Չինացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի սննդակարգն է կարող երկարացնել կյանքը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ երկարակեցության համար անհրաժեշտ է ավելի շատ բանջարեղեն եւ միրգ ուտել: Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են սննդային սովորությունների 26 առողջապահական հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել են շուրջ 1.9 միլիոն մարդ Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Ավստրալիայի 29 երկրներից եւ տարածաշրջաններից: Ինչպես պարզվել է, այն մարդիկ, ովքեր օրական մոտ 5 բաժին միրգ եւ բանջարեղեն են կերել, ունեցել են կյանքի ամենաերկար տեւողությունը:
Սակայն ոչ բոլոր մրգերն ու բանջարեղեններն են առողջարար եւ ոչ բոլորն են նույն կերպ նպաստում երկարակեցությանը: Մետաանալիզը ցույց է տվել, որ օսլա պարունակող բանջարեղենի (օրինակ՝ սիսեռ, եգիպտացորեն, կարտոֆիլ) օգտագործումը չի նվազեցնում վաղաժամ մահվան վտանգը: Իսկ առավել օգտակար են կանաչ տերեւային մթերքները, ինչպես նաեւ բետա-կարոտինով եւ վիտամին C-ով հարուստ մրգերն ու բանջարեղենը, մասնավորապես՝ ցիտրուսային մրգերը, հատապտուղները եւ գազարը: