Ի՞նչ են ասում Կարեն Սերոբիչի օրագրերը. thearmenians.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ են ասում Կարեն Սերոբիչի օրագրերը. thearmenians.am

Մենք երկար ենք մտածել՝ հրապարակե՞լ այս նյութը, թե՝ ոչ, որովհետև այն առնչվում է մարդկանց, որոնցից շատերն այսօր արդեն մեզ հետ չեն և, բնականաբար, արձագանքել չեն կարող:  

Սակայն, նկատի առնելով, որ Կարեն Դեմիրճյանի օրագրերը հրատարակված են, որոշեցինք, այնուամենայնիվ դրանցից որոշ դրվագներ առավել հանրայնացնել: Ընտրությունն արված է չթիրախավորված, այլ թեմային ավելի մոտ լինելու հանգամանքով:

Անկեղծ ասած, այս մտքին եկանք՝ հետևելով մտավորականության ու Հայաստանի նախագահի Արցախում կայացած հանդիպման շուրջ ծավալված դիսկուրսին: Թե որտե՞ղ են հիմնական զուգահեռները՝ թողնում ենք ձեզ:

Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վերաբերմունքի հստակ ընդգծմամբ:

Դեմիրճյանի այդ գրություններում ոչ միայն նրա ղեկավարած Հայաստանն է՝ իր խնդիրներով, իրադարձություններով, այլ նաև՝ հայ մտավորականներ են: Մտավորականության կարկառուն ներկայացուցիչներ, որոնցից շատերը եղել են կուռքեր, սերունդների պաշտելիներ, դասագրքային օրինակներ:

Եվ ուրեմն. ի՞նչ են ասում Կարեն Դեմիրճյանի օրագրերը:   

«14.05.76

Բնակարանային հարց- Շիրազ (Ա. Շիրազ), Ս. Կապուտիկյան և ուրիշներ:

*Խոսքը Ա. Շիրազին և Ս. Կապուտիկյանին նոր բնակարաններ տալու մասին է: Նրա համար առանձնացվել էր բնակտարածք Դ. Դեմիրճյան փողոցի շենքում:

30.03.77

Բալայան Զ.: Զրույց տարբեր թեմաներով: Ճիշտ է բարձրացնում մամուլը նեգատիվ երևույթների դեմ պայքարում օգտագործելու հարցը: Մեծ մասը Հովբախի (Հ. Բաղդասարյան) մասին:

 

 

26.02.82

Հենրիկ Իգիթյան. խնդրում է օգնել՝ ձեռք բերել գործիքներ մանկական գեղագիտական կենտրոնի համար:

demircyan

24.07.82

Գ. Էմին-խնդրեց

-Տալ ինչ-որ մի աշխատանք ավտոմեքենայով  (օրինակ գրողների միության Աշտարակի բաժանմունքի քարտուղար):

-Խնդրեց հանձնարարել Մ. Խաչատրյանին՝ իր համար Աշտարակում կառուցել տուն:

-Ընդհանրապես ասաց, որ իրեն այնպես չեն գնահատում, ինչպես պետք է: Նա ասաց, որ իրեն պետք է փրկել («Գ. էմինի փրկության կոմիտե»-ծիծաղելով ասաց նա):

Հանձնարարեցի Ավետիսյանին ուսումնասիրել և զեկուցել:

02.09.82

Ընդունեցի Կ. Ուդումյանին: Ընդհանուր խոսակցություն: Ասաց, որ երազում է տուն վերադառնալ և Շամշադինում զբաղվել մանկավարժական գործունեությամբ:

Գովեց ինձ:

phpxx8hmx

08.09.82

Էդգար Հովհաննիսյան-խնդրեց մանսարդ` աշխատելու համար:

Խոսեց ստեղծագործական պլաններից:

Ս. Մերգելյան-առաջարկեց իր թեկնածությունը Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում: Ասաց, որ ամբողջովին իրեն դնում է իմ տրամադրությոան տակ:

Մտավորականության և իշխանության թեմայի ընկալման համար մի աներևակայելի հուշում է անում Հրանտ Մաթևոսյանը՝ ներկայացնելով մի դրվագ իր ու Վիլյամ Սարոյանի հանդիպումից:

«…Վիլյամ Սարոյանի հետ նստել էինք նույն մեքենայի մեջ և Գառնի-Գեղարդ էինք գնում: Ասավ՝ Հրանդ Մաթևոսեան, դուն որ գրեցիր, ինչ ցանկությունով սկսեցիր գրել: Ես չհասկացա, թե ինչ է ասում: Ինքը ասավ՝ երբ ես սկսեցի գրել, կկարծեի, կմտածեի, թե աշխարհը պիտի շրջեմ: Որովհետև ժամանակը աշնան էր և տուրիստների փաստական տպավորության տակ էի, կարծում էի, թե «շրջել» աշխարհի վրա՝ ման գալու մասին է: Չգիտեի, որ հեղաբեկելու և կյանքի ընթացքը առհասարակ շուռ տալու մասին է:

Հետո սկսեցի հասկանալ, տեսա, որ ազատ երկրի ազատ քաղաքացին իր կարծիքների մեջ է. ազատ քաղաքացին կարող է իսկապես աշխարհը հեղաբեկելու, աշխարհի ընթացքը շրջելու մասին խոսել: Իմ ցանկությունները էդքան ագրեսիվ չէին……»:

Երևի բարոյական չէ, պահանջել, որ մտավորականները «ագրեսիվ» լինեն նախագահի հետ հանդիպմանը: Առավել ևս նախագահի մեղքը չէ, հաստատ, որ շատ մտավորականներ «ագրեսիվ» չեն, և երկրին, մշակույթին, հասարակությանը հուզող գլոբալ խնդիրների շուրջ հարցադրումներ, պահանջներ, պատասխաններ ձևակերպելու, տեսակետ արտահայտելու փոխարեն, փոքրիկ, երբեմն նաև անձնական շահով պայմանավորված խնդիրներ են փորձում լուծել ու նորաթուխ լրագրողուհիներին սազական հարցեր են տալիս:   

Բայց հաստատ բարոյական չէ, երբ գիշեր-ցերեկ այդ նախագահին այպանող, հրապարակներում նրան ստորացնող, հասարակական հարթակներում անարգանքի սյունին գամող որոշ մտավորականներ ուղղակի մանկական անմեղսունակությամբ մասնակցում են հանդիպմանը ու խորամանկորեն փորձում որսալ իրենց լուսանկարողներին ու նկարահանողներին՝ հայացքները փախցնելու համար:

Այո, «…ազատ քաղաքացին կարող է իսկապես աշխարհը հեղաբեկելու, աշխարհի ընթացքը շրջելու մասին խոսել…», բայց ի՞նչ անել, որ իր 40 կամ 50 տարիներից  արդեն 25-ը ազատ երկրում ապրող ազատ քաղաքացին, հատկապես մտածող մարդը, որին մտավորական են ասում, կարողանա ազատ լինել, չգնա նախագահի հետ հանդիպման այնպես, ինչպես Կարեն Դեմիրճյանի օրագրերի մտածողները:

Նրանց գոնե փորձում ենք հասկանալ ժամանակի ու իրողությունների մեջ, բա այսօրվանների՞ն:  

Լուսանկարները՝ ինտերնետային ռեսուրսների

Ամբողջությամբ՝ «ՀԱՅԵՐ» մեդիահարթակ, thearmenians.am