Տիտանի երկօքսիդը՝ E171 պիտակավորված արհեստական ներկանյութը, այլեւս անվտանգ չի համարվում: Այս մասին նախազգուշացնում են Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության (EFSA) գիտնականները, ասվում է կազմակերպության կայքում:
«Հաշվի առնելով առկա բոլոր գիտական հետազոտություններն ու տվյալները՝ խումբը եզրակացրել է, որ տիտանի երկօքսիդը, որպես սննդային հավելում, այլեւս չի կարող անվտանգ համարվել»,- ասում է EFSA Food Additives and Flavors Expert Group-ի նախագահ Մաջեդ Յունեսը:
Մասնագետի խոսքով՝ գիտնականները չեն բացառում այս նյութի գենոտոքսիկությունը, այսինքն՝ ԴՆԹ-ին վնասելու ունակությունը: Հնարավոր է, որ տիտանի երկօքսիդը կարող է կուտակվել բջիջներում եւ քաղցկեղ առաջացնել:
Նշենք, որ հանրահայտ E171 ներկանյութն օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ, որի շնորհիվ ապրանքները գրավիչ տեսք են ստանում, եւ դրանց պահպանման ժամկետը երկարաձգվում է: Այն պարունակվում է կոսմետիկայի, ներկերի եւ դեղամիջոցների մեջ:
news.am