Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը

«Ով ուզում է աշխատել` միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել` պատճառներ է փնտրում». Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն արդեն ավելի քան 10 տարի այս կարգախոսով է առաջնորդվում, և սովորեցնում այդպես ապրել ու աշխատել նաև իր հետ աշխատող անձանց:

Արտակարգ իրավիճակների նախարարն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է համակարգում առկա խնդիրների, ուժեղ կողմերի, համագործակցությունների, նոր ծրագրերի, կադրային քաղաքականության, ինչպես նաև «Ազգային հերոս»-ի կոչում ստանալուց հետո իր զգացողությունների և այլ հարցերի մասին:

– Պարոն Փիլոյան, դեռ 1 ամիս է, ինչ զբաղեցնում եք ԱԻ նախարարի պաշտոնը, սակայն արդեն հասցրել եք մարզային այցելություններ ունենալ: Ներկայացրեք խնդրեմ` ի՞նչ խնդիրներ եք նկատել ոլորտում և ինչպե՞ս եք նախատեսում դրանք լուծել: Որո՞նք են համակարգի ուժեղ և թույլ կողմերը, ինչ առաջնահերթություններ եք սահմանել:

–  Դեռևս կարճ ժամանակ է, որ նշանակվել եմ ԱԻ նախարար, սակայն այս ժամանակահատվածում հասցրել եմ մարզային այցելություններ կատարել: Դրանք առաջնահերթության կարգով իրականացրել եմ սահմանամերձ և սահմանապահ մարզերում` հաշվի առնելով մեր երկրի սահմաններում տիրող իրավիճակը: Տեղում ծանոթացել եմ մեր նախարարության ենթակայության տակ գտնվող մարզային փրկարարական ծառայությունների կատարելիք աշխատանքներին, նրանց գործառույթներին, այդ ոլորտի խնդիրներին: Համակարգում առկա թերությունների մասին չեմ ցանկանա խոսել, ժամանակի ընթացքում լավն ու վատը կերևա, ինքս էլ կկարողանամ համեմատել ու ավելի ուշ գուցե խոսեմ այդ մասին: Մեր անձնակազմի ուժեղ կողմերից է ժողովրդին և պետությանը պիտանի լինելու պատրաստակամությունը: Կարող եմ ասել նաև, որ ինձ մոտ լավ տպավորություններ են ձևավորվել մեր սահմանամերձ մարզեր այցելություններից, հատկապես, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայությունների կատարած աշխատանքներից:

– Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը պարոն նախարար:

– Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողությունների շրջաններից մեր զինծառայողների մարմինների դուրս բերման և որոնողական աշխատանքներին: Առ այսօր Արցախի մեր գործընկերների հետ իրականացվում են անհետ կորածների, զինծառայողների մարմինների որոնողական, ինչպես նաև տարահանման աշխատանքները:

– Որո՞նք ենք ոլորտի գերակա խնդիրները:

– Առաջին հերթին պետք է շեշտեմ Աղետների վաղ ազդարարման կենտրոնացված համակարգի զարգացումը: Դա հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ արագ և արդյունավետ արձագանքել աղետներին, տրամադրել հավաստի օպերատիվ տեղեկատվություն, նվազեցնել մարդկանց կորուստները և տնտեսական վնասները: «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը» կընդունվի 2021 թվականին և հնարավորություն կտա ՀՀ տարածքում ստեղծել կենտրոնացված ազդարարման համակարգ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակավայրերում կտեղադրվի մոտ 1300 հատ էլեկտրաշչակ և 1300 հատ հեռակառավարվող թվային վահանակ: Խիտ բնակեցված ու մարդաշատ վայրերում կտեղադրվի մոտ 40 բարձրախոս: Իսկ մինչ հայեցակարգի ընդունումը 2021 թվականի հունվարին բոլոր մարզերում մարզային փրկարարական վարչությունները կիրականացնեն ազդարարման ուսումնավարժական պարապմունքներ. մի շարք բնակավայրերում դեկտեմբերին այդ գործընթացը սկսված է: Առաջին եռամսյակում ՀՀ սահմանամերձ մարզերից մեկում կիրականացվի բնակչության կենտրոնացված ազդարարման պիլոտային ծրագիր: Համակարգի առանցքային խնդիրներից է նաև սողանքային ռիսկի կառավարումը: Մեր հանրապետությունում սողանքներն իրենց տարածվածությամբ, զարգացման ակտիվությամբ և ինտենսիվությամբ սպառնում են մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին և արգելք են հանդիսանում պետության կայուն զարգացման, հետևաբար և անվտանգության ապահովման համար: Այս առումով սողանքային հիմնախնդիրը հանրապետության համար հանդիսանում է կարևորագույն ռազմավարական խնդիր: Մինչև 2023 թ-ը նախատեսված է առավել վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկումների իրականացում. 131 ակտիվ սողանքից 14-ում գործիքային հետազոտություն կիրականացվի: Կառավարության 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ աշխատանքների իրականացման համար նախատեսված է մոտ 125 մլն դրամ: Ասեմ նաև, որ 2021 թվականին նախատեսված է 48,5 մլն դրամի շրջանակներում իրականացնել Դիլիջանի «Մեծ Թալա», Հովքի, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի և 10-րդ դպրոցի, Ներքին Ծաղկավան և Դպրաբակ համայնքների (թվով վեց) սողանքավտանգ տեղամասերի գործիքային հետազոտություններ:

Ամբողջությամբ՝ armenpress.am



Նման նյութեր