Ասում եք՝ չլռեմ… Որ չվիճենք, մի տեքստ դնեմ, որը 13 տարի առաջ եմ գրել։ Հաղթանակների վնասի մասին…
Մեզ՝ հայերիս, հաղթանակները հակացուցված են։ Ամենափոքր իսկ հաղթանակը ընկալում ենք որպես վերջնական եւ անդառնալի։ Հեշտությամբ մոռանում ենք, որ ցանկացած հաղթանակ նշանակում է նաեւ պարտվածի ատելություն դեպի հաղթողը ու վրեժի ծարավ, ինչից եւ բխում է նոր պատերազմի անխուսափելիությունը։ «Վա՜յ, ի՞նչ պատերազմ, այ ախպեր, ջարդել ենք, պետք ըլնի նորից կջարդենք, բա ոնց։ Մի վնուշկվի», — մոտավորապես այսպես կարելի է նկարագրել մեր վերաբերմունքը ռազմավարական պլանավորմանը։
Օտարները և նրանց կապկող հայազգի օտարամոլները շատ են սիրում հեգնել, թե իբր ամեն հարցում կառչում ենք պատմությունից, ապրում ենք միայն անցյալով։ Սուտ է։ Անցյալով չենք ապրում, պատմությունն էլ չգիտենք. չենք էլ ուզում իմանալ։ Ապրում ենք միայն այս օրով, վաղվա մասին մտածում միայն մեր բնակարանի, կրպակի, լավագույն դեպքում խանութի մակարդակով։ Առեւտրական հանրապետություն ենք, ուր ցածրաստիճան պաշտոնյայից մինչեւ նախարարներ ու գեներալներ բոլորը առեւտրական են։ «Թուրքիան սպառնալի՞ք է։ Այ ցավդ տանեմ, ամենամեծ սպառնալիքը հարկայինն ա, մեկ էլ դոլարի կուրսը։ Թուրքերը լավ էլ ղայդին մարդիկ են, հենա էրկու անգամ Թուրքիա առեւտրի եմ գնացել։ Ատ դուշի թասիբով ժողովուրդ ա»:
Ամեն օր կրկնում ենք վաղ ու մոտ անցյալի սխալները. կրկնում, հաջորդ օրը մոռանում… ու նորից կրկնում։
Սխալները կուտակվում են, կուտակվում… Այնուհետեւ կարծես թե հերթական աննշան զիջումից-կորուստից հետո մեզ համար լրիվ անսպասելիորեն հայտնվում ենք անդառնալիության կետի (точка невозврата) մոտ։ Խուճապահար զարթնում ենք ու մայկա-տռուսիկով բռնվում կենաց-մահու կռվի. հսկայական կորուստներով պոկում ենք ևս տաս-քսան-երեսուն-քառասուն տարի գոյատեւելու իրավունք։ Ու անմիջապես արխայնանում։
Սակայն այս բոլորաշրջաններից (циклы) եւ ամեն մեկում ունենում ենք անվերադարձ կորուստներ, որոնք երբեք ի վիճակի չենք լինում լիովին վերականգնել։ Հայությանը վերջին մի քանի դարերի ընթացքում երեւի թե ընդամենը երկու անգամ է հաջողվել խախտել այս տաղտկալի սցենարը.
Ա. 1829–30 թթ. Արեւելյան Հայաստանը վերաբնակեցումով (ցավոք, նաեւ ի հաշիվ Արեւմտյան Հայաստանի հայաթափման);
Բ. 1950-1970-ականներին ՀԽՍՀ-ում մարդկային ու մասնավորապես մտավորական/մշակութային պաշարի վերականգնումով։
Եւ վերջ։ Կուզենայի նաեւ գրել «Գ. 1991 թ. անկախության վերականգնումով ու Արցախյան հաղթանակով», բայց համառորեն մտքիս է գալիս հետեւյալ հոռետեսական համեմատությունների շարանը.
Սարդարաբադ -> Արցախյան պատերազմ
Կարսի հանձնում/Առաջին հանրապետության կործանում -> ???
Մեզ՝ հայերիս, հաղթանակները հակացուցված են։ Հաղթանակին հետեւող կեղծ ապահովության զգացմունքն է մեր տունը քանդում։ Ոսոխին երկու ապտակ տալով համարում ենք գործն ավարտված, խնդիրը՝ մեկընդմիշտ լուծված։ Անավարտ գոյամարտը անվանում ենք հաղթանակով պսակված ազատամարտ, իսկ քանի որ հաղթել ենք ազատամարտում, ապա ազատ ենք, ուրեմն կարող ենք ցրվել տներով։
Կենդանի Մատյան, 2007թ.