Դերասանուհի Անաիս Սարդարյանը, որը տեւական ժամանակ է՝ հրաժռշտ է տվել իր թատերական եւ հեռուստատեսային գործունեությանը, միայն մեկ օրով պատրաստվում է բարձրանալ բեմ, որպեսզի ներկայացնի պատերազմի օրերին իր եւ տարբեր ոլորտների կամավորների կյանքում պատահած այն իրական պատմությունները, որոնք կստիպեն, ինչպես արտասվել, այնպես էլ՝ ժպտալ: Դերասանուհու «Կամաwar» մոնոներկայացումը, որը տրագիկոմեդիա ժանրում է, տեղի կունենա ապրիլի 11-ին՝ Տիկնիկային թատրոնում, որտեղ էլ Անաիսն ու իրենց կամավորական թիմը 63 օր շարունակ օգնել են կարիքի մեջ հայտնված մեր հայրենակիցներին:
Թե ինչպես սռաջացավ ներկայացման գաղափարն ու ինչպես որոշեց այն կյանքի կոչելու համար կարճ ժամանակով բարձրանալ բեմ, Անաիսը պատմել է NEWS.am STYLE-ին:
«Ներկայացման վերնագրի շուրջ երկար ենք մտածել, քանի որ «կամավոր» բառն ինձ համար հերոսի հոմանիշ է, կապ չունի՝ ովքեր են այդ կամավորները՝ հերոսներ, որոնք գնացել են սահման, թե հերոսներ, ովքեր այստեղ են կամավորություն արել: Ես, անգամ, տարբերություն չեմ ուզում դնել քնապարկ կարող կնոջ եւ անիվ հավաքող երեխայի միջեւ, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն իր մասով եղել է կամավոր, եղել է հերոս»,-նշեց դերասանուհին եւ, անդրադառնալով ներկայացման գաղափարին, հավելեց.
«Ինքս տեսել եմ 44 օր իրար սիրող ու օգնող ազգի, իսկ ներկայացման գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ հայերն այլեւս միասնական չեն՝ բաժանվել են, սկսել են միմյանց հանդեպ սառել… Ես մինչեւ հիմա էլ շարունակում եմ օգնություն հասցնել թե´ վիրավոր զինվորներին, թե´ զոհված հերոսների ընտանիքներին, ու տեսնում եմ, թե ինչպես են օգնողները, ցավոք, քչանում: Այն ժամանակ, եթե ինձ դիմում էին 10-15 վիրավոր զինվոր օգնության համար, լինում էր 20-30 օգնող, հիմա լրիվ հակառակ ռեակցիան է»:
Անաիսը, սակայն, շտապեց տեղեկացնել, որ ներկայացումն, ամենեւին, միտում չունի գովերգել իրենց՝ կամավորների կատարած աշխատանքը.
«Երեւի՝ ոմանց կթվա, թե ներկայացումը մեր՝ կամավորներիս մասին է, թե գովերգում ենք այն, ինչ արել ենք, բայց, ամենեւին, այդպես չէ: Ներկայացումն այն մասին է, թե ինչ են արել մարդիկ մեր շնորհիվ: Մենք, այսպես ասած, կապող օղակ ենք հանդիսացել օգնության կարիք ունեցող մարդկանց ու օգնողների միջեւ: Պատմությունն այդ երկու կողմերի մասին է: Նշեմ, որ առաջին բառից մինչեւ վերջինը ներկայացումն ամբողջությամբ հիմնված է իրական պատմությունների վրա: Չկա ոչ մի հորինվածք կամ սուտ: Սցենարի շուրջ աշխատում ենք Լեւոն Բեգլարյանի հետ, պրոդյուսերն Արտաշես Բաբայանն է: Մեզ շատ հեշտ է եղել պատմությունը գրելը, որովհետեւ սցենարը Լեւոնը չի հորինել, իսկ այն պատմելու գաղափարն Արտաշինն էր: Մի օր նա ասաց, որ այս մասին կարելի է բարձրաձայնել: Մտածում էինք վիդեո տարբերակով պատմել մարդկանց բոլոր հավանական եւ անհավանական պատմությունները, բայց հետո հասկացանք, որ շատ ավելի լավ կլինի այդ ամենն անել ներկայացման տեսքով, որովհետեւ այն բոլոր իրական զգացմունքները, որոնք ես պատրաստ եմ այդ օրը ներկայացնել հանդիսատեսին, կարծում եմ, վիդեոյի միջոցով երբեւիցե չէի կարողանա փոխանցել»:
Ամբողջությամբ՝ news.am