Թոնդրակեցիներ
Advertisement 1000 x 90

Թոնդրակեցիներ

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է թոնդրակեցիների պատմությունը:

Հայաստանը աղանդավորական շարժումների կենտրոն է հանդիսացել: Դրա պատճառները բազում են. սոցիալական խնդիրներ, եկեղեցու կողմից բնակչության կեղեքում և այլն…

Աղանդավորական շարժումների մեջ ամենաուժեղն ու ամենատարածվածը թոնդրակյան շարժումն էր: Ովքե՞ր էին թոնդրակեցիները և ի՞նչ էր նրանց պահանջը. Շրջագայելով միջնադարյան Հայաստանում` փորձենք պատասխաններ գտնել մեր հարցերին:

Առհասարակ, թոնդրակեցիների մասին միանշանակ ասել թե դա աղանդավորական շարժում էր` սխալ է: Շատ ուսումնասիրողներ թոնդրակեցիներին համարում են արորդիներ, ոմանց կարծիքով` նրանք լրիվ այլ կրոն էին ստեղծել և թոնդրակեցիների պաշտամունքը ամենևին աղերս չուներ քրիստոնեության հետ: Ինչևէ…

Թոնդրակեցիների անվանումն առաջացել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Թոնդրակ գյուղի անունից, որտեղից իր գործունեությունն է սկսել շարժման առաջնորդ Սմբատ Զարեհավանցին:

Սմբատ Զարեհավանցին ծնվել է Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում: Նա երկար ճամփորդել է Հայաստանում և հարևան երկրներում` ծանոթանալով ժամանակի բոլոր ուսմունքներին ու գաղափարախոսություններին: Եղել է նաև պավլիկյան շարժման կենտրոնում` Տևրիկ քաղաքում, որտեղ մանրամասն ուսումնասիրել է նաև պավլիկյանների գաղափարաբանությունը:

Վերադառնալով հայրենիք` նա հաստատվել է Ապահունիքի Թոնդրակ գյուղում և քարոզել իր մտքերը: Ժամանակի սոցիալ-տնտեսական բարդ հարաբերությունների մեջ, երբ զարգացող ֆեոդալիզմը մի կողմից, հայ առաքելական եկեղեցին մյուս կողմից կեղեքում էին ազգաբնակչությանը` պարարտ հող էր ստեղծվել թոնդրակյան գաղափարաբանության զարգացման ու տարածման համար:

Թոնդրակեցիների մասին համեմատաբար շատ սկզբնաղյուրներ կան, սակայն նրանք որպես կանոն միակողմանիորեն են արտահայտում  կղերական տեսակետը: Մասնավորապես թե Գրիգոր Մագիստրոսը, թե Անանիա Նարեկացին, թե Անանիա Մոկացի կաթողիկոսը, Գրիգոր Նարեկացին, Արիստակես Լաստիվերցին, աստվածաբան Պողոս Տարոնեցին, կաթողիկոս Ներսես Շնորհալին… ովքեր թոնդրակեցիներին կոչում են շներ, իսկ նրանց կենտրոնները` շնավաններ: Ահավասիկ` «Թոնդրակեցիների չար աղանդի մասին» գլխում Լաստիվերցին լուտանքի հեղեղ է թափում ` «կեղծ», «խոսքերը ճարակում են քաղցկեղի նման», «վնասակար որոմ», «պիղծ», «շուն», իսկ Թոնդրակ ավանը` «սատանայի բնակարան», «գազանների որջ»:

Այս շարժման առաջնորդի մասին խոսելիս հայ անվանի ռազմաքաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունին նշում է, որ «ի հիմաց սասանեց առաքյալներին և մարգարեներին»: Ըստ Մագիստրոսի` Սմբատ Զարեհավանցին իր ուսմունքը սովորել է ոմն Մրջուսիկ անունով մի պարսիկ բժշկից և աստղաբաշխ մոգից: Սա ևս լրացուցիչ կռվան է` որ թոնդրակեցիները քրիստոնեության աղանդ չէին, այլ պարսիկ զրադաշտականության ազդեցությամբ վերածնունդ առած հայ արիականությունը:

Թոնդրակեցիները մերժելով քրիստոնեական շատ դրույթներ. մասնավորապես` չէին ընդունում մեռելներից հարության գաղափարը, հանդերձյալ կյանքը, հոգու անմահությունը, եկեղեցական նվիրապետությունը, հաղորդության, մկրտության խորհուրդները, պատարագը, մերժում էին Քրիստոսի զոհաբերության խորհուրդը, ծնրադրությունը, եկեղեցական ծեսերն ու տոները, մատաղը…

Նրանք կուռքեր էին համարում խաչը, սրբապատկերները… Հիսուս Քրիստոսին համարում էին սովորական մահկանացու` մերժելով նրա աստվածային էությունը:
Թոնդրակյան գաղափարախոսության հիմքում ազատ սերն էր: Դա իրենց հակառակորդներին հիմք է տվել թոնդրակեցիներին մեղադրելու անբարո վարքագծի և անառակ բարքերի մեջ, ինչն անշուշտ, անհեթեթություն է:

Թոնդրակյան շարժումը շատ կենսունակ եղավ և շուրջ երկու հարյուր տարի ցնցեց Հայաստանն ու Բյուզանդիան: Սմբատ Զարեհավանցուց հետո շարժումը գլխավորեցին Թոդրոսը, Անանեսը, Արքան, Սարգիսը, Կյուրեղը, Հեսուն և Ղազարը:

Սմբատ Զարեհավանցին իր շարժումն սկսեց 830-ական թվականներին: Շարժումը հախուռն էր ու սոցիալական բնույթից զատ` նաև զինված ապստամբության ձևով էր արտահայտվում: Այնքան, որ այն անհանգստացրեց արաբական խալիֆայությանը: Սա վկայում է այն մասին, որ այն նաև ազգային-ազատագրական պայքար էր նաև և լուրջ վտանգ էր ներկայացնում արաբական տիրապետությանը նույնպես: Մասնավորապես, Մանազկերտի կայսիկ ամիրա Աբդուլ Բարդն անմիջապես ձեռնամուխ եղավ Զարեհավանցու շարժման ճնշմանը: Խոշոր ճակատամարտում թոնդրակեցիները պարտվեցին, իսկ նրանց առաջնորդ Սմբատ Զարեհավանցին սպանվեց: Սակայն Սմբատի մահով թոնդրակյան շարժումը չմարեց: Այն գնալով ավելի տարածվեց և հզորացավ: Թոնդրակյան նոր կենտրոններ դարձան Մանանաղի Կաշե գյուղը, Թուլայլը, Աղյուսոն… շատ բնակավայրեր Խնուսում, Վասպուրականում, Դարանաղում, Այրարատում, Ռշտունիքում…

Թոնդրակյան շարժումը մեծ ծավալում ստացավ հատկապես 10-րդ դարում: Թոնդրակեցիներն արդեն ունեին իրենց ամրացված բնակավայրերը, զինված ջոկատները, տասնյակ հազարավոր հետնորդներ: Շարժումը ընդգծված սոցիալական բնույթ է ստանում և երբեմն ապստամբության դրոշ է բարձրացվում: Ահավասիկ` 906 թվականի Տաթևի գյուղացիական ապստամբությանն աջակցում են թոնդրակեցիները, որոնք ուղղակի հարձակվելով եկեղեցու վրա` գրավում ու ավերում են այն:

Շատ գիտնականներ թոնդրակյաններն են վերագրում նաև հայոց սպարապետ Վասակ Պահլավունու մահը, ով Սերկևիլի ճակատամարտից հետո իբր, հոգնած քուն էր մտել մոտական լեռան քարածերպերից մեկում և սպանվել է անցվոր մի գյուղացու ձեռքով: Սա ինչ խոսք, եկեղեցական պատմագրության հերհյուրանք է, քանզի բացառված է որ հայոց սպարապետը դաժան ճակատամարտից հետո անմիջապես առանձնանար մի ժայռի մոտ ու քուն մտներ` առանց թիկնազորի:

Թոնդրակյան շարժմանը հարեցին շատ բարձրաստիճան հոգևորականներ, ազնվականներ… Մասնավորապես, թոնդրակեցիների առաջին շարքերում պայքարում էին իշխան Վրվեռը, իշխանուհիներ Կամարան, Հրանուշը, Ախնին… ովքեր իրենց ձեռքով եկեղեցիներ էին ավերում ու խաչեր կործանում:

Բարձրաստիճան հոգևորականներից թոնդրակյան շարժմանը հարեցին եպիսկոպոս Հակոբ Հարքեցին, ով կարգալույծ արեց շատ հոգևորականների, արգելեցին հայ եկեղեցու ծիսակարգը:

Բնականաբար, թոնդրակեցիները ուժեղ հակազդեցության հանդիպեցին եկեղեցու և իշխանությունների կողմից: Նրանց դեմ ուժեղ էր պայքարը հատկապես Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի ժամանակ: Նա ոչ միայն կարգալույծ հայտարարեց Հակոբ Հարքացուն, այլև աղվեսակերպ դրոշմեց նրա ճակատը և բանտարկեց, ուր էլ վերջինս մահացավ:

Առհասարակ, թոնդրակեցիների դեմ պայքարում միավորվեցին Հայոց պետությունը, Բյուզանդիան, արաբական խալիֆայությունը, հայ եկեղեցին…

Գերի ընկած թոնդրակեցիներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով, սպանում, բռնագրավում նրանց գույքը, հայտարարում օրենքից դուրս…

Թոնդրակյան շարժման դեմ մեծ պայքար սկսեց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Նա 1045 թվականին իր հայրենի տիրույթները հանձնելով Բյուզանդիային` հաստատվեց Միջագետքում` ստանալով Միջագետքի դուքսի պաշտոնը: Բյուզանդական կայսր Կոստանդին Թ Մոնոմախի հրահանգով նա մեծ բանակով շարժվեց Հայաստան` թոնդրակեցիներին բնաջնջելու նպատակով:

Գրիգոր Մագիստրոսը դաժանաբար ավերում է թոնդրակյան բնակավայրերը, ամրոցներն ու շեները: Թոնդրակ գյուղը հողին հավասարեցվեց: Տասնյակ հազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվում են, սպանվում: Գերյալներին խարանում են աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն են կտրվում: Թոնդրակեցիների հանդեպ կիրառված խոշտանգումները շատ ավելի դաժան էին քան եվրոպական ինկվիզիցիայինը:

Գերյալ թոնդրակեցիների մի մասին բյուզանդական կայսրությունը տեղափոխեց և վերաբնակեցրեց Բալկաններում:

Սա բնկանաբար տվեց իր սպասված արդյունքը` Հայաստանում թոնդրակյան շարժումը թուլացավ և մարեց, սակայն այս հարկադրյալ գաղթի շնորհիվ այն տարածվեց Բայկանյան թերակղզում, Արևմտյան Եվրոպայում:



Նման նյութեր