Հունվարի 28-ին մեծ էկրաններ կբարձրանա «Հարսանիք թիկունքում» համանուն ժապավենը, որի էկրանավորման ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը նվիրված է հայ զինվորին, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ պատրաստ է, սակայն ռեժիսորի խոսքով՝ պրեմիերան հետաձգվել էր համավարակի պատճառով: Այն պետք է կայանար նախորդ տարի՝ ապրիլի 2-ին եւ նվիրված լիներ Քառօրյա պատերազմի հերոսներին, սակայն Արշալույս Հարությունյանի կարծիքով՝ հիմա ավելի քան արդիկան է.
«Ցավոք սրտի, այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով, վերքերը դեռ թարմ են, թեեւ թեման էլ չի կարող հնանալ: Կապ չունի՝ ֆիլմն ապրիլյան դեպքերի, թե սեպտեմբերին սկսված պատերազմի մասին է, սա մեր կյանքի պատմությունն է: Ցավալի իրադարձությունները հանգեցրին նրան, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Թեպետ «Հարսանիք թիկունքում»-ում գործողությունները տեղի են ունենում Քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն ամենակարեւոր խնդիրները մնում են արդիական, դրա համար էլ այս գործը հիմա էլ է արդիական, սա եւս մեկ առիթ է նորից վերանայելու մեր կյանքը, վերագնահատելու ամեն բան, անելու հետեւություններ: Չնայած պետք է ասեմ, որ մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների, նվիրվում է հայ զինվորին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արշալույս Հարությունյանը:
Ամբողջությամբ՝ style.news.am