Որոշ դեպքերում բիզնեսն ինքն է արդեն վաղուց դիմել այդ քայլին։ Մյուս դեպքերում, օրինակ, թեթև արդյունաբերության հարցում, բիզնեսին օգնել է պետք, այլ ոչ թե մեջբերել շուկայական տնտեսության փաստարկը։ Տեղի արդյունաբերությունը դրանից միայն կշահի։
Հայաստանը վերջապես ուզում է ազատվել թուրքական ապրանքներից։ Դա անելը հեշտ չէ, բայց հնարավոր է։ Թեև այստեղ առանցքային բառը «վերջապեսն» է, քանի որ գործընթացը կարելի էր սկսել 20 կամ թեկուզ 10 տարի առաջ։
Հայաստանը Թուրքիայից ներկրում է իր ներմուծման ընդհանուր ծավալի 5%–ից մի փոքր պակաս (2019 թվականի տվյալներով` 4,8%)։ Պարենամթերքից հիմնականում միրգ է ներմուծվում (մասնավորապես` ցիտրուսայիններ)։ Ամենաշատը ոչ պարենային ապրանքներն են` գործվածքներ, հագուստ և կոշիկ, պլաստմասե արտադրանք, օծանելիք և լվացող միջոցներ։
Տարեկան Հայաստանը 250-270 մլն դոլարի թուրքական ապրանքներ է ձեռք բերում։ Վերջին 15 տարվա ընթացքում այդ թիվը կազմել է ավելի քան 2.8 մլրդ դոլար։
Հայաստանի կառավարության հայտարարած արգելքն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 31-ից` ժամանակ տալու համար խանութներին և առևտրի ցանցերին վաճառելու այն, ինչն արդեն ներմուծվել է։
Պետք է ուշադրություն դարձնել, որ թուրքական ապրանքներ օգտագործվում են նաև արդյունաբերության որոշ ոլորտներում։ Այդ իսկ պատճառով կարևոր է հագուստ, կոշիկ և կաշի (Հայաստանում նաև կաշվի գործարան կա) արտադրողների համար նոր մատակարարներ գտնել։
Որոշ դեպքերում դա հնարավոր է դարձել, որոշներում` դեռ ոչ։ Սակայն երկու դեպքում էլ եզրակացությունը նույնն է. ամեն ինչ կստացվի, բայց ոչ մեկ օրում։
«Մարսվող» պատմություն
Կաթնամթերքի գործարաններն ու թռչնաբուծական ֆաբրիկաները մի քանի տարվա ընթացքում ինքնուրույն ձեռբերումներ գրանցեցին` առանց ազդակների սպասելու։
5-10 տարի առաջ Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաները տարեկան հարյուր հազարավոր դոլարների ածան ճտեր Թուրքիայից էին գնում (ամբողջ ներմուծման 10-15%–ը)։ Այսօր դրանից ամբողջությամբ հրաժարվել են։ Իհարկե, Հայաստանի ընդանուր արտաքին առևտրում դրանք շատ մեծ գումարներ չեն։ Սակայն հարցն այլ է. Հայաստանում սեփական ածան հավեր չեն բուծում` գնելով արտերկրից։ Եթե այդ օղակը դուրս ընկնի, կփլուզվի ողջ արտադրական շղթան։
«Մեր թռչնաբույծները դա հասկանում էին, այդ պատճառով ժամանակի ընթացքում մենք այլ մատակարարներ գտանք, որպեսզի նույնիսկ այդ 10-15% զրոյացնենք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Նմանատիպ ձեռքբերում գրանցեցին նաև կաթնամթերք արտադրող գործարանները։ 10-15 տարի առաջ պանրի արտադրության համար նրանք Թուրքիայից էին շրդանային մակարդ գնում։ Այստեղ էլ էր փոքր օղակից կախված ամբողջ շղթան։
Ընդ որում զուտ շուկայական օրենքների համաձայն թուրքական ապրանքն ավելի շահավետ էր. իրենց որակով մակարդներն ավելի մոտ էին եվրոպականներին, բայց ավելի մատչելի էին։ Բայց դրանցից այնուամենայնիվ հրաժարվեցին և չտուժեցին. և՛ մատակարարներ գտան, և՛ նրանցից բավական մատչելի գներ ստացան։ Իսկ այսօր պանրի արտադրության համար մակարդ հենց Հայաստանում են ստանում։
Ճիշտ նույնկերպ կաթնամթերք արտադրողները ակտիվորեն պաստերիզացման սարքավորումների այլընտրանքային մատակարարներ են փնտրում (և գտնում)` և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից (այդ թվում բարեկամական Հունաստանից)։
Օրինակները դեռ շատ չեն, բայց հաջող են։ Թեպետ երկու դեպքում էլ բիզնեսն իր առջև խնդիր էր դրել և լուծում էր այն մի քանի տարի։ Իսկ ահա հագուստի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է։ Այդ մասին է արդեն հաջորդ պատմությունը` «չմարսվողը»։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am