների հանդեպ: «Ընդգծեմ, որ յուրաքանչյուր տարի դրամաշնորհային ծրագրերի պարտադիր պայման է լինելու այն, որ պետական աջակցությամբ իրականացվող նախագծերը մասնակիորեն կամ ամբողջությամբ անցկացվեն նաև մայրաքաղաքից դուրս կա´մ սահմանային համայնքներում, կա´մ այլ բնակավայրերում»,-շեշտեց նա:
Խզմալյանի խոսքով` մարզային համերգները, մշակութային միջոցառումները շատ կարևոր են: «Որպեսզի մարդը կարողանա բացահայտել իր երաժշտական կարողությունները, նա պետք է ծանոթանա մշակութային իրադարձություններին: Մինչև նա չլսի Ֆիլհարմոնիկ նվագախմբին, չլսի ջազ երաժշտություն, չլսի վոկալ, գուցե նա տասնամյակներ շարունակ չիմանա, որ ինքը կոչված է երգելու, նվագելու, չափ տալու համար: Այսինքն՝ յուրաքանչյուր մշակութային միջոցառում կարևոր է: Վստահեցնում եմ, որ կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք առաջին անգամ են լսում «օպերա» բառը, առաջին անգամ են դիրիժորի տեսնում, տեսնում թավջութակ: Եթե մենք անգամ կրթական հատուկ ծրագրեր չմշակենք, երաժշտական խմբերի ներկայությունը համայնքներում ունի հսկայական կրթական և մշակութային ներգործություն»,-ասաց Խզմալյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է երկու կրթական ծրագրեր ներկայացնել Տավուշում: Փոխնախարարը չցանկացավ բացել փակագծերը` շեշտելով, որ այդ կրթական ծրագրերը կգան ամրապնդելու համայնքների հետագա պրոֆեսիոնալ մշակութային գործունեությունը: