Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն (Եղիշե)։ Վարդանանց նահատակներին տրված այս բնորոշումը բնութագրում է Հայոց պատմության հին ու նոր ժամանակների բոլոր հերոսներին:
Այս տարի՝ փետրվարի 11-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց հիշատակի օրը` նվիրված 451 թ.-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում նահատակված հայոց Վարդան սպարապետին և նրա զինակիցներին՝ 1036 անձ:
Վարդանանց քաջերը, ովքեր առաջին նահատակներն էին, որ գիտակցաբար զոհվեցին հանուն Հայրենիքի և հավատքի, հայ ժողովրդի համար հոգեհարազատ կերպարներ են: Նրանք դարձել են օտար զավթիչների դեմ հայության մղած պայքարի և աննկուն կամքի դրսևորման խորհրդանիշ:
Եկեղեցին բավականին վաղ է նրանց սրբադասել և սահմանել հիշատակի օր: 1918 թ.-ին Վարդանանց տոնը մի շարք տոների հետ դառնում է համընդհանուր պետական տոն: Այժմ՝ Զատիկից 8 շաբաթ առաջ հինգշաբթի օրը, նշանակվում է Ս. Վարդանանց տոնը, համարվում է քաջագործության, բարի գործի և ազգային տուրքի օր: Տոնվում է հիմնականում հունվարի 30-ից մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում:
Վարդանանց տոնը ժողովրդի սիրելի օրերից է, որի հետ կապված են բազմաթիվ հետաքրքիր ժողովրդական ավանդույթներ: Բավականին լայն տարածում ուներ և ունի Ավարայրի ճակատամարտին նվիրված ներակայացումներ կազմակերպելը, ինչպես նաև Վարդան անունը կրող որևէ գյուղացու տանը մատաղ անելու արարողությունը:
Հայաստանի տարբեր վայրերում, ինչպես նաև հայկական գաղթօջախներում, կան Վարդան Մամիկոնյանին և նրա զինակիցներին նվիրված սրբատեղիներ` եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր (Զովունիում և Անգեղակոթում կան 5-րդ դարի մատուռ-դամբարաններ, ուր ըստ ավանդության ամփոփված են Վարդանանց նահատակների մասունքներից, Վանի Ս. Վարդան եկեղեցում պահվել է Վարդան զորավարի ճկույթը, Համշենում, Ախալցխայում, ԱՄՆ Նյու-Յորքում ևս կան սրբատեղիներ): Վարդանանց քաջերի հիշատակին նվիրվել են նաև գեղանկարչական աշխատանքեր և հուշարձաններ: Երուսաղեմի հայկական սրբավայրում մի ուխտավոր իր իսկ ծախսերով պատվիրել էր խճանկար հայերեն արձանագրությամբ, որը նվիրվում է Վարդանանց պատերազմում զոհված անանուն հերոսների հիշատակին:
Մաշտոցի անվ. Մատենադարանում և այլ հայկական ձեռագրատներում պահվող ձեռագրերում կան Ավարայրի ճակատամարտը ներկայացնող բազմապիսի մանրանկարներ: Վարդանանց հերոսներին նվիրվել են երգեր և շարականներ («Վարդան զարավար», «Պլպուլն Ավարայրի», «Իմ հայրենյաց հոգի Վարդան», «Նորահրաշ»):
Մատենադարանի սանդղավանդակի որմնանկարը ներկայացնում է «Ավարայրի ճակատամարտը» («Վարդանանք» 7×3,5-54,5 մ) խճանկարը (1956-60 թթ.)։
Սև և սպիտակ տուֆով, երկրաչափական լուծումներով այդ հորինվածքների հեղինակն է Վան Խաչատուրը (Խաչատրյան Վանիկ): Էքսպրեսիվ պոռթկումով կատարված, դեկորատիվ հատկանիշներով ստեղծագործությունը եզրազարդված է ճարտարապետական մեծ ու փոքր կամարներով: Նկարիչն օգտագործել է նարնջագույն, սև, կարմիր, դեղին սմալտայի գուներանգներ, որոնք պատկերն ավելի արտահայտիչ են դարձնում:
Շնորհակալություն Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին էսքիզների լուսանկարները տրամադրելու համար։
Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն (Եղիշե)։ Վարդանանց նահատակներին տրված այս բնորոշումը բնութագրում է…
Опубликовано Մատենադարան – Matenadaran Четверг, 11 февраля 2021 г.