Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմի եւ Ադրբեջանի սպառազինությունները, ինչպես նշում են փորձագետները, թե՛ քանակապես, թե՛ հզորությամբ, եղել են անհամեմատելի։ Արցախում ընթացած 5-րդ սերնդի այս պատերազմի ժամանակ օգտագործվեցին գերժամանակակից միջոցներ, այդ թվում՝ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ, գերձայնային կործանիչներ եւ այլն․ 45 օրերը որակվեցին որպես վերջին տասնամյակներում տեղի ունեցած աննախադեպ ռազմական գործողություններ։
Պատերազմի ընթացքում ունեցած հաջողությունների մասին փաստերը կողմերը ներկայացրել են հիմնականում տեսանկարահանումների միջոցով։ Հայկական կողմը միայն վերջին օրերին էր սկսել նկարահանումներն իրականացնել ԱԹՍ-ների միջոցով։ Հակառակորդի պարագայում պատկերն այլ էր․ առաջին իսկ օրերից Ադրբեջանը ակտիվ կերպով օգտագործել է ԱԹՍ-ներ՝ հետախուզական տվյալներ ստանալու եւ նկարահանումներ անելու համար։
Սակայն հետախուզության համար օգտագործված ԱԹՍ-ները միակ սպառնալիքը չէին Արցախի տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ տեղադիրքեր ստանալու համար։ Ադրբեջանի «զինանոցում» հետախուզություն իրականացնելու, ճշգրիտ կոորդինատներ ստանալու եւ նկարահանումներ իրականացնելու համար կա նաեւ այլ գործիք՝ արբանյակ։
Ադրբեջանն ունի երեք արբանյակ, որոնցից մեկի միջոցով կարողանում է տեսնել ինչպես մեր դիրքերում, այնպես էլ թիկունքում իրականացվող ցանկացած շարժ։ Ադրբեջանական Azercosmos արբանյակային ընկերությունը հիմնադրել է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ 2010 թվականին՝ հեռահաղորդակցային նպատակով։ Ադրբեջանական առաջին արբանյակը եղել է Azerspace-1-ը, որն ընդգրկել է Եվրոպան, Աֆրիկան, Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան եւ Կովկասը։ Նախատեսված է եղել ռադիոյի եւ հեռուստատեսային հեռարձակման ծառայությունների մատուցման համար։ Երկրորդը եղել է Azerspace-2 արբանյակը (գործում է 2018 թ-ից), որի գործառույթները նույնպես տրամագծորեն չեն տարբերվում նախորդից։
2014 թվականին Ադրբեջանը Ֆրանսիայից գնել է եւս մեկ արբանյակ՝ Spot7-ը, որը հետագայում վերանվանվել է Azersky, դրա միջոցով էլ իրականացրել է տարածքների դիտարկումը եւ անհրաժեշտ նշանակետերի տեղորոշումը։
Ամբողջությամբ՝ infocom.am