Հայ-թուրքական պատերազմի հետեւանքների ծանր բեռը Հայաստանում առաջ է բերել քաղաքական լիակատար ճգնաժամ, որի արդյունքում խաթարվել է պետական կառավարման համակարգի աշխատանքը: Մեզ համար կապիտուլյացիա ենթադրող զինադադարի փաստաթղթի հրապարկվելուց հետո Հայաստանը հայտնվել է անկառավարելիության այնպիսի պայմաններում, որը մի նոր գոյութենական սպառնալիքի է վերածվել: Մասնավորապես, պատերազմում Հայաստանի պարտության հետեւանքով գրեթե լիակատար խաթարվել է գործող կառավարության ու նրա ղեկավարի հանրային վստահությունը՝ քաղաքականապես դելեգիտիմացնելով պետական ապարատը գլխավորելու նրա իրավունքը: Դա է պատճառը, որ երկրում պետական կառավարման ճգնաժամը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ուրվագծվել ու գործարկվել հանրային վստահություն ունեցող նոր կառավարության ձեւավորման գործընթացը:
Այսօր հանրությունն անորոշության մեջ է, որը ճգնաժամի խորացման խթաններից մեկն է: Պետական կառավարման համակարգը վերագործարկելու հարցում գործող կառավարության անձեռնհասությունը պետությանը եւ ժողովրդին շարունակում են պահել օդից կախված վիճակում՝ հնարավորություն ընձեռելով որպեսզի նեղ անձնական, կլանային ու օտարերկրյա շահերի սպասարկմամբ զբաղվող անձինք (շրջանակները) իրենց դեստրուկտիվ ներգործությամբ խորացնեն ճգնաժամը:
Խնդիր է դառնում օր առաջ հասնել պետական կառավարման արդյունավետ վերագործարկմանը, քանզի եթե չկա պետական կառավարում, ինքնին կասկածի է ենթարկվում պետության գոյությունը:
Վերջին օրերին քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու մասին քաղաքական ուժերի կողմից արված առաջարկություններն ու գործող վարչապետի՝ նոր կառավարության ձեւավորման քայլերն առավելապես քաղաքական ճգնաժամը խորացնելու էլեմենտներ են պարունակում եւ չեն կարող առողջացնել քաղաքական դաշտը: Դա պայմանավորված է խորքային իմաստով քաղաքական դեստրուկտիվ մի մեխանիզմի գոյությամբ: Վերջինս օբյեկտիվ իրողություն է եւ ծագում է կուսակցությունների, այդ թվում՝ կառավարող ուժի, կողմից քաղաքական դաշտում առաջարկություններ ու քայլեր անելու փաստով: Մեխանիզմի էությունը կայանում է նրանում, որ այդ առաջարկություններն ու քայլերը հանրային գիտակցության մեջ մեկնաբանվում են որպես անձնական կամ խմբային շահի դրսեւորումներ: Քաղաքական դաշտի մյուս խաղացողների կողմից տվյալ պարագայում հարկ է լինում վանել նման ծրագիրը, քանզի այլ կուսակցությունների ու հանրային նախաձեռնությունների մոտ կասկած է առաջանում, որ առաջարկություններով հանդես եկած քաղաքական ուժը կամ պետական առանձին օղակների վերափոխման քայլեր ձեռնարկող կառավարող կուսակցությունը հետապնդում են պետական կառավարման համակարգը յուրացնելու թաքնված նպատակ: Այդուհետ, կուսակցական յուրաքանչյուր ակտիվություն դատապարտված է լինում տապալվելու, որովհետեւ մյուս ուժերը, իսկ շատ դեպքերում՝ նաեւ լայն հանրությունը, հնարավորություն են ստանում առաջարկություններով հանդես եկած քաղաքական ուժի անգամ ազնիվ մղումներով քայլերը բնութագրել որպես աթոռակռիվ:
Ուստի իրապես հանրային համերաշխություն հաստատելու եւ պետական մեքենան վերագործարկելու համար հարկ է, որ նոր ձեւավորվող կառավարությունը ստանա քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերող բոլոր պետական ինստիտուտների, կուսակցությունների, նախաձեռնությունների բացահայտ կամ լուռ համաձայնությունը: Այդ նպատակով հարկ է, որ նոր կառավարությունը կազմավորվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող այնպիսի անձանց ներգրավմամբ, ովքեր կբավարարեն հանրային սպասումները եւ կվերականգնեն վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ: Նման գործընթացի սկզբնավորման համար առավել էական պահանջ է դառնում նոր վարչապետի անձի շուրջ համաձայնության կայացումը, ով ապակուսակցական շրջանակի ներկայացուցիչ լինելու ուժով կհանդուրժվի քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերող միավորների մեծամասնության կողմից ու կդառնա հանրային համերաշխության երաշխավորը:
Մասնագիտական բարձր որակավորում ունեցող կառավարության կազմավորման ժամանակ վարչապետի եւ քաղաքական մյուս պաշտոններին հավակնողները պետք է բավարարեն հետեւյալ պահանջները՝ լինեն անկուսակցական, կամային, գիտակ, կառավարման փորձ ունեցող եւ պետականությանը նվիրված անձիք: Այս ցենզերը կարեւոր են այնքանով, որքանով սպառված են նոր կառավարիչների կողմից Հայաստանը կրկին փորձադաշտի վերածելու եւ սեփական դիլետանտությամբ ժամանակի ընթացքում կառավարման փորձ կուտակելու բոլոր սահմանները:
Մասնագիտական բարձր որակավորում ունեցող կառավարության գործունեությունը առաջիկա ամիսների համար կենթադրի ճգնաժամային կառավարում: Խնդիրների լուծման նրա շրջանակը դուրս չի գա դեպի այն սահմաններ, որը կենթադրի քաղաքական մեծ տեղաշարժեր ու լայն բարեփոխումներ: Ճգնաժամային կառավարման էությունը կսահմանվի պատերազմի հետեւանքների վերացման, հանրային կյանքի առողջացման, հումանիտար աղետի կանխման, բանակի եւ պաշտպանունակության վերականգնման, հնարավոր արտաքին սպառնալիքներին դիմագրավելու եւ նման կարգի այլ խնդիրների լուծումը: Դրա հետ մեկտեղ կնախապատրաստվեն օրենսդրական փոփոխություններ կուսակցական դաշտի առողջացման եւ ընտրական գործընթացի միջոցով հավասար պայմանների ներմուծման համար, որոնք հնարավորություն կընձեռեն մյուս տարի պատերազմի առաջ բերած լարվածության մեղմացման պայմաններում երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական պայքարի միջոցով քաղաքական ուժերը կընդգրկվեն բնական քաղաքական գործընթացների մեջ՝ հնարավորություն ունենալով հանրությանը ներկայացնել երկրի զարգացման եւ բարեփոխումների իրենց ծրագրերը: Այդպիսով, կուսակցականությունը պետական կառավարման գործում կիրառություն կգտնի միայն ներկայացված՝ անցումային ժամանակահատվածի վերջում, երբ երկիրը կմտնի ընտրական գործընթացների մեջ եւ կսկսվի կուսակցությունների ծրագրային մրցակցությունը՝ ժողովրդի վստահության քվեն ստանալու համար:
Հարկ է եւս մեկ անգամ ընդգծել, որ ճգնաժամային կառավարման ժամանակ կուսակցական դրոշները եւ դիլետանտիզմը պետության թշնամիներն են:
Ներկայացված այս ճանապարհային քարտեզը, եթե ստորագրվի քաղաքական դաշտի ներկայիս սուբյեկտների կողմից, ապա բոլորին ստիպելու է գտնել վարչապետի այնպիսի անկուսակցական թեկնածուին, ով կերաշխավորի հավասար պայմաններ անցումային այս ժամանակաշրջանում, այն է՝ ճգնաժամային կառավարման եւ նախընտրական փուլի ողջ ընթացքում: Այլապես մենք դատապարտված ենք մնալու պետական անկառավարելիության կամ թերի կառավարելիության պայմաններում՝ ուղեկցվող ներքին գզվռտոցներով, հանրային կյանքի փլուզմամբ եւ արտագաղթի ալիքի սկզբնավորմամբ: Անհիմն մտայնություն է, որ մեզանում չեն գտնվի անկուսակցական, կամային, գիտական ու կառավարման փորձով նվիրյալ անձիք՝ վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար: Նման անձիք կան եւ հարկ եղած դեպքում իրենք պատասխանատվություն կստանձնեն՝ կուսակցություններին, այդ թվում՝ կառավարող կուսակցությանը, առաջարկելով ընտրություն կատարել իրենց թեկնածությունների շուրջ:
Սարո Սարոյան
Ճանապարհային քարտեզ քաղաքական ներկա ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով
Հայ-թուրքական պատերազմի հետեւանքների ծանր բեռը…
Опубликовано Saro Saroyan Среда, 18 ноября 2020 г.