Ձվի շուրջ ստեղծված աժիոտաժը պայմանավորված է մեկ բանով՝ վաճառողներն արհեստական դեֆիցիտ են ստեղծել՝ ձուն պահելով, որպեսզի վերջին օրը բարձր գնով վաճառեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքով այս արարքն անպատիժ չպետք է մնա և թե՛ ՊԵԿ-ը, թե՛ ՏՄՊՊՀ-ն պետք է ուսումնասիրեն, վերլուծեն՝ խանութները որքան ձու են ստացել, որքանն են սպառել և որքանը կուտակել. «Մի քանի օր առաջ ձու չկար, բայց Զատիկից հետո տեսնում ենք, որ կա։ Այդ ձուն օդից չընկավ, նշանակում է՝ մի տեղ պահեստավորված էր»,-ասաց Արմեն Պողոսյանը։
Նշենք, որ օրեր առաջ ՏՄՊՊՀ նախագահը հայտարարել էր, որ վարույթ է հարուցվել, սակայն Արմեն Պողոսյանն ընդգծում է՝ դա իրենց համար պատասխան չէ։ Նրա համոզմամբ ՏՄՊՊՀ-ն պետք է օպերատիվություն ցուցաբերեր, մտներ խանութներ, պահեստներ ու պարզեր, թե ուր անհետացան ձվի քանակները։
Հարցին՝ հնարավո՞ր է ՏՄՊՊՀ-ն համապատասխան գործիքակազմ չուներ, որպեսզի ավելի օպերատիվ կատարեր ուսումնասիրությունն ու խնդրի լուծում գտներ, Արմեն Պողոսյանն ասաց. «Մեր երկրում նմանատիպ մի քանի հանձնաժողով կա և դրանցից միայն այս մեկն է կոչվում պետական։ Ուսումնասիրելու և ստուգելու իրենց լիազորությունները շատ մեծ են։ Նրանք խանութների պահեստներ մտնելու արտոնություն ունեն և պետք է օգտագործեին այդ լիազորությունը։ Եթե չեն օգտագործել, նշանակում է՝ կա անպատասխանատվության մթնոլորտ, իսկ չինովնիկները միշտ արդարացում են փնտրում իրենց անգործությունը հիմնավորելու համար»,-ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահը։
Վերջինս կարծում է, որ այս ամենի մեղավորը վաճառողներն են։ Խոշոր վաճառողները միշտ են թելադրողի դերում, սակայն Արմեն Պողոսյանի համար զարմանալի է, թե ինչպես կարողացան անել, որ ձուն ոչ միայն մեծ խանութներում, այլև փոքր կրպակներում վերացավ. «Սա կիսամաֆիոզ ստրուկտուրա է։ ՊԵԿ-ը պետք է օպերատիվ ծառայություն ունենա, որը հետամուտ կլինի և կպարզի»,- նշեց Արմեն Պողոսյանը։
Թեև ամեն տարի նախատոնական օրերին գների բարձրացման խնդիր լինում է, բայց չէր եղել նման դեպք, երբ ձուն մի քանի օրով բացարձակ վերանար։ Արմեն Պողոսյանը գտնում է՝ պատկան մարմինները պետք է հետամուտ լինեն այս ամենի բացահայտմանը և օրենքով նախատեսված պատժամիջոցները կիրառեն. «Պատժաչափերը սկսվում են տուգանքից, հաջորդ քայլը խանութը փակելն է, իսկ տվյալ ձեռնարկությունը մի քանի օրով փակելը նշանակում է սնանկացում»,- ասաց Արմեն Պողոսյանը։