Ախտանշաններ, որոնց միջոցով աչքերը «հուշում են» վիտամին D-ի դեֆիցիտի մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Ախտանշաններ, որոնց միջոցով աչքերը «հուշում են» վիտամին D-ի դեֆիցիտի մասին. tert.am

Օրգանիզմում վիտամին D-ի՝ կարևորագույն տարրերից մեկի դեֆիցիտի ուսումնասիրությանն ուղղված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս միկրոտարրի պակասը կապված է աչքի անոթացանցի բորբոքման՝ ուվեիտի (ծիածանաբորբ) հետ։

Հետազոտությանը մասնակցել է կամավորների երկու խումբ, որոնցից առաջինի մասնակիցների մոտ ուվեիտ է ախտորոշվել, իսկ երկրորդ խմբի կամավորների մոտ նման խնդիր չէր նկատվում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ակտիվ ուվեիտով հիվանդների օրգանիզմում վիտամին D-ի մակարդակն ավելի ցածր էր քան այն կամավորների մոտ, որոնց մոտ ուվեիտն ակտիվ չէր։ Բացի այդ, գիտնականները նաև նկատել են, որ կանոնավոր վիտամին D ընդունող մարդկանց մոտ այս հիվանդության զարգացման հավանականությունը շատ ավելի մեծ էր։ Ի վերջո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս վիտամինի հավելումները կարող են օգնել կանխել ուվեիտի ռեցիդիվները։

Գիտնականները նախազգուշացնում են, որ արևի լույսից խուսափելը, կաթի նկատմամբ անհանդուրժողականությունն ու չափազանց խիստ վեգանական սննդակարգը բարձրացնում են վիտամին D-ի դեֆիցիտի հավանականությունը, իսկ այս խնդիրն իր հերթին բարձրացնում է առողջական մի շարք խնդիրների հավանականությունը։ Այս վիտամինը հայտնի է նաև արևային վիտամին անվամբ, քանի որ այն սինթեզվում է մարդու օրգանիզմում արևի ճառագայթների ներքո, ուստի զարմանալի չէ, որ արևի տակ քիչ ժամանակ անցկացնելու դեպքում վիտամին D-ի դեֆիցիտի հավանականությունը մեծանում է։ Նման դեպքերում օրգանիզմը սովորաբար հուշում է խնդրի մասին որոշակի ախտանշանների միջոցով, որոնց նկատմամբ ուշադիր լինելու դեպքում կարելի է ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու և հնարավոր բարդությունները կանխելու համար

Ինչպես գրում է բրիտանական Express պարբերականը ուվեիտը կարող է լինել այդ ախտանշաններից մեկը, սակայն սա աչքերի հետ կապված միակ խանգարումը չէ, որ կարող է պայմանավորված լինել վիտամին D-ի դեֆիցիտով։ Ծիածանաբորբից բացի խնդրի մասին կարող են հուշել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են լույսի նկատմամբ արքերի գերզգայունությունը, աղոտ ու ոչ հստակ տեսողությունը, աչքերի առաջ արտասովոր փառի առկայությունը,ինչպես նաև աչքերի կարմրությունն ու ցավը։

Նման խնդիրներից խուսափելու և ձմեռվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ վիտամին D ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ընդունել այս տարրը վիտամինային հավելումների տեսքով։ Սակայն միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել նման հավելումների գործածությունը, քանի որ այս տարրի չարաշահումը կարող է դրա դեֆիցիտից ոչ պակաս վտանգավոր լինել։

Mayo Clinic-ի գիտնականների տվյալներով՝ վիտամին D-ն կարող է «տոքսիկ» լինել, իսկ դրա «տոքսիկության» հիմնական հետևանքներից մեկը հաճախ միզելու ցանկությունն է։ Հարկ է հիշել, որ վիտամին D-ն ճարպալույծ է, ուստի օրգանիզմից դուրս չի գալիս մեզի հետ։ Սա նշանակում է, որ այն չափազանց մեծ քանակությամբ օգտագործելը կարող է դառնալ արյան մեջ կալցիումի կուտակման պատճառ, ինչն էլ կհանգեցնի հիպերկալցերիմեայի՝ արյան մեջ կալցիումի մակարդակի ախտաբանական բարձրացմամբ դրսևորվոր խանգարման զարգացման։

 tert.am