Իր վերադարձի ու Գյումրիում թանգարան ունենալու մասին հրապարակումներն անակնկալի են բերել աշխարհահռչակ արվեստագետ, գյումրեցի Էմիլ Գազազին ու նրա կնոջը, որը նաև իր պաշտոնական ներկայացուցիչն է:
«Մանէ Գազազը, նույն ինքը Monet Kazaz-ն արդեն 15 տարի է` իմ միակ պաշտոնական ներկայացուցիչն է աշխարհում և «Գազազ գալերիի» տնօրենը: Գյումրու քաղաքապետարանում որպես ներկայացուցիչ հանդես եկած Գայանեն ինքնակոչ հայտարարություններ է արել, որի իրավունքը չունի և չի ունեցել երբևէ: Այդ կնոջը լավ չգիտեմ, իմ կողմից ոչ մի թույլտվություն չունի գործարք անելու կամ իմ անունից որոշում կայացնելու»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էմիլ Գազազը:
Բանն այն է, որ Գյումրու ավագանին սեպտեմբերի 8-ին կայացած նիստում հաստատեց «Կումայրի» պատմական միջուկում գտնվող Ջիվանի 50 հասցեի կառույցներից մեկը հատկացնել աշխարհահռչակ արվեստագետ, գյումրեցի Էմիլ Գազազին՝ ցուցադրելու իր արվեստի բացառիկ նմուշները:
Հավելենք, որ Գյումրու ավագանին տարածքը հատկացրել է ոչ թե անձամբ արվեստագետին, այլ «ԿԱԼԳ» ընկերությանը, որը նախաձեռնել է այդ աշխատանքները, ավելին` ավագանու նիստին ոմն Գայանե Կարապետյան ներկայացել է որպես Գազազի ներկայացուցիչ և այդ ընկերության անդամ, համոզիչ կերպով խոսել արվեստագետի՝ Գյումրի վերադառնալու ցանկության մասին ու հավելել, որ հատկացված տարածքի վերանորոգման ծախսերն իրենք կհոգան:
Գայանե Կարապետյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին խոստացել է այդ աշխատանքներն ավարտին հասցնել մինչև դեկտեմբերի 8–ը:
«Ինչպե՞ս կարող էին այդպիսի քայլեր կատարել ու ոչ մի փաստաթուղթ չստուգել: Ստացվում է` ցանկացած մարդ կարող է գալ ու ինքնակոչ ներկայանալ որպես Գազազի ներկայացուցիչ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Էմիլ Գազազը:
Գազազը ցավով նշեց, որ ավագանու դրական կարծիքը ստանալու համար Գայանեն շահարկել է իր` հայրենիք վերադառնալու նուրբ հարցը, մինչդեռ ոչ մի նման խոսակցություն ու քննարկում չի եղել:
Նշենք, որ Գայանե Կարապետյանի մոտ են արվեստագետի 50 աշխատանք։ Գազազն ասաց, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին Academia Galleryic-ից 41 գործ իր աղջկա միջամտությամբ է Գայանեն տեղափոխել Գյումրի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am