Ստորագրված փաստաթուղթը մի քանի ամսվա կյանք կունենա. ադրբեջանական կողմը կխախտի այն և կգրավի մնացած տարածքները. Անվտանգության մասնագետ. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Ստորագրված փաստաթուղթը մի քանի ամսվա կյանք կունենա. ադրբեջանական կողմը կխախտի այն և կգրավի մնացած տարածքները. Անվտանգության մասնագետ. «Փաստինֆո»

Ստորագրված փաստաթղթում անվտանգության առումով ոչինչ չի նշվում, թե Ստեփանակերտի բնակիչներն ինչպես են գնալու-գան, և այստեղ միանշանակ անվտանգության խնդիր կա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած զինադադարի փաստաթղթին։

Արմեն Մանվելյանը նկատեց՝ Շուշիից կարող են ռմբակոծել, կրակել, անել այն, ինչ ուզում են, իսկ բնակիչները պաշտպանված չեն. «Ավելին` այնտեղ փախստականների վերադարձի հետ կապված կետ կա։ Այսինքն կարող են ինչ-որ փախստականներ հայտնվել, որ ասեն՝ ուզում են գնան և Ստեփանակերտում ապրեն։

Ըստ այդ հայտարարության՝ ոչ ոք չի կարող նրանց արգելել։ Ստեփանակերտում ժամանակին մի ամբողջ ադրբեջանական թաղամաս կար, հիմա կարող են վերադառնալ իրենց թաղամաս և կողմերը պարտավոր են դա կատարել։ Դա, իհարկե, կարվի պրովոկացիայի խորացման, բախումներ առաջացնելու համար, ինչն Ադրբեջանին հնարավորություն կտա խախտել ստորագրված փաստաթուղթը։ Ճիշտ է, այն հինգ տարով է, բայց հինգ տարվա կյանք չի ունենա»,-ասաց փորձագետը, որի կարծիքով, ստորագրված փաստաթուղթն առավելագույնը մի քանի ամսվա կյանք կունենա։ Նրա գնահատմամբ` ադրբեջանական կողմը կխախտի այն և ուղղակի կգրավի մնացած տարածքները։

«Այնտեղ շատ վտանգավոր է։ Մարդիկ ինչպե՞ս կարող են իրենց կյանքը վտանգել և այնտեղ ապրել։ Փաստորեն Քարվաճառը հանձնում են և միակ ճանապարհը դառնում է Լաչինը, որն անվտանգ չէ։ 5կմ լայնությամբ ռուսները հսկելու են և ճանապարհն անցնելու է Շուշիի կողքով։ Շուշիում կարող են ադրբեջանցիները մարդկանց շարել, որոնք եթե անգամ չկրակեն, կարող են պարզապես քարերով հարվածել մեր մեքենաներին ու ջարդուփշուր անեն, ինչը նախկինում հաճախ եղել է։ Կարծում եք ինչ-որ մեկը կանգնելու է դրա դեմն առնի՞։ Ոչ ոք դրա դեմը չի առնի։ Այսինքն այդկերպ նրանք կկտրեն նաև Լաչինի ճանապարհը. Այն ուղղակի կդադարի գործել։ Դե յուրե կլինի, բայց դե ֆակտո չի աշխատի։ Եթե այնտեղ մի 1000 մարդ էլ մնա, ամբողջովին շրջափակման մեջ կհայտնվեն, որովհետև ռուս խաղաղապահը երբեք զենք չի բարձրացնի ու չի կրակի թուրքի վրա, որը ենթադրենք քարերով կոտրում է մեր մեքենան։ Ընդ որում` այս հայտարարության մեջ հստակ նշված է, որ ռուսներն ընդամենը ավտոմատներով զինված մարդիկ են։ Ընդամենը 1960 խաղաղապահ է լինելու։ Ժամանակին սահմանի վերահսկողության համար կար 25 հազարանոց հայկական բանակ, իսկ հիմա 25 հազարանոց հայկական բանակը հեռանում է և փոխարենը գալիս է 1960 խաղաղապահ։ Պարզ չի՞, որ ոչ մի սահման չեն կարող վերահսկել։ Սահմանը բաց է լինելու, երբ ուզեն կգնան, երբ ուզեն հետ կգան»,-նշեց Արմեն Մանվելյանը։

Դիտարկմանը, որ այդ դեպքում նշանակում է՝ Ադրբեջանը կխախտի փաստաթուղթը, փորձագետը նշեց, որ այն խախտելու համար ոչ մի բան չի նախատեսվում. «Ինչպես ուղղաթիռը խփելու դեպքում ներողություն խնդրեցին, այնպես էլ այս դեպքում կասեն՝ ինչ-որ զինված մարդիկ են մտել ու մի գյուղից մի քանի հայ են սպանել ու ներողություն կխդնրեն։ Կամ էլ կսկսեն մտնել դատարկված գյուղեր ու կապրեն և ոչ մի խաղաղապահ չի գնա ու նրանց չի հանի։ Այդպես կսկսեն տարածքները զավթել։ Այս հարցը փակված է, այստեղ չկա անվտանգության խնդիր, սա կեղծ փաստաթուղթ է ամբողջ Ղարաբաղը հանձնելու մասին» ,-ասաց Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ 2500 քմ է մնում խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց դե ֆակտո այդպես չի լինելու։

Հարցին՝ այդ դեպքում ինչ կարող ենք պահել Արցախում, փորձագետն արձագանքեց. «Քանի այս իշխանությունն է, ոչինչ չենք կարող։ Եթե իշխանությունն առաջիկա երկու օրում փոխվի, հնարավոր է Քարվաճառից զորքերը չհանեն։ Ի՞նչ եք կարծում ինչու է առաջինը հենց Քարվաճառից զորքերը հանելու պայմանը դրվել, այլ ոչ թե Աղդամից, որովհետև հասկանում են՝ եթե հայերը զորքերը Քարվաճառից չհանեն, հայերի մոտ շարժ կառաջանա։ Քարվաճառով մեր ճանապարհն ավելի կարևոր է, քան Լաչինով։ Եթե հայկական կողմից խելքը գլխին մեկը մասնակցեր այս բանակցություններին, կհրաժարվեր Լաչինի ճանապարհից։ Կասեր՝ ավելի լավ է Լաչինը հանձնեն, բայց Քարվաճառը պահեն, որովհետև այն հեշտ է պահել, Մռավի լեռները հեշտ է պահել, հիմա էլ մեր տղաներն այնտեղ են կանգնած։ Իսկ Լաչինը դժվար է պահել ու իմաստ էլ չունի»,-ասաց փորձագետը։

Վերջինս կարծում է՝ Հայաստանը վտանգված է, քանի որ թշնամին վերցնում է Քարվաճառի բոլոր սարերը և նստում Երևան-Վարդենիս ուղու վրա։ Փորձագետի խոսքով նրանք կարող են ուղղակի կրակելով թույլ չտալ, որ Երևանից Վարդենիս գնան-գան. «Իրենք վերցնում են Սյունիքը, Գորիս-Կապան ճանապարհի վերահսկողությունն էլ է անցնում իրենց։ Ուղղակի հարավն ու հյուսիսը կարող են կտրել։ Նրանք նաև Ջերմուկի սարերն են վերցնում, Ջերմուկի նկատմամբ են վերահսկողություն սահմանելու։ Հեռահար կարող են կրակել Ջերմուկին»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ ժողովուրդը շոկի մեջ է և չի հասկանում այն վտանգները, որոնք ստեղծվում են։ Վարդենիս, Ջերմուկ սահմանի երկայնքով նոր սահմանային գիծ պետք է կառուցվի ու հսկայական բանակ պահվի, քանի որ Վարդենիսից Մեղրի գիծը շատ ավելի երկար է, քան այն գիծը, որ կա Մռավի լեռներում։ Արմեն Մանվելյանի խոսքով այս դեպքում երեք անգամ ավելի մեծ զորք պետք է ունենանք, որ կարողանանք սահմանային գիծը պահել, ինչը փորձագետի կարծիքով ռեալ չէ։ Այսպիսով պետությունը հսկայական խնդիրների առաջ է կանգնում, իսկ լուծումներ դեռ չեն նշմարվում։

Անդրադառնալով հարցին, որ կարող ենք փաստաթղթով սահմանված հինգ տարին օգտագործել նոր պատերազմին պատրաստվելու և տարածքները հետ վերադարձնելու համար, փորձագետը նկատեց՝ միանշանակ չէ, որ դրա հնարավորությունը կունենանք. «Նրանք հիմար չեն, լավ հասկանում են, որ այդ 5 տարին օգատգործելու ենք զինվելու և պատերազմին պատրաստվելու համար։ Չեն թողնի, որ մենք ուշքի գանք, ոտքի կանգնենք ու մեջքներս ուղղենք։ Մոռացեք, ոչ մի հինգ տարի չի լինի, սա նոր պատերազմի պայմանագիր է և պատերազմը կարող է գարնանը սկսի։ Ու արդեն խփելու են Գորիսին, Կապանին, Ջերմուկին, Վարդենիսին, Մեղրիին։ Այդ ուղղությամբ գնալու են։ Եթե այս իշխանությունները մնան, շատ ավելի վատ է լինելու»,-եզրափակեց Արմեն Մանվելյանը։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր