Սեռական ակտից հետո կանայք ունենում են շատ տարբեր ցանկություններ՝ խոսել, գրկախառնվել, պառկած մնալ, գնալ ուտելու կամ սուրճ խմելու, ինչ-որ մեկը ծխախոտ է միացնում, որոշները վազում են ցնցուղ ընդունելու: Իսկ որոշ կանայք հակված են ավելորդ հուզականության եւ արցունքների:
Ինչո՞ւ են որոշ մարդիկ լալիս սեռական ակտից հետո:
Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, անտարբերությունը, արցունքները, հուզական դեպրեսիան սեռական գործունեությունից հետո՝ հետկոիտալ դիսֆորիա կոչվող վիճակին բնորոշ զգացողություններ են:
Մասնագետի խոսքով՝ արցունքները կարող են կապված լինել սեռական հիասթափության հետ. Ճնշված վիճակ, որը տեղի է ունենում ուժեղ գրգռումից հետո սեռական դժգոհության հետեւանքով:
Հաճախակի սեռական հիասթափությունները կարող են հանգեցնել ընդհանուր կամ որոշակի զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների բացասական ընկալման:
Սակայն ոչ միշտ են սեռական ակտից հետո արցունքները բացասական էմոցիաների մատնանշում:
«Ուրախության արցունքները ամենահիասքանչ բանն են, որ կարող են պատահել սեքսի ընթացքում կամ դրանից հետո: Այն ամենը, ինչ կուտակված էր ներսում, հանկարծակի ազատվում է, եւ մարմինը, պատրաստ չլինելով այդպիսի երջանկության, որպես արդյունք ՝ արցունքներով է արտահայտում», – ասաց մասնագետը:
Սեռական ակտից հետո սնունդը, ծխախոտը, մաստակը, մասնագետի խոսքով, օրալ նեւրոզի նշաններ են: Հաճախ դրանք փոխլրացնող եւ հանգստություն բերող էֆեկտ են ունենում: Երբեմն սնունդ ընդունելը ծախսած էներգիայի լրացման ֆունկցիա է իրականացնում:
Ցնցուղ ընդունելու շտապելու մոլուցքային ցանկությունը կապված է մանկական արգելքների եւ այն մտքի հետ, որ սեքսը «կեղտ է», այնինչ խորհուրդ է տրվում մշակել այն համոզմունքը, որ հակառակ դեպքում որեւէ հաճույքի մասին խոսք լինել չէր կարող:
«Տղամարդկանց մեծ մասի մոտ օրգազմից անմիջապես հետո տեղի է ունենում գրգռման կտրուկ անկում, արյան ճնշման անկում, եւ ցանկացած խթանում կարող է տհաճ կամ նույնիսկ ցավոտ լինել: Կնոջ մոտ օրգազմի ի հայտ գալուց հետո գրգռումը դանդաղորեն է նվազում եւ նրան կարող է անհրաժեշտ լինել կա՛մ հետագա խթանում ՝ երկրորդ օրգազմ զգալու համար, կա՛մ զուգընկերոջ կողմից քնքշության դրսևորումներ ՝ մերձեցումից աստիճանաբար դուրս գալու համար: Քանի որ տղամարդկանց եւ կանանց այս գործընթացները կարող են չհամընկնել, առաջանում է մտերմության ընդմիջման զգացողություն, ինչը հանգեցնում է տրամադրության ֆոնի անկմանը: Այս ամենը իմանալը կարող է զույգին օգնել ստեղծել եւ պահպանել ներդաշնակ հարաբերություններ», – նշեց Սեւադա Հակոբյանը: