Քարտեզն «Անիվ» հիմնադրամի բազմամյա հետազոտական աշխատանքների արդյունքն է՝ լրացված 2010–2014 թվականների հինգ դաշտային արշավախմբերի նյութերով: Այն շատ հարցերում է յուրահատուկ: Ամենից առաջ հարկ է նշել դրանում նյութի լայն ընդգրկումը. քարտեզի վրա պայմանական նշումներով ընդգծված են ժամանակակից Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդավայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի տարածքում գտնվող 113 բնակավայրեր, որոնք կապ ունեն հայկական պատմության ու մշակույթի հետ: Քարտեզում արտացոլված տեղեկատվությունը մատուցման թեմատիկ սկզբունքով կարելի է բաժանել չորս խոշոր բաժնի.
1) Քարտեզում նշված են քաղաքներ և բնակավայրեր, ուր գոյություն են ունեցել կամ այժմ կան հայկական համայնքներ և կազմակերպություններ, վայրեր՝ կապված ականավոր հայերի անունների հետ, քաղաքային կառույցներ (քաղաքապետարաններ, հիվանդանոցներ, կամուրջներ, ջրաղացներ, հորեր) և նույնիսկ ամրություններ՝ սարքված հայերի կողմից, հայկական փողոցներ և տներ քաղաքներում:
2) Քարտեզի «Տնտեսական բաժինը» ընդգրկում է մեծ տոնավաճառների անցկացման վայրերը, ուր մասնակցություն են ունեցել հայ վաճառականները, հայկական բանկեր և գիլդիաներ, արհեստավորական մանուֆակտուրաներ, արհեստանոցներ և այլ արտադրություններ, որոնք հիմնադրվել են հայերի կողմից, կամ, որտեղ հայ արհեստավորներ են աշխատել:
3) Լայնորեն ներկայացված են հայ ժողովրդի դավանաբանական պատմության հետ կապված տվյալներ. հայկական տաճարներ, եկեղեցիներ, վանքեր (առաքելական, կաթոլիկ և այլն), մատուռներ և զոհասեղաններ, գերեզմաններ և խաչքարեր, եկեղեցական նշանավոր անհատների գերեզմանավայրեր:
4) Պաշտամունքի օբյեկտներին սերտորեն հարում են կրթամշակութայինները. հայկական դպրոցներ, տպագրատներ: Քարտեզը ցույց է տալիս նաև Արևելյան Եվրոպայի թանգարաններն ու արխիվները, որտեղ պահպանվում են հայկական նմուշներ կամ պատմական փաստաթղթեր:
Քարտեզի երկրորդ յուրահատկությունը դրա պատկերման տեխնիկան է: Հիմքում ընկած է Լեհական Թագավորության և Լիտվայի Մեծ Իշխանության համայնապատկերային լանդշաֆտը, որը լրացնում են ներդիր քարտեզներն այն պատմական կենտրոնների կամ քաղաքների, ուր այսօր մնացել են հայկական պատմամշակութային նշանավոր կոթողներ. Զամոցկ, Կամենեց, Յազլովեց, Լվով, Վարշավա և Կրակով:
Քարտեզը կհետաքրքրի ոչ միայն մասնագետներին, այլև պատմությամբ հետաքրքրվող մարդկանց լայն շրջանակի: Այն կարող է օգտագործվել նաև՝ որպես ուղեցույց:
Քարտեզի հեղինակներն են. բովանդակություն՝ Ռուբեն Աթոյան, Արմեն Խեչոյան, Անջեյ Զեմբա, խորհրդատու՝ Քշիշտոֆ Ստոպկա, նկարազարդումների մշակում՝ Ռուբեն Աթոյան, համակարգչային ձևավորում՝ Լարիսա Աթոյան, Աննա Գերման: