«Սթրեսից դուրս գալու երկու միջոց կա` խմիչքն ու սեքսը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սթրեսից դուրս գալու երկու միջոց կա` խմիչքն ու սեքսը»

Բոլոր այն կանայք, ովքեր շփվել են Երևանի Պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար Գեորգի Պողոսյանի հետ (նա առավել հայտնի է որպես Գեորգի Կիմիչ), գիտեն, որ ոչ միայն նրանից կարելի է ստանալ իրենց առողջությանը վերաբերող հարցերի պատասխանները, այլև նրան հնարավոր է վստահել բոլոր կարգի ներընտանեկան խնդիրները և ստանալ ճիշտ խորհուրդներ: Ավելին, նրան կարելի է տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանները գիտի միայն ինքը: Սակայն այսօր այդ օրը չէ: Քանի որ Գեորգի Կիմիչի աշխատասենյակի մոտ միշտ կանանց մեծ հերթեր են լինում, իսկ հերթ կանգնած կանայք պատրաստ են պոկել առանց հերթի Գեորգի Պողոսյանի մոտ մտնել ցանկացող յուրաքանչյուր կնոջ մազերը, հետևաբար, մինչև նրա մոտ մտնելը, ստիպված էի համբերատար սպասել իմ հերթին: Իսկ այդ ընթացքում գինեկոլոգի մոտ եկած կանայք ինչե՜ր չեն խոսում… Նրանց զրույցների անմիջական տպավորությամբ էլ մտա բժշկի աշխատասենյակ:

 

– Գեորգի Կիմիչ, ձեր աշխատասենյակի նախասրահում նստած կանայք դժգոհում էին, որ հայ տղամարդիկ դարձել են ագրեսիվ: Ամառ է, և փորձիր շոգից պաշտպանվելու նպատակով բացել մարմնիդ այս կամ այն մասը, տղամարդիկ այնպիսի՜ հայացքով են նայում, որ թվում է` հիմա ուր որ է՝ կհարձակվեն:

– Ասացեք ինքնե՛րդ, քաղցած մարդը կարո՞ղ է հասարակության համար վտանգ ներկայացնել: Բնականաբար, այո: Այն տղամարդիկ էլ, որոնք իրենց բնական կյանքի ընթացքում չեն ունենում սեքսուալ նորմալ, կանոնավոր կյանք, դառնում են ագրեսիվ: Հիմա բարդ է ասել` այդ տղամարդիկ ինչո՞ւ են այդքան վատանում` թեթև հագնված կանանց տեսնելիս: Մենք շատ հաճախ շփոթում ենք երկու տարբեր հասկացություններ` սեքսուալ նորմալ կյանքը և սեքսուալ խախտումները: Բարդ է գտնել դրանց սահմանը: Հետո, կարծիք կազմելու համար պետք է տեսնել նաև դժգոհող կանանց և նրանց հագուստի բացվածքը:

– Ձեր մասնագիտության տեր մարդիկ՝ գինեկոլոգները, որոնք ամեն օր շփվում են մարդկանց առողջության հետ, ամեն օր տեսնում են նոր սկսվող կյանք, ընդունում են ծնունդներ, հաճախ` մահեր, նրանց համար կյանքը մի տեսակ չի՞ կորցնում ընկալումների սրությունը: Ես հիշում եմ դեպք, երբ ծննդաբերության գնացող մի կնոջ մանկաբարձ-բժիշկն ասաց` մի՛ մտածեք, այս ամենը դատարկ բան է, «չիպուխա»:

– Երբ բժիշկն ասել է, թե ծննդաբերությունը դատարկ բան է, ասել է նրա համար, որ կինը հեշտ տանի ծննդաբերությունը: Մենք նույն ձևի մարդիկ ենք, մեզ համար էլ ցավը ցավ է: Ինձ հաճախ թվում է, որ բժշկության մեջ ցավազրկումն արվում է ոչ թե նրա համար, որ հիվանդը քիչ տանջվի, այլ, որ բժիշկը քիչ տանջվի: Որովհետև, երբ դու ցավ ես պատճառում մարդուն, դա քո վրա շատ ծանր է նստում: Եթե մարդը առողջ է, այսինքն` սադիստ չէ, իրեն շատ դժվար է դիմացի` անգամ անծանոթ մարդուն ցավ պատճառել: Ցավ պատճառելը մարդուն բնորոշ բան չէ: Ես, հասկանալի է, կատակ եմ անում, որ ցավազրկողը բժիշկների համար է (թեև չի բացառվում): Բայց ոչ մի բանը մեզ համար «չիպուխա» չի, որովհետև մենք ավելի ծանր ենք տանում պացիենտի պրոբլեմը, քան հաճախ՝ ինքն ու իր հարազատները, քանի որ հաճախ խնդրի բարդությունը մենք զգում ենք, իրենք` ոչ:

– Դա՞ է պատճառը, որ հաճախ բժիշկները, հատկապես՝ վիրաբույժները, ալկոհոլ շատ են օգտագործում:

– Գիտեք, գուցե ինչ-որ տեղ կարող է և պատահել: Բայց ես արդեն շատ վաղուց չեմ տեսել ալկոհոլիկ վիրաբույժի: Մեզ մոտ մի շատ հայտնի վիրաբույժ կար (ազգանունը չեմ ուզում տալ` էթիկայի կանոններից ելնելով), գնացել էր Մոսկվա` ալկոհոլիզմից բուժվելու: Դե՛, մեր վիրաբույժը բժշկին ներկայացել էր հնարավորինս պատշաճ` կապել էր ժամացույցը, փողկապը, հագել էր իր ամենաթարմ կոստյումը և այլն, և այլն: Բժիշկը հարցնում է` դո՞ւք եք եկել ալկոհոլիզմից բուժվելու: « Այո՛»: Այդ ժամանակ ռուս բժիշկը խնդրեց իր հայ պացիենտին սպասել և սենյակ բերեց մի ռուս ալկոհոլիկ մուժիկի` կեղտոտ, պատառոտված հագուստով, կարմիր քթով, անթրաշ, և ասաց` ալկոհոլիկը սա է, որ մինչև կինը գնացել է խանութ` հացի, ինքը քանդել է պարկետը, վաճառել, օղի առել և հարբել, իսկ ձեր ձեռքին կա ժամացույց, հագուստն էլ նոր է: Գնացե՛ք տուն և մինչև բանը չհասնի պարկետը վաճառելուն, չգաք ալկոհոլիզմից բուժվելու: Սա, հասկանալի է, կատակով է ասվել, բայց ասեմ ձեզ մի բան` սթրեսից դուրս գալու լավագույն միջոցներն են սեքսն ու խմիչքը: Պարզապես, պետք չէ չարաշահել ոչ սեքսը, ոչ խմիչքը: Պետք է ընտրել ոսկե միջինը:

– Դուք, մասնագիտության բերումով, անընդհատ գործ ունեք կանանց հետ: Կնոջ մեջ ոչ մի փակ, գաղտնի բան չկա ձեզ համար ո՛չ ֆիզիոլոգիական առումով, ո՛չ կնոջ հոգեբանությունը հասկանալու: Որքանո՞վ է հեշտ աշխատանքից դուրս, կյանքում շփվել կանանց հետ. արդյոք նրանք ձեզ համար չափազանց կանխատեսելի ու անհետաքրքիր չե՞ն:

– Ես ձեզ մի բան ասեմ. ես խաբում եմ պետությանը, ես ձև եմ անում, թե ես կանանց ճանաչում եմ: Իրականում թող ոչ ոք այդպիսի բան չասի: Կանայք անկանխատեսելի են, պրոգնոզը կանանց նկատմամբ իսկական ապուշություն է: Ինչ վերաբերում է նրան, որ կանայք ամբողջովին բաց են ինձ համար, այո, մեկ-մեկ կարոտում ես հագնված կանանց: Բայց պետք է ձեզ ասեմ, որ ոչ մի տղամարդ կնոջը մինչև վերջ չի կարող հասկանալ: Կանայք հոյակապ հասկանում են տղամարդկանց: Դուք մեզ համար շատ անհասկանալի եք, ձեր վարքը շատ դեպքերում անկանխատեսելի է, ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող: Գիտեք, մի հայտնի պատմություն կա, երբ մի կնոջ կասկածում են սպանության մեջ, և հարցաքննության ընթացքում էլ ամեն ինչ խոսում էր այն բանի օգտին, որ հանցագործն իրո՛ք այդ կինն է. հարցերին նյարդային էր պատասխանում, ջղաձիգ շարժումներ էր անում: Հետո պարզվեց, որ հանցագործն ամենևին էլ այդ կինը չէր: Պարզապես նա հարցաքննությունից առաջ նյարդային վիճակում էր և չէր կարողացել շրթներկը կոկիկ քսել, և տգեղ ու թափթփված երևալու կոմպլեքսից հանցագործին բնորոշ գրգռված, նյարդային վարք էր ցուցաբերում: Ես և ընկերս, երբ շատ երիտասարդ էինք, 8-րդ հիվանդանոցում աշխատում էինք որպես ֆելդշերներ (բուժակներ): Ընկերոջս հայրն այդ հիվանդանոցի հայտնի պրոֆեսոր Մալխասյանն էր: Մենք էլ պրակտիկա ձեռք բերելու նպատակով, արդեն ասացի, այդ հիվանդանոցում էինք լինում: Եվ մի օր ավտովթարից տուժած և շատ ծանր վիճակում գտնվող մի կնոջ բերեցին հիվանդանոց: Կրկնում եմ, վիճակը շատ ծանր էր, գիտակցություն չկար: Հագին շատ գեղեցիկ շոր էր, իսկ այն ժամանակ (դա 70-ական թվականներն էին) գեղեցիկ հագուստ ձեռք բերելը շատ բարդ ու լուրջ գործ էր: Հիմա, իրեն օգնություն ցույց տալու համար պետք է հագուստը հանեինք: Ընկերոջս` Անդրեյին, ասացի` արի մկրատով կտրենք շորը, որ հանելիս կինը ցավային շոկի մեջ չընկնի: Իմ խոսքերից հետո այս կինն աչքերը բացեց, ասաց` «մի րոպե»: Ջարդված, փշրված վիճակում էր ինքը, բայց զգուշությամբ հանեց իր շորը, այն կոկիկ ծալեց, պառկեց ու… մեռավ: Ա՛յ ձեզ` կանայք: Հասկանում եք, չէ՞, ինքը կոմայից դուրս եկավ` հանուն իր հագուստի ամբողջականության, որ հանկարծ մենք այն չփչացնենք, հանեց այդ շորն ու, քանի որ ողջ ուժերը ծախսել էր այդ գործողության վրա, ուժերը նրան լքեցին, ու նա մահացավ: Այնպես որ, կանայք անչափ անկանխատեսելի են: Եվ այն տղամարդը, ով կփորձի գլուխ գովել ու ասել` ես գիտեմ, ճանաչում եմ կամ հասկանում եմ կանանց, չհավատաք:

– Երբ կանանց կամ տղամարդկանց արարքն ինչ-որ մի տարիքում սկսում է չհամապատասխանել արտաքին ազդակներին, ընդունված է շեշտել, որ, դե՛, 40-50 տարեկանում կլիմաքսային շրջանն է և տարօրինակ վարքն այդ շրջանում տրամաբանության շրջանակում է: Ի՞նչ եք կարծում, իրենց տարիքի ֆիզիոլոգիան ճիշտ ընկալելու, տարիքին ադեկվատ գործողություններ, էմոցիաներ ունենալու պատրա՞ստ են մեր հայ կանայք և տղամարդիկ:

– Ո՛չ: Բանն այն է, որ կլիմաքսն ավելի շատ վնասում է կանանց, քան տղամարդկանց: Կանանց մոտ կան ցիկլիկ արտահայտություններ, կանանց մոտ կա այնպիսի քարացած մտածելակերպ, որ եթե դաշտանն ավարտվեց, ինքն արդեն կին չէ: Բայց դա այդպես չէ: Պետք է ձեզ ասեմ, որ ողջ աշխարհում ընդունված է դեղորայք, որը հանում է կլիմաքսային շրջանում այդ դեպրեսիվ երևույթները, թույլ չի տալիս, որ ոսկորները շուտ ջարդվեն (կլիմաքսի շրջանում կանանց մոտ կալցիումի պակաս է լինում), նյարդային վիճակից է հանում: Մեր հայ կանայք այդ դեղորայքը չեն օգտագործում: Հատուկենտ դեպքերում կգան ու կասեն` դե լավ, կլիմաքս է, պետք է համակերպվենք: Հայ կանայք, ընդհանրապես, շատ համբերատար են ու անտարբեր իրենց առողջության հանդեպ այնքան ժամանակ, քանի դեռ բանը բանից չի անցել: Պարզ է, որ մեռնելու ենք բոլորս, ոչ ոք անվերջ չի ապրելու, բայց կյանքի որակն ունի շատ մեծ նշանակություն: Դու լա՞վ ես ապրում, թե՞ վատ ես ապրում: Հայ կանայք շատ հաճախ չեն գալիս բժշկի մոտ` մտածելով, որ դա ավելորդ ծախս է, ավելի լավ է խնայեն այդ գումարը, տան, երեխաների վրա կծախսեն, ամուսնու համար մի վերնաշապիկ կառնեն: Ինչ-ինչ, բայց մի բան ակնհայտ է` կանայք տան սյունն են: Եվ եթե առողջությունը սկսում է վատանալ, ի՞նչ է անում հայ կինը. նա շալը փաթաթում է մեջքին (գիտեք, նեղ օրվա համար բոլոր իրենց հարգող կանայք ունեն նման ծակ շալեր և լեգենդներ են պատմում, որ այդ քձձված ու հին շալը պահում են, չեն շպրտում, քանի որ այն մեր օրեր է հասել իրենց տատիկի տատիկից և, որ դա Նիկոլայ Երկրորդի ամենասիրելի շնիկի մազերից գործած շալ է): Մի խոսքով, կապում են այդ շալը, հագնում են գուլպաները (ի դեպ, երբ հայ կանայք հիվանդանում են, կարծում են, որ իրենց ոտքերն ավելի տաք կպահի հենց ծա՛կ բրդե գուլպան), սկսում տնքտնքալով շարժվել, շարունակում են իրենց գործն անել` համակերպվելով վիճակին: Չի՛ կարելի այդպես վերաբերվել սեփական անձին, և նման վարքի դեմ առաջինը պետք է ըմբոստանան իրենց տղամարդիկ: Ամուսինները պետք է ստիպեն, որ իրենց կանայք հետևեն իրենց, որովհետև, հարգելի՛ տղամարդիկ, դիմում եմ ձեզ, մեր կյանքի որակը, հաջողությունը, երջանկությունն ու բարեկեցությունը կախված է մեր կանանցից: Երբ կանայք հիվանդ են, կյանքը դառնում է դժգույն, դժվար, տխուր, երբ քեզ համար շատ հարազատ մարդն անընդհատ բողոքում է ցավից, երբ նրա դեմքի արտահայտությունը տխուր է ու հիվանդ, տղամարդը պետք է փորձի անել այնպես, որ կինը ժպտա, սիրուն լինի, նորից կոսմետիկա օգտագործի, կոկիկ հագնվի ու գնա թատրոն, ռեստորան, և ոչ թե ամուսինը պետք է անտեսի ու ասի` չգիտեմ, կանանց գործերից գլուխ չեմ հանում, արա` ինչ ուզում ես, գնա Գեորգի Կիմիչի մոտ, թող քեզ բուժի:

– Գեորգի Կիմիչ, վերջերս մի հետազոտություն էր հրապարակվել, ուր ասվում էր, թե հայ ընտանիքներում թե՛ երիտասարդ ամուսինները, թե՛ ավելի տարեցները նախընտրում են սեռական կյանքը ոչ թե իրենց կողակցի, այլ երրորդ մեկի հետ, հետևաբար դա է այն գաղտնի պատճառը, որի հետևանքով շատ են բաժանությունները: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

– Ես համաձայն եմ, որ սեռական կյանքն ընտանիքում փոխհարաբերություններն ավելի լիարժեք, ամբողջական է դարձնում: Ասեմ, որ տղամարդուն շատ հեշտ է վանել, առաջացնել դիստանցիա, եթե կինն իրեն չի հետևում, եղունգները խնամված չեն, կնոջ վրայից հոտեր են գալիս: Խնդրում եմ, մի՛ ծիծաղեք, մեկ-մեկ կանանցից էնպիսի հոտեր են գալիս, որ ես զարմանում եմ, թե ինչպես են իրենց տղամարդիկ իրենց նույնիսկ բարևում, էլ չեմ խոսում` նույն անկողին մտնելու մասին: Քրտինքի հոտ է գալիս, իրենց չեն հետևում, չեն լողանում: Հայերի մոտ շատ ընդունված է` հենց մի բան է լինում, սկսում են չլողանալ: Հղիացավ, վե՛րջ, չի լողանում: Բժիշկը քիթը բռնած` չգիտի` ի՞նչ անի: Ի՞նչ ասեմ էլ. Չիլիում երկրաշարժ եղավ, վերջ, բոլոր հայերը սկսում են չլողանալ: Թե ինչո՞ւ, չգիտեմ, չեմ հասկանում: Չեմ ասում` տաք ցնցուղը վերցրեք ու պահեք ձեր փորին, հարգելի հղիներ: Այդպես կվիժեք, բայց լողանալը հիգիենայի, կուլտուրայի նշան է: Ի վերջո, ձեր ամուսիններն ինչո՞ւ են գնում այլ կանանց մոտ, գոնե մեկ-մեկ չե՞ք մտածում: Չէ՞ որ հիմնականում մեղադրում են ամուսիններին, բայց մեկ-մեկ հետադարձ հայացքով նայեք ձեզ, նայեք՝ ինչպես եք հագնվում, ինչպես եք շփվում ձեր ամուսինների հետ: Հետո, գիտե՞ք ինչ կա, եթե ձեր ամուսինները սկսում են իրենց այնպես չդրսևորել, նրանց պետք է հասկացնել, որ եթե նրանք սկսեն ձեզ վրա փող տնտեսել և հագուստ չառնել, դա կարող է ձեզ համար անել մեկ այլ տղամարդ: Պետք է միշտ լինել գրավիչ, ինչպես առաջին հանդիպման համար: Եթե այն ժամանակ ձեզ համար կարևոր էր յուրաքանչյուր համբույրը, պետք է անել այնպես, որ տղամարդկանց մոտ այդ զգացմունքները պահպանվեն անընդհատ: Բայց կենցաղը շատ հաճախ անում է իրենը, սպանում է այդ ցանկությունը, հետևաբար, կանայք` իրենց տարիքին զուգահեռ, պետք է ավելի շատ ուժ ու եռանդ դնեն իրենց արտաքինի մեջ։ Սա չի նշանակում, որ 50 տարեկանում կինը պետք է բրիջ հագնի և մազերը ներկի պլպլան կարմիր:

– Գեորգի Կիմիչ, դուք պարբերաբար հայտնվում եք ինչ-որ հեռուստահաղորդումների` ձեր շատ գեղեցիկ կնոջ և բալիկի հետ, չեք բարդույթավորվում ոչնչից, կարող եք ի տես բոլորի` համբուրվել ձեր կնոջ հետ: Հայ տղամարդիկ, սովորաբար, ավելի պահպանողական են և իրենց զգացմունքները սիրում են արտահայտել, երբ միայնակ են կնոջ հետ: Ձեր օրինակը թույլ է տալիս հուսալ, որ առողջ բանականությունը, ինտելեկտն, այնուամենայնիվ, հզոր գործիքներ են նաև մեր օրերում:

– Ասեմ, տարիքը ֆիզիոլոգիական հասկացություն է, որը մեզնից և ոչ ոք չի կարող փոխել: Ավաղ, տարիները գնում են, և ինչ էլ ուզում ես՝ արա, միևնույն է, տարիներն իրենց գործն անում են: Բայց սոցիալական վիճակը, հարստությունը, հագնվելու լավ ձևը, վարքը, շփման ձևերը, արտաքինը բաներ են, որոնք կարող ես ինքդ ղեկավարել: Եվ եթե այդ բոլորը կան, դու դառնում ես գրավիչ կնոջ համար: Այստեղ ոչ թե սահմանափակ ընկալման մասին է խոսքը` դե՜, փողը կա, էլ բան պետք չէ: Ո՛չ: Շատ փող աշխատելն էլ, համաձայնեք, հեշտ բան չէ, և դա խոսում է մարդու խելքի մասին: Ես, օրինակ, վատ չեմ զգում, որ իմ կողքին Լուիզան է` շատ գեղեցիկ և երիտասարդ: Եվ նա էլ, կարծում եմ, վատ չի զգում, որ իր կողքին ես եմ: Հետո, տղամարդն առաջին հերթին պետք է լինի տղամարդ, ոչնչից չվախենա: Շատ դեպքերում տղամարդիկ վախենում են գեղեցիկ կանանց հետ ամուսնանալուց` մտածելով, որ գեղեցիկ կինը բոլորի կինն է: Դա սուտ է: Ավելին, շատ գեղեցիկ և միայնակ կանայք, որոնց ոչ ոք չի մոտենում, սկսում են այլ կերպ ընկալվել: Նրանց սկսում են արդեն ուշադրություն դարձնել պիբիբ-պաբաբները (հասկանում եք` ում նկատի ունեմ), դա է նրանց ստիպում դառնալ թեթևաբարո: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բոլորին ասում եմ, որ ես Լուիզայի հետ ամուսնացել եմ, որովհետև նա գլխավոր խմբագիր է («Շոկոլադ» ամսագրի), իսկ ես ո՞վ եմ` մի սովորական բժիշկ: Իսկ իմ մասին կարող եմ մի բան ասել` ես ծնվել եմ Երևանում, 20-րդ դարի առաջին կեսին: Իմ աղջիկը երկու տարեկան է, որդիս` 31: Ահա այսպիսի բաներ: Ես գոհ եմ իմ կյանքից, և եթե երկրորդ անգամ այն կրկնվեր, ես կանեի նույն քայլերը` նույն հաջորդականությամբ:

– Լավ, ձեր կարծիքով, ի վերջո, ի՞նչ է կյանքը:

– Մի՛ տվեք հարցեր, որոնց պատասխանը ես չունեմ: Ով փորձի ինչ-որ բացատրություններ տալ, նա պարզապես ապուշ մարդ է: Կյանքը հնարավոր չէ բացատրել:

Զրուցեց Լիլիթ Ավագյանը

«3 Միլիոն»