Պատերազմի ընթացքում և դրա ավարտին հետևած զարգացումների ժամանակ կատարված մի շարք համակարգային սխալները տեղեկատվական ոլորտում դեռ երկար բացասական հետևանքներ են ունենալու։ Վստահությունը դեռ երկար լինելու է բաղձալի, բայց դեֆիցիտ ապրանք։
Դեռ տասը տարի առաջ բանակի կողմից տրամադրվող տեղեկատվությունը շատ ցածր վստահություն էր վայելում։
Հանրային կարծիքը, որը հիմնվում էր փաստերի վրա, համարում էր, որ Պաշտպանության նախարարությունը, Պաշտպանության բանակը թաքցնում են գրեթե բոլոր փաստերը՝ կապված բանակում սպանությունների կամ այլ բռնության դեպքերի հետ։
Հաճախ զարհուրելի դեպքերը կամ թաքցվում էին, կամ գործը այնպիսի տարօրինակ զարգացումներ էր ստանում, որ տասնամյակից ավելի դատական համակարգը չէր կարողանում հստակ պատասխաններ տալ։
Իրավիճակը սկսեց փոխվել 2010-ին, երբ իրար հետևից մի քանի ողբերգական դեպք տեղի ունեցավ դիրքերում․ մեկը կապ ուներ ադրբեջանցի զինծառայողի հետ, որին հաջղվել էր հատել սահմանը և չորս զինվորի կյանք խլել։ Մի քանիսը տեղի ունացան իրար հետևից և կապ ունեին արդեն ներքին խնդիրների հետ, և կրկին զինծառայողներ զոհվեցին։
Տեղեկատվության սակավությունը, բանակի կողմից հիմնականում զգացմունքային և լոզունգային տեղեկությունների տարածումն իր բացասական դերն ունեցավ նաև միջազգային տեղեկատվական դաշտում։ Փորձագետները և լրագրողները բավարար չափով տեղեկացված էին հայկական կողմից հումանիտար ճգնաժամի մասին։ Լավ էին աշխատում ՀՀ և Արցախի երկու օմբուդսմենները, նաև տեղում էին բազմաթիվ արտասահմանյան լրագրողներ։ Սակայն ռազմական բնույթի տեղեկատվությունը շատ սակավ էր, եղածը հստակ չէր։ Որպես հետևանք օգտագործվում էին գրեթե բացառապես ադրբեջանական կողմից տրամադրվող տեսանյութերը, քարտեզները և այլն։
Հ․ Գ․ Վերջում ավելացնեմ, որ այս ամենի մեջ ես տեսնում եմ նաև իմ մեղքը։ Հետին թվով հեշտ է շատ երևույթներ վերլուծել և հասկանալ, որ հնարավոր էր ինչ-որ բաներ փորձել շտկել։ Հետին մտքով ուժեղը սովորաբար բան չի հասցնում փոխել, հատկապես ճգնաժամային պահերին։
Սամվել Մարտիրոսյան
Ամբողջությամբ՝ media.am