Եթե ամբողջական դիտարկենք իրավիճակը, որում մենք գտնվում ենք, կարծում եմ նման որոշումը ճիշտ էր: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԿԳՄՍՆ որոշմանը՝ կապված դպրոցներում արձակուրդը 2 շաբաթով երկարաձգելու հետ, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը շատ ավելի խելամիտ է այս պահը օգտագործել, որպեսզի դպրոցները այլ ձևերով աջակցեն ռազմաճակատին: Բոլորս էլ տեսնում ենք, որ մեծ ծավալի աշխատանք են անում դպրոցները ռազմաճակատի համար և այս պահին դասերը վերսկսելը նաև այդ աշխատանքը կխաթարեր, բացի այդ իրավիճակն էլ մի փոքր տրամադրող չէ դասերի համար և կարծում եմ, որ իրականում լավ տարբերակ էր այդ երկու շաբաթը տեղափոխել հունիս ամիս»,- ասաց նա:
Խաչատրյանն ընդգծեց, որ այս երկու շաբաթը ոչ թե կորում է, այլ տեղափոխվում է հունիս ամիս, այն հույսով, որ այդ ժամանակ ավելի լավ իրավիճակ կունենանք:
Հարցին՝ այստեղ կրթության որակի և հատկապես առաջին դասարանցիների կրթության մասով խնդիր չե՞ք տեսնում, քանի որ երեխաները նոր նոր են հարմարվում դպրոցին ու նման մեծ ընդմիջում՝ փորձագետը պատասխանեց. «Զուտ կրթական իմաստով ստացում է շատ մեծ ընդմիջում, այսինքն կստացվի, որ ընդամենը մեկ ամիս դասի գնալուց հետո երեխաները մեկ ամիս չեն գնում և այդ նախորդ մեկ ամիսը մենք ըստ էության կորցնում ենք, որովհետև ընդմիջումը շատ մեծ է լինում: Խնդիր իհարկե տեսնում եմ, բայց այստեղ լավն այն է, որ նախարարությունը նախատեսում է անկախ ամեն ինչից նոյեմբերի 12-ից հետո 1-4-րդ դասարաններում վերսկսել դասերը, որը կարծում եմ ընդունելի որոշում է, և ես ինքս էլ առաջարկել էի այս տարբերակը»:
Ամբողջությամբ՝ armdaily.am