Կոտայք հասած ԱԹՍ-ներն հետախուզական էին, հետևաբար, Ադրբեջանը մեր տեխնիկայի ու զորաշարժերն է ֆիքսել. Կարեն Վրթանեսյան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Կոտայք հասած ԱԹՍ-ներն հետախուզական էին, հետևաբար, Ադրբեջանը մեր տեխնիկայի ու զորաշարժերն է ֆիքսել. Կարեն Վրթանեսյան. armdaily.am

Պետք է հասկանալ, որ մենք պատերազմում ենք, արդեն պաշտոնապես ռազմական դրություն է հայտարարված Հայաստանում, Ադրբեջանն էլ իր հերթին է հայտարարել ռազմական դրություն, իսկ Թուրքիան էլ անթաքույց հայտարարել է, որ ամեն հարցով Ադրբեջանի կողքն է, եթե դա թարգմանենք նորմալ լեզվի՝ նշանակում է, որ Թուրքիան էլ է հայտարարում, որ մասնակցում է ռազմական գործողությունների։ Այս իրավիճակում հավատացնում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով նախօրեին՝ Կոտայքի մարզում հայկական ՀՕՊ-ի կողմից խոցված ԱԹՍ-ներին։

Նա ընդգծեց, որ պետք է հասկանալ, որ պատերազմ է և ինչ-որ բաներ հնարավոր են նաև նախկինում ապահով թվացող տարածքում։ «Սա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք, նշանակում է, որ պետք է պատրաստ լինենք ու, կարծում եմ, հիմա շատ բան ունի ասելու, շատ բան ունի անելու Հայաստանի ԱԻՆ-ը՝ քաղպաշտպանության մասով»։

Վրթանեսյանի դիտարկմամբ՝ Կոտայք հասած ԱԹՍ-ներն հետախուզական էին, հետևաբար, Ադրբեջանը մեր տեխնիկայի ու զորաշարժերն են ֆիքսել։ «Սրա հետ կապված, քանի որ թշնամին մինչև Երևան փորձում է հետախուզական միջոցներ է ուղարկել՝ հորդորում եմ, մեր քաղաքացիներին որևէ ռազմական տեխնիկայի, զինուժի որևէ տեղաշարժ չնկարել, առավել ևս դրանք համացանցով որևէ մեկին չուղակել, այն վտանգում է մեր տղերքի կյանքը, ովքեր այսօր հայկական պետության ապագան են պաշտպանում իրենց կյանքերի գնով։ Եկեք, ի վերջո, հիշենք, որ մենք թշնամի -թշնամի ասելով միայն Ադրբեջանի կողմն ենք նայում, բայց Նախիջևանի սահմանից մինչև Երևան ընդամենը 60 կմ է, Թուրքիայի սահմանից մինչև Երևան էլ ավելի քիչ տարածություն կա։ Էլի եմ ասում՝ մենք պետք է հասկանանք, որ պատերազմը այստեղ է։ Շատ վաղուց, դեռ 2010-11 թթ-ին ես մարդկանց բացատրում էի, որ Երևանի կենտրոնի ամենաճոխ սրճարանից մինչև ռազմաճակատի գիծ՝ մինչև Նախիջևանի առաջնագիծ՝ ընդամենը 1 ժամվա ավտոմեքենայի ճանապարհ է, այդքան մոտ է պատերազմը։ Պարզապես Հայաստանում երբեք այդ ընկալումը, որ մենք շատ մոտ ենք պատերազմին՝ երբեք չի եղել։ Ինչ որ պահերի, երբ իրավիճակը լարվում էր, բոլորը ոգևորվում էին, լարվում էին, սակայն հետո անցնում էր ու միանգամից մոռացվում։ Այն մարդիկ, ովքեր էլ խոսում էին պատերազմի վտանգի մասին՝ մեղադրում էին, որ խուճապ են տարածում, անվանում էին ռազմահայրենասեր շիզոֆրենիկ։ Դե հիմա՝ այդ ամենը հիմա կատարվում է»։

Վրթանեսյանն ասաց, որ պետք է հասկանալ, որ այս իրավիճակում ու տարածաշրջանում որևէ զարմանալի ու անհավանական բան այն ամենում, ինչ հիմա կատարվում է՝ չկա։ «Դա պետք է հասկանալ, ու ըստ այդմ ապրել, աշխատել, մոբիլիզացվել, քանի որ առանց չափազանցնելու՝ կենաց մահու կռիվ է, ու սա պաթոս չէ, մենք հերթական անգամ պետք է ապացուցենք, որ պետություն ունենալու իրավունք ունենք»։

Անդրադառնալով պատերազմական գործողություններին ավարտի կանխատեսումներին՝ նա նշեց, որ իր կանխատեսումներն իրատեսական են։

«Իհակե, կարող է արտաքին ուժերի միջամտությամբ ստոպ տրվի գործողություններին։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ, ծանր գործողությունների, որը կարող է ամիսներ տևել։ Միաժամանակ, պետք է հասկանալ, որ եթե հիմա կտրուկ կանգնեցվի այս ամենը, ապա որևէ երաշխիք չկա, որ 2-3 տարի անց թշնամին նորից չի փորձի ինչ-որ արկածախնդրություն անել, ըստ էության, Ապրիլյանի եզրափակման աշխատանքը չավարտվեց դիվանագիտական դաշտում, որովհետև, հասկանալի պատճառներով մեր ներքաղաքական զարգացումները հնարավորություն տվեցին Ադրրբեջանում ճնշումներին, որոնք կային Ապրիլյանից հետո և հնարավորություն տվեցին խուսանավել՝ նրանք թև առան, իրենց ինչ-որ բաներ սկսեց թվալ, որ կարող են հիմա արկածախնդրություն սկսել կորոնավիրուսի, մեր ներքին հարցերի, տարաձայնությունների ֆոնին, իրենց թվաց, որ կարող են արագ ու լուրջ ձեռքբերումներ ունենալ, սակայն սխալվեցին։ Բայց եթե իրենց մեջքը՝ որպես ռազմական ուժ հիմա չկոտրվի՝ որևէ երաշխիք չկա, որ 2-5 տարի հետո ինչ-որ առիթով իրենք չեն դիմի գուցե մայիսյան, գուցե դեկտեմբերյան հերթական պատերազմի»,-ընդգծեց Վրթանեսյանը։

armdaily.am



Նման նյութեր