Azgonline.am-ի թղթակից Հայկ Սիրունյանը բացառիկ զրույց է ունեցել հայ կինոաշխարհի և հեռուստաթատրոնի հիմնադիրներից՝ Հերբերտ Գասպարյանի հետ:
Հերբերտ Գասպարյանը հայ ականավոր կինոռեժիսոր է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ և հայ կինոյի, հեռուստաթատրոնի նախահայրերից: Սույն հարցազրույցով ևս մեկ անգամ երևան են հանվում և ընդգծվում Հերբերտ Գասպարյանի՝ հայ մշակույթին մատուցած բացառիկ ծառայությունները, բացի այդ՝ վավերագրական նշանակություն ունի հայ հեռուստաթատրոնի պատմության տեսանկյունից:
–Հայկական հեռուստատեսության հիմնադրումը և Ձեր մուտքը հեռուստատեսություն:
-Հայկական հեռուստատեսության ստեղծումը եղավ 1956 թվականին: Այդ ձեռքբերումը երկնքից չընկավ: Խորհրդային իշխանությունը 15 հանրապետություններին հատկացրեց 60 քմ-անոց տիպային ստուդիաներ՝ այն միտումով, որ զարգանա հեռուստատեսությունը բոլոր հանրապետություններում: Այդ ժամանակ ամբողջ աշխարհում ծագեց ռադիոն տեսանելի դարձնելու մի պահանջ: Բայց քանի որ գործ ունեին էկրանի հետ՝ բացի տեսանելի ռադիոյից, զգացվեց նաև գեղարվեստականության պահանջ: Ահա արևմուտքում գեղարվեստականությունը գերադասելի դարձավ շոուների, խաղերի, սպորտային հաղորդումների միջոցով: Իսկ Խորհրդային գաղափարախոսությունը պահանջում էր առաջին հերթին անդրադառնալ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, երիտասարդությանը, մանուկներին և, իհարկե, կարևոր էր նաև գեղարվեստական ու երաժշտական մոտեցումը:
Իսկ ի՞նչ եղավ հայկական հեռուստատեսությունում: Հավաքվեցին բանիմաց մարդիկ (կարծես ընտրված էին բոլորը), և, այսպես ասած, հիմնեցին հայկական հեռուստատեսությունը (Ներսես Կագրամանով, Մարատ Մարինոսյան, Ժիրայր Ավետիսյան, Կիմ Արզումանյան, Օլգա Մելիք-Վրթանեսյան, Արշալույս Սարոյան, Գրիշա Արզումանյան Վիլեն Զաքարյան, Գրիգոր Էյրամջյան, Արմեն Հովհաննիսյան, Մարկ Պետրոսյան, Նովալիս Դերոյան և այլք): Այնուհետև ստեղծվեցին գրական-դրամատիկական, երաժշտական խմբագրությունները, որոնք լցնում էին հայ հեռուստատեսությունը գեղարվեստականությամբ:
Ինչպիսի՞ մոտեցում ունեցանք մենք: Մենք իսկույն հասկացանք, որ եթե ռադիոյում «առաջին ջութակ»-ը խմբագիրն է, ապա հեռուստատեսությունում «առաջին ջութակ»-ը պետք է լինի ռեժիսորը, որովհետև հեռուստատեսությունը կադր է, ուրեմն կինո է, ուրեմն նաև արվեստ է: Իսկ այդ դեպքում լուրերը արվե՞ստ է, թե՞ արվեստ չէ: Միայն մի բան կարող եմ ասել՝ լուրերը նույնպես պետք է արվեստով մատուցել. մենք դա վաղուց էինք հասկացել:
–Թատրոն, կինո, հեռուստատեսություն և հեռուստաթատրոն, որպես այս եռամիասնության օրգանական համաձույլ
-Ես հիշատակեցի, որ կային գլխավոր խմբագրություններ, որոնց թվում էր նաև գրական-դրամատիկական խմբագրությունը, և որն էլ հենց զբաղվում էր թատերական ներկայացումներ բեմադրելով՝ այդ 60 քմ-անոց ստուդիայում: Հեռուստատեսության հիմնադրումից մեկ տարի չանցած՝ 1957 թ-ին, առաջին բեմադրությունը իրագործեց Մարատ Մարինոսյանը՝ «Լենինն ու Ալին», «Մարդու Ճակատագիրը» ներկայացումներով: Այնուհետև Կիմ Արզումանյանը բեմադրեց Շիրվանզադեի «Արտիստը» և «Սայաթ Նովա» գործերը, որոնցից «Սայաթ Նովա»-ն որոշվեց նկարահանել «Երևան» ստուդիայում՝ որպես գեղարվեստական ֆիլմ: Իսկ հետո Օլգա Մելիք-Վրթանեսյանը և Ավիկ Թորոսյանը բեմադրեցին «Խաչատուր Աբովյան» և «Ֆեդերալ ոստիկանության կոմիսարը» պիեսները: Այդ բեմադրություններով ռեժիսորները նորամուծություններ էին ի հայտ բերում: Օրինակ՝ «Մարդու ճակատագիրը» ներկայացման ժամանակ առաջին անգամ օգտագործվեցին կինոկադրեր:
Գրական-դրամատիկական ներկայացումներում զբաղված էին հանրապետության լավագույն դերասանները: Ներկայացումները տեղի էին ունենում երկուշաբթի օրերին, որովհետև այդ օրերին դերասաններն ազատ էին: Բնական է՝ այդ ժամանակ չկար տեսագրություն և բոլոր հաղորդումները տեղի էին ունենում կենդանի եթերով: Ի՞նչ ասել է կենդանի եթեր: Այսինքն՝ կադրը, գործողությունների շղթան պետք է պատրաստել նախօրոք, և այդ պահին եթեր տալու համար: Մարատ Մարինոսյանը պատմում էր, որ լուր տարածվեց ամբողջ Խորհրդային միությունում, թե հայերը գժվել են՝ 60 քմ տարածության մեջ կատարում են լայնածավալ բեմադրություններ: Որոշեցին գալ Հայաստան: Պատվիրակություններ եկան Վրաստանից, Էստոնիայից, Թուրքմենիայից, Ուզբեկստանից և նստեցին ռեժիսորի վահանակի ետևում՝ դիտելու համար, թե ինչպես են իրագործվում ներկայացումները: Այստեղ ես ուզում եմ հիշատակել մարդկանց, որոնց շնորհիվ իրագործվում էր այս ամենը. օպերատորներ Գյորգի Տիրոսյան, Վահագն Ղարիբյան, Էդուարդ Հակոբյան, Ռոմիկ Կարիկյան և նկարիչներ Շահեն Հակոբյան, Գեղամ Ասատրյան, Արշալույս Չիֆլիկյան, Վանիկ Սանթելյան:
–Անցյալի հնարավորությունները քիչ էին, բայց ստեղծվում էր մնայուն արժեք, որը հիմա փայփայում ենք արխիվներում, իսկ հիմա բոլոր նախադրյալները կան, սակայան, բացակայում է արվեստը և վերջինիս գիտակցումը:
-Տեսեք, թե ինչ է ստացվում: Մենք այն ժամանակ ռեպերտուարում ունեինք համաշխարհային լավագույն պիեսները, որոնք անմիջապես թարգմանվում և խմբագրվում էին: Ես ուզում եմ հիշատակել Արտաշես Քալանթարյանին, Մարիկա Բերոյանին, Վարսիկ Գրիգորյանին, Սեդա Սարգսյանին, և, իհարկե, Արմեն Հովհաննիսյանին: Հետագայում հայտնվեցին բանիմաց երիտասարդ արվեստագետներ, ռեժիսորներ (Կառլեն Վարժապետյան, Թամարա Բիծյուցկայա,Հերբերտ Գասպարյան, Ռուբեն Հախվերդյան, Ռեմ Սարգսյան, Արշակ Մարգարյան, Հրաչյա Աշուղյան, Անտոն Աղայանց, Իռա Օհանյան), խմբագիրներ (Հայկ Վարդանյան, Կարեն Մանանդյան, Մարուսյա Մարտիրոսյան, Գարիկ Ղազարյան, Լիզա Ճաղարյան, Գոհար Հակոբյան, Սպարտակ Վարդանյան), օպերատորներ (Ռևիկ Բաղդասարյան, Ֆրունզե Մկրտչյան, Միքայել Կճանյան, Բորիս Պետրոսյան, Գագիկ Համբարձումյան, Արտյոմ Ղազանչյան, Տիգրան Փենեսյան, Պողոս Սիմիթյան, Վոլոդյա Մկրտչայն,), նկարիչներ (Աշոտ Համբարձումյան, Միհրան Քեչողլյան, Յուրի Խաչանյան), ովքեր իրենց ձեռքը վերցրին մեծերի գործը:
–Իսկ ինչպես ստեղծվեց հեռուստաթատրոնը:
-Երբ հավաքվեց ստեղծագործողների մի հզոր բանակ՝ ռեժիսորներ, խմբագիրներ, թարգմանիչներ, հնչյունային ռեժիսորներ, առաջացավ պահանջ՝ ստեղծելու առանձին միավոր, որն անվանվեց հեռուստաթատրոն: Երբ մենք ասում ենք «կինոթատրոն»՝ հասկանում ենք կինոթատրոնի շենքը, իսկ «հեռուստաթատրոն» ասելիս՝ հասկանում ենք հեռուստատեսային թատրոն: Եվ, զարմանալի կերպով, դա աշխատեց: Եվ ահա 1970-ական թվականներին Ռադիոհեռուստատեսության կոմիտեի նախագահ Ստեփան Պողոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց առանձին միավոր՝ հեռուստաթատրոն: Գրական-դրամատիկական խմբագրությունը բաժանվեց երկու մասի՝ «հեռուստաթատրոն», որի գլխավոր խմբագիրն էր Արտաշես Քալանթարյանը, գլխավոր ռեժիսորը՝ Օլգա Մելիք-Վրթանեսյանը, և «արվեստ, կինո և գրականություն» առանձին խմբագրությունը, որի գլխավոր խմբագիրն էր Պերճ Ստեփանյանը, գլխավոր ռեժիսորը՝ Կիմ Արզումանյանը: Հեռուստաթատրոնում ստեղծվեց նաև տաղանդավոր դերասանների մշտական մի խումբ: Նրանք էին Գևորգ Էլբակյանը, Նինա Հովսեփյանը, Սերգուշ Բաբայանը, Ռազմիկ Ազրոյանը, Սյուզան Դադյանը: Իրենց առաջին ներկայացումն էր Ռոզովի «Երջանկություն որոնելիս» գործը (ռեժիսորներ՝ Ստեփան Ջանիբեկյան, Հերբերտ Գասպարյան): Հեռուստաթատրոնի ստեղծման օրից ևեթ շուրջ երկու տասնամյակ, ամեն երկուշաբթի մենք նոր ներկայացում էինք ցուցադրում: Եվ, Վարսիկ Գրիգորյանն էլ, այդ առիթով շատ տեղին անվանեց «այն երանելի երկուշաբթիները»: Եվ բնական է մարդիկ անհամբեր սպասում էին այդ «երանելի երկուշաբթիներին»:
–Իսկ ինչու՞ հանկարծ ավարտվեց հեռուստաթատրոնը:
-Ես չեմ կարծում, որ հեռուստաթատրոնը սպառեց իրեն, չնայած, որ պահանջվում է նոր խոսք, նոր մոտեցում, ի միջի այլոց մենք պատրաստ էինք նորամուծությունների, այլ բան է, որ իրենք, ըստ երևույթին, պատրաստ չէին ֆինանսավորելու: Եվ, երևի ավելի հեշտ էր քանդելը, քան պահպանելը: Մի խոսքով ունենք այն ինչ ունենք: Բայց ես կարևոր եմ համարում նշել, որ հեռուստաթատրոնի չլինելը կորցրեց շատ կարևոր չորս կոմպոնենտ:
Առաջինը, որ հեռուստադիտողը դադարեց առնչվել համաշխարհային բարձրակարգ գրականության և դրամատուրգիայի հետ:
Երկրորդ՝ կորցրեց դերասանն այն պոպուլյարությունը, որ վայելում էր խաղալով հեռուստաթատրոնում:
Երրորդ՝ հեռուստաթատրոնը դաստիարակում էր. մարդիկ բանավիճում էին ամենուր՝ և՛ տանը, և՛ տրանսպորտում, և՛ աշխատավայրում: Անընդհատ քննարկում էին ներկայացումները՝ դրանցով դաստիարակվելով:
Չորրորդ՝ դադարեց այն միջազգային ընկալումը, որ մենք մասնակցում էինք փառատոններին և հեռուստաթատրոնի ղեկավարությունը (տնօրեններ՝ Մոնիկա Տեր-Պողոսյան, Ռաֆայել Համբարյան, գլխավոր ռեժիսորներ՝ Կառլեն Վարժապետյան, Հրաչյա Աշուղյան, Հերբերտ Գասպարյան) միշտ աջակցում էր մեր մասնակցությանը և մենք մրցանակով էինք վերադառնում: Օրինակ՝ Ռիգայում Կառլեն Վարժապետյանի բեմադրությամբ Չարենցի «Երկիր Նաիրրի» ներկայացումը առաջին մրցանակը կիսեց վրացական հեռուստատեսության «Կուկարաչա» ներկայացման հետ: Իսկ հետո Քիշնևում ստացանք գլխավոր մրցանակ՝ Հերբերտ Գասպարյանի բեմադրությամբ Հովհաննես Մելքոնյանի «46 թվականը» ներկայացման համար, ի դեպ, վրացիները նորից բերել էին «Կուկարաչա»-ն: Սա ևս մեկ անգամ փաստում է այն պրոգրեսը, որ ուներ հեռուստաթատրոնն այդ տարիներին: Ուղղակի ես ուզում եմ հիշել շատ կարևոր արվեստագետների, ովքեր բեմադրող ռեժիսորների կողքին էին, հանձինս հնչյունային ռեժիսորների՝ Հայկ Ներսիսյան, Արսեն Սարաֆյան, Ռոմիկ Գևորգյան, Մեսրոպ Փահլավունի, Լևոն Թադևոսյան, Արեգ Գրիգորյան, Ռաֆայել Եփրեմյան, Գրիգոր Բարսեղյան, Գևորգ Մանուկյան, Կարեն Չիլինգարյան:
–Երկար տարիներ է՝ ինչ դասավանդում եք Մանկավարժական համալսարանում, շուրջ տասը տարի որպես գլխավոր ռեժիսոր ղեկավարել նույն համալսարանին կից թատրոն–ստուդիան: Ձեր խոսքն են լսում տարբեր, նույնիսկ իրար հակասող սերունդներ:
– Նոր սերունդը զարմանալի է և հետաքրքիր: Նրանք բնավորությամբ ուրիշ են, այլ են: Ես վերապահումներով էի ասում, որ մտածե՛ք, պետք է ձգտե՛լ հանրապետությունը հզորացնել և այլն: Տեսեք՝ հանկարծ, միանգամից ծնվեցին այդքա՜ն հերոսներ. մի գեղեցիկ երիտասարդություն, որ բերեց այն հերոսականությունը,որը հիմա, մենք, ցավոք սրտի, վերապրում ենք, ու…առանց արցունքի չենք կարող տանել: Իմ կուրսի Ալեն Մարգարյանը, որ զոհվեց այս կռվում, ասում էր, թե ուզում է գրավել աշխարհը: Ասում էի՝ աշխարհը, այսինքն հողե՞րը, ինչպե՞ս: Ասում էր՝ ոչ, գիտելիքով եմ ուզում գրավել: Հրաշալի երիտասարդ, գիտելիքի ինչպիսի՜ պաշարով:
Ես միշտ շրջապատված եմ եղել տաղանդավոր երիտասարդներով, ուսանողներով, որոնց հետ տասը տարի շարունակ ստեղծել ենք Մանկավարժական համալսարանին կից թատրոն-ստուդիան, որն ուներ գրեթե պրոֆեսիոնալ կազմ, և բեմադրեցինք բազմաթիվ ներկայացումներ.
- Ա. Ռոզով «Երջանկություն որոնելիս», 2007
- Ժիրայր Անանյան«Տե՛ր, մի թող մեզ անտեր», 2008
- Վիլյամ Սարոյան«Հե՛յ, ո՞վ կա», «Հայն ու հայը», «Հանճարը», «Հնաոճ կատակերգություն»,2009 «Այնտեղ, ուր ես ծնվել եմ մարդիկ բարեկիրթ են», նվիրված Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին
- Խաչատուր Աբովյան«Դեպի Արարատ» և «Ֆեոդորա կամ որդիական սեր», 2010 նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200 ամյակին
- Ֆ.Դյուրրենմաթ «Ֆիզիկոսներ», 2011
- Ժիրայր Անանյան «Կարուսել», 2011
- Ջ.Պրիստլի «Սկանդալ, որ պատահեց միստր Քեթլի և միսիս Մունի հետ» (ընթացիկ)
- Ռիչարդ Կալինոսկի«Հրեշը լուսնի վրա», 2015
Սովորել, և իմանալ, թե ինչի համար սովորել: Սրանք ամենակարևորն են: Կա մի նոր մոտեցում, որ բխում է 21-րդ դարից: Նոր մոտեցումը արվեստի նկատմամբ ֆունդամենտալ պետք է լինի: Նոր մոտեցումները չպետք է մոռացնել տան հինը. ռեժիսուրայի արմատները շատ հին են: Պարտադիր նվիրում է պահանջվում, որը, իմ կարծիքով, դժվար է տրվում մեր օրերում: Այնուամենայնիվ, ինչ-որ նոր բան է մեզ պետք, նոր ֆորմա: Գուցե աշխարհում դադարեց հեռուստաթատրոնի գործունեությունը, բայց ես չեմ կարող ասել, որ այն հնացավ: Խնդրեմ, նայեք մեր ներկայացումները. նրանք չեն հնանում, որովհետև արվեստ կա ներսում: Արվեստն ինչպե՞ս կհնանա: Խորհրդային միությունը ոչինչ չէր խնայում լավ հեռուստատեսություն ունենալու համար, և հեռուստաթատրոնն էլ ամենաշատ ծախսեր պահանջող միավորն էր հեռուստատեսությունում: Իսկ ահա, ԽՍՀՄ փլուզումից հետո, որոշեցին խնայողություններ անել, և չցանկացան վճարել հեռուստաթատրոնի համար պահանջվելիք ոչ այնքան մեծ գումարները: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ. Հեռուստաթատրոնին փոխարինեցին սերիալները… Մի ամբողջ շաբաթ, մարդիկ անհամբերությամբ սպասում էին երկուշաբթի օրվան, արվեստի ժամին, որ դիտեն նոր ներկայացում և քննարկեն ու զրուցեն անընդհատ. ամեն անգամ նոր ներկայացում, այլ ոչ՝ սերիալային հաջորդականություն:
–Որպես վերջաբան…
-Ես իմ ափսոսանքը պետք է հայտնեմ, որովհետև արվեստից այդքան հեշտ չեն հրաժարվում: Կարծես մոդա է դարձել մոռացության մատնելը: Ազգային մոտեցումն է վերանում ամեն ինչից՝ ազգային դիմագիծը, որն այնքա՜ն հեշտ է կորցնելը…
*Ստորև Հերբերտ Գասպարյանի բեմադրություններից մի փոքրիկ ցանկ.
- Վ. Եժով «Երբ սոխակներն են երգում» (Հոկտեմբերյանի ժող թատրոն) Համամիութենական ոսկե մեդալ
- Ֆ.Դյուրրենմաթ «Վթար», 1973
- Փրիստլի «Սկանդալ»- 1977, (2 մաս)
- Ա. Վամպիլով «Բադի որսը», 1979, (2 մաս)
- Հ. Մելքոնյան «46 թվականը», 1982, արժանացել է Քիշնևում կայացած համամիութենական փառատոնի գլխավոր մրցանակին,
- Հ. Մելքոնյան «Հրաչյա Քոչարը ներկայանում է»,
- Վ. Իսրայելյան «7-րդ աշխարհամաս», 1983
- Ֆ. Դոստոևսկի «Գրառումներ ընդհատակից»
- Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան 40 օրը», (Գրիգոր Չալիկյան, Հերբերտ Գասպարյան) 1985, 5 մաս
- Վիլյամ Սարոյան Խենթացած մի գնա», 1987, 2 մաս, ցուցադրվել է կենտրոնական հեռուստատեսությամբ, 1990
- Ա. Քրիստի, «Էնդհաուսի առեղծվածը», 1989, 10 մաս
- Գրիգոր Զոհրաբ «Զաբուղոն» (Գիշերվան մարդը) 1990
- Ա. Քերոբյան «Չկայացած երկխոսություն» նվիրված պրոֆեսորՄարատ Մարինոսյանին, 1995
- Գ. Խանջյան «Հեռուստատեսային ազատ շուկա», 1992
- Բեռնարդ Շոու «Ինչպես նա խաբեց սիրուհու ամուսնուն», 1993, դիպլոմի գեղարվեստական ղեկավար
- Ֆ. Արաբալ «Խնջույք», 1993
- Անրի Թրուայա «Լավագույն հաճախորդը», 1994, դիպլոմի գեղարվեստական ղեկավար
- «Ծիծաղի տուն» հաղորդաշար, շուրջ 300 հաղորդում, 1996-2005
Մանկավարժական համալսարանին կից թատրոն-ստուդիա
- Ա. Ռոզով «Երջանկություն որոնելիս», 2007
- Ժիրայր Անանյան «Տե՛ր, մի թող մեզ անտեր», 2008
- Վիլյամ Սարոյան «Հե՛յ, ո՞վ կա», «Հայն ու հայը», «Հանճարը», «Հնաոճ կատակերգություն», 2009, նվիրված Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին
- Խաչատուր Աբովյան «Դեպի Արարատ» և «Ֆեոդորա կամ որդիական սեր», 2010 նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200 ամյակին
- Ֆ.Դյուրրենմաթ «Ֆիզիկոսներ», 2011
- Ժիրայր Անանյան «Կարուսել», 2011
- Ջ.Պրիստլի «Սկանդալ, որ պատահեց միստր Քեթլի և միսիս Մունի հետ» (ընթացիկ)
- Ռիչարդ Կալինոսկի«Հրեշը լուսնի վրա», 2015
Զրուցեց՝ Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ