Ընկերները եւ բարեկամները՝ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանի մասին։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացրել է թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանի խոսքը.
«Փարաջանովի թանգարանը Երեւանում՝ Հայաստանի ամենագրավիչ մշակութային հաստատություններից մեկը, որքան առնչվում է վարպետի, նույնքան էլ (առանց փոքրիշատե չափազանցության) Զավեն Սարգսյանի անվանը:
Առանց նրա թանգարանը՝ էսթետիզմի մի աներեւակայելի հրավառություն, պարզապես գոյություն չէր ունենա, որովհետեւ հենց Զավեն Սարգսյանի շնորհիվ են փարաջանովյան արվեստի թանկ վկայությունները Թբիլիսիից հասել Երեւան եւ հանգրվանել թանգարանում որպես ցուցանմուշներ: Զավեն Սարգսյանն է բառիս բուն իմաստով կյանք տվել թանգարանին՝ դառնալով նրա պահապան ոգին: Մենք պիտի անսահման երախտապարտ լինենք փարաջանովյան արվեստի այս անձնվեր տրուբադուրին. նա ասպետորեն անդավաճան մնաց իր կյանքի գործին եւ մեզ ժառանգություն թողեց մի անասելի հարստություն, որի արժեքը առաջին հերթին ինքն էր գիտակցում երկյուղածորեն եւ ամեն կերպ ջանաց այդ գիտակցությունը փոխանցել մեզ:
Մահը վերջակետ դրեց Զավեն Սարգսյանի երկրային ուղուն, բայց նրա գործը վերջակետ չունի, ինչպես Փարաջանովի արվեստը»։