Չորս պարզ խորհուրդ ճիշտ սնվել ցանկացող մարդկանց համար
Advertisement 1000 x 90

Չորս պարզ խորհուրդ ճիշտ սնվել ցանկացող մարդկանց համար

Եթե ցանկանում եք ճիշտ սնվել եւ ավելի առողջ կենսակերպ վարել, բայց չգիտեք, թե ինչից է պետք սկսել, ապա դիետոլոգ Նմամի Ագարվալի (Հնդկաստան) խորհուրդները կարող են ձեզ օգնել:

Ձեզ քաղցով մի՛ հյուծեք

Մասնագետի խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ ձեզ քաղցով չհյուծեք եւ ամեն խախտման համար ձեզ չմեղադրեք: Եթե ինչ-որ վնասակար բան եք կերել, հաջորդ անգամ սնվելիս արժե ընտրել ինչ-որ օգտակար բան:

«Կյանքն անհրաժեշտ է ապրել հաճույքով: Եթե ընկնում եք, չէ՞ որ ոտքի եք կանգնում: Այդպես է նաեւ սնվելու դեպքում, անհրաժեշտ է ուղղակի կրկին սկսել առողջ սնունդ ուտել: Գլխավորն այն է, որ վնասակարը չուտեք երկրորդ անգամ անընդմեջ»,- ասել է Ագարվալը:

Հրաժարվեք ալկոհոլից

Դիետոլոգը խորհուրդ է տալից ալկոհոլից ամբողջությամբ հրաժարվել, բայց եթե դա անհնար է, ցանկալի է ալկոհոլի քանակությունը գոնե նվազեցնել. դրա համար կարելի է կարճ եւ լայն բաժակների փոխարեն օգտագործել երկար եւ նեղ բաժակներ:

«Չնայած այդ բաժակների ծավալը նույնն է, մեր ուղեղը հակված է վերագնահատել ուղղաձիգ իրերի չափերը: Ուստի բարձր բաժակից դուք ավելի քիչ կխմեք»,- ասել է մասնագետը:

Հրաժարվեք կիսաֆաբրիկատներից

Ագարվալը նաեւ կոչ է արել աստիճանաբար հրաժարվել կիսաֆաբրիկատներից, քանի որ սովորական մթերքները ոչ միայն ավելի օգտակար են, այլեւ նպաստում են նիհարելուն: Դիետոլոգը խորհուրդ է տալիս սննդակարգի մեջ թողնել ընդամենը 10-20 տոկոս կիսաֆաբրիկատ:

Մի՛ շտապեք

Մասնագետի խոսքով՝ առողջ սնվելուն անցնելը արագ չի կատարվում: Սկզբում կարող է թվալ, թե առողջ սնվելը շատ դժվար է, բայց ժամանակի ընթացքում այդ զգացողությունը կանցնի: Ագարվալը խորհուրդ է տվել առողջ սնունդը դնել տեսանելի տեղում, իսկ վնասակարը ավելի հեռու թաքցնել:

news.am