«Ինչու մեզ նման մարդիկ պիտի մնան Հայաստանում (շնորհավորանքի փոխարեն)». Էդգար Էլբակյան
Advertisement 1000 x 90

«Ինչու մեզ նման մարդիկ պիտի մնան Հայաստանում (շնորհավորանքի փոխարեն)». Էդգար Էլբակյան

Հաճախացել են արտագաղթի մասին զրույցները, այդ թվում՝ մերձավորների շրջանում։ Ազգային ընկճախտի պայմաններում դա հասկանալի է, բայց անցանկալի։ Ես համոզված եմ, որ մեզ նման մարդիկ պիտի՛ մնան Հայաստանում, քանզի Հայաստանը (ներառյալ՝ Արցախը) առավել քան երբևէ ունի մեր կարիքը։ Մենք առաջին սերունդը չենք, որին թվում է, թե ականատեսն է հայոց պատմության վերջին էջին, բայց ի հեճուկս և ի զարմանս մեր թշնամիների՝ մենք կա՛նք։

Մենք կա՛նք մաշտոցների, նարեկացիների, հովհաննեսսարկավագների, չամչյանների, դավիթբեկերի ու արամմանուկյանների շնորհիվ։ Այս թվարկումը սոսկ «հայտնի հայերի ասորտի» չէ․ հունվարի 1-ի իրիկունը «Ռազմահոսով» կփորձեմ նրանց կերպարների օրինակով ցույց տալ պատմականորեն հայոց գոյատևման մեխանիզմները և, ըստ այդմ, ապագայի մեր անելիքները։

Բայց մինչ այդ «մենք կա՛նք»-երի շարքը կավարտեմ թարմ օրինակով։ Մենք կա՛նք, որովհետև այս տարվա սեպտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Կույջախ տեղավայրում ծառայողական պարտականությունները կատարող մեր հրետանավորները հավատում էին, որ կա ավելի թանկ բան, քան սեփական բարօրությունը։ Նկարին ուշադիր նայելիս կտեսնեք մեր զինվորներին՝ հողին ամուր կանգնած։ Հաշված վայրկյաններ անց թշնամական ԱԹՍ-ն խլեց տղաների երկրային կյանքը, իսկ շիկացած հողի վրա մնաց միայն աննյութեղենը՝ հավատը, որ կա ավելի թանկ բան, քան սեփական բարօրությունը…

Այդ հավատը ոչ մի թշնամի չի կարող խլել մեզանից, եթե մենք ինքներս հավատափոխ չլինենք։ Հայաստանը հավերժ է, քանի կան այդ հավերժության գաղափարին հավատացողներ և հանուն դրա գործողներ։ Հենց հավերժական Հայաստանի համար ապրողներն են նշածս «մեզ նման մարդիկ», սիրելի՛ ընթերցող, որոնց շարքում կարող ես գտնել նաև քեզ, որ կարդում ես հիմա այս տողերս…

#ՀավերժականՀայաստան #ՀաջորդՏարիՇուշիում

Էդգար Էլբակյանի էջից

ԻՆՉՈՒ ՄԵԶ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԻՏԻ ՄՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ)

• Հաճախացել են արտագաղթի մասին զրույցները, այդ…

Опубликовано Էլբակեան Էդգար Среда, 30 декабря 2020 г.



Նման նյութեր