Ինչպիսին պետք է լինի նիհարելու համար ընթրիքը: Չէ՞ որ հաճախ օրվա երեկոյան ժամերին ուզում ես կուշտ ուտել, իսկ դա բացասաբար կարող է անդրադառնալ կազմվածքի վրա: Մենք կպատմենք, թե ինչպես երեկոյան ժամերին ուտել համեղ և օգտակար կերակուր` չկորցնելով սլացիկությունը:
Գործնականորեն յուրաքանչյուր աղջիկ էլ գոնե մեկ անգամ հաստատ լսած կլինի, որ, եթե ուզում ես պահպանել սլացիկ կազմվածքդ, երբեք չպետք է ուտես 6-ից հետո: Արդյո՞ք ճիշտ է այս մտայնությունը:
Ժամանակակից կանայք բավականին ակտիվ կյանքի ռիթմ ունեն, և բոլորը չէ, որ հասցնում են կազմել ճիշտ նախաճաշ, ճաշ ու երեկոյան ընթրիքը ժամը 18:00-ից չուշացնել: Ինչ անել: Ոչինչ երեկոյան չուտել՝ նշանակում է՝ սոված մնալ, իսկ սովն ավելի վտանգավոր է լինում, քան ընթրիքին ֆասթ-ֆուդ ուտելը: Ձեր դաշնակիցները պետք է լինեն նիհարելու համար թեթև ընթրիքները, որոնք կարող ես քեզ թույլ տալ քնելուց մինչև 4 ժամ առաջ:
Ճիշտ դիետիկ ընթրիքի կանոնները:
Բժիշկ Ժան-Լու Դերվոն ասում էր այն մասին, որ ժամը 17:00-ից հետո ուտելը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը կալորիաներ է պահեստավորում` դրանով իսկ ավելացնելով քաշը: Պնդում էր նաև, որ առավոտյան և երեկոյան ուտելու միջև տևողությունը պետք է կազմի 10 ժամից ոչ պակաս: Ըստ նրա` եթե մինչև նշված ժամը չեք հասցրել ընթրել, կարող եք ուտել ամենաուշը մինչև 21:00-ն: Լսենք բժշկի այլ խորհուրդները ևս:
- Աշխատեք երեկոյան ուտելու պրոցեսը չձգել 20 րոպեից ավելի:
- Կերեք այն, ինչ կա ափսեի մեջ, ու մի ավելացրեք երբեք:
- Մի ընթրեք հեռուստացույցի կամ ընթերցանության ընթացքում. Այդ ժամանակ դուք կարող եք կորցնել ձեր նկատմամբ վերահսկողությունը, և ձեր երեկոյան չափաբաժինն ավելի մեծ կլինի, քան պետք է:
- Ձեզ ոչ մի դեպքում քնից առաջ և գիշերը չպիտի տանջի քաղցի զգացումը: Այդ պատճառով էլ ձեր ընթրիքը պետք է լինի հագեցնող, սակայն պարունակի քիչ կալորիաներ:
- Ավելի լավ է երեկոյան ուտել ոչ յուղոտ սպիտակուցային սնունդ: Այն հեշտ է յուրացվում ու փակում է ախորժակը: Շատ հարմար է նաև բջջանյութով հարուստ սնունդը, այն հագեցածության զգացողություն է տալիս:
- Նիհարելու համար ճիշտ ընթրիքը պետք է պարունակի ընդամենը մեկ ճաշատեսակ:
- Երեկոյան ժամերին ավելի լավ է մրգերից հրաժարվել, քանի որ դրանք գրգռում են ախորժակը: Ցանկալի է դրանք ուտել առավոտյան:
Մեր օրգանիզմը մինչև երեկոյան ժամը 5-ը գտնվում է էներգիա սպառելու ռեժիմում, և մինչև այդ ժամը դուք ձեզ կարող եք թույլ տալ կալորիական սնունդ ուտել, օգտագործել ճարպեր, բայց այդ ամենը` չափավոր քանակությամբ: Ձեր կերած ամեն ինչը կհասցնի ծախսվել: Երեկոյան ժամը 17:00-ից հետո օրգանիզմը սկսում է էներգիա կուտակել, և այդ պահից սկսած` դուք կարող եք ձեզ թույլ տալ միայն այնպիսի մթերքներ, որոնք ճարպի չեն վերածվի:
Եթե քնելուց 1-2 ժամ առաջ դուք քաղցի անհաղթահարելի զգացում եք ունենում, խմեք ցածր յուղայնությամբ կեֆիր: Այն արագ կյուրացվի ու ձեր օրգանիզմին միայն օգուտ կբերի:
Ամենաճիշտը նիհարելու համար դիետիկ ընթրիքներ գոլորշու վրա պատրաստելն է, սակայն, եթե համապատասխան խոհանոցային տեխնիկա չկա, կարող եք նախապատվությունը տալ խաշած մթերքներին: Որոշ մթերքներ կարելի է պատրաստել ջեռոցում` փայլաթիթիեղի մեջ փաթաթած վիճակում, օրինակ, ձուկը, քանի որ այդպես սնունդը պատրաստվում է առանց յուղի, իր հյութի մեջ:
Դիետիկ ընթրիքի ժամանակ թույլատրված ու արգելված մթերքների ցանկ
Թույլատրելի մթերքներ
Նիհարելու համար նախատեսված, ցածր կալորիականություն ունեցող ընթրիքը բաղկացած է հետևյալ մթերքների պարզ ցանկից` հավ, տավարի կամ ցանկացած անյուղ միս, անյուղ ձուկ, բացարձակապես ցանկացած բանջարեղեն, անյուղ կաթնաշոռ, բնական մածուն, պանիր, հնդկաձավար, կանաչեղեն՝ ցանկացած տեսակի, ձու, կարտոֆիլ՝ շատ քիչ քանակությամբ, հատիկավորներ, սունկ, բուսայուղ, տոմատի հյութ, սև հաց, սոյայի թանձրուք, բալզամիկ քացախ, համեմունքային խոտաբույսեր և սխտոր, ծովային կաղամբ, ձմերուկ, խնձոր, սալոր, կիվի, ցիտրուսայիններ, քիչ քանակությամբ սև սալորաչիր, անանաս, ցանկացած տեսակի, թեյ, սուրճ, չոր կարմիր գինի:
Արգելված մթերքներ
Չի կարելի օգտագործել քաղցր գազավորված ըմպելիքներ, թղթե տոպրակների մեջ լցված հյութեր, մագգի, ռոլտոն և այլ տեսակների համեմունքներ, մայոնեզ ու նմանատիպ այլ թանձրուքներ, սպիտակ հաց, քաղցրեղեն, ծխեցրած մսամթերք, ֆասթ-ֆուդ, հավելումներով յոգուրտներ, մաքրած սպիտակ բրինձ, մարինացված ու աղի մթերքներ, բրնձե լապշա, յուղոտ կաթնամթերք:
Բացառելով բոլոր վնասակար մթերքները և նախապատվությունը տալով օգտակարներին` դուք կարող եք կազմել նիհարելու համար ճիշտ ընթրիք ձեզ համար հարմար մենյուով:
Նիհարելու համար դիետիկ երեկոյան ընթրիքի տարբերակներ`
Բաղադրատոմս 1-ին
- Վերցրեք 200 գ սաղմոնի փափկամիս ու խաշեք առանց յուղի:
- Եփված ձկան վրա կիտրոնի հյութ ցողեք ու ավելացրեք մանր կտրատված մաղադանոս:
- Ձուկը պատրաստ է, անցնենք խավարտին, որի համար հարմար կլինեն բանջարեղենի բոլոր տեսակները, բացի կարտոֆիլից: Կարող եք պատրաստել ռագու լոբուց, սոխից ու գազարից: Վերջում ավելացնել կանաչի:
Բաղադրատոմս 2-րդ
Նիհարելու համար սպիտակուցային ընթրիք:
- Ձեզ անհրաժեշտ է մսի ոչ մեծ կտոր, որի վրա թեթևակի պետք է աղ ու պղպեղ անել: Կարող եք նաև սխտորի փոքր կտորներ դնել մսի մեջ ու գրիլի վրա սթեյք պատրաստել:
- Որպես խավարտ` կարող է ծառայել թարմ բանջարեղենային աղցանը` համեմված քիչ քանակությամբ բուսայուղով: Այդ աղցանի մեջ կարող եք ավելացնել նաև եփած կամ պահածոյացված կանաչ ոլոռ:
Բաղադրատոմս 3-րդ
Ընթրիքին կաթնաշոռը շատ հարմար է նիհարելու համար, եթե ուզում եք գրանցել արագ արդյունքներ: Դուք կարող եք անյուղ կաթնաշոռը խառնել բանջարեղենի, կանաչու, մրգերի որոշ տեսակների և անգամ ձկան հետ:
- Բավականաչափ կանաչի կտրատեք ու լցրեք կաթնաշոռի մեջ:
- Ապա վերցրեք լոլիկ, այն մանր կտրատեք ու ավելացրեք կաթնաշոռային զանգվածին:
- Թեթևակի աղ ու պղպեղ արեք:
- Այս համեղ խառնուրդը կարող եք քսել սև հացին ու ուտել:
Բաղադրատոմս 4-րդ
Նիհարելու համար թեթև ընթրիք կարելի է պատրաստել հավի կրծքամսի ու բանջարեղենի օգտագործմամբ: Հարմար են բրոկոլին, դդմիկը և քիչ քանակությամբ կարտոֆիլը:
- Հավը կտրատեք մանր կտորների ու մարինացրեք սոյայի թանձրուքի մեջ 10 րոպեով: Աղ պետք չէ, որովհետև սոյան ինքն աղի է:
- Եփեք հավը:
- Դդմիկը, կարտոֆիլը և բրոկոլին եփեք գոլորշու վրա: Այս բանջարեղենի վրա մի քիչ սոյայի թանձրուք ցողեք ու ավելացրեք մի քիչ ձիթայուղ:
Բաղադրատոմս 5-րդ
Եթե երեկոյան նիհարելու համար ձեր ճիշտ սնվելը ոչ մի կերպ առանց քաղցրի չեք պատկերացնում, ապա մենք խորհուրդ ենք տալիս մի շատ պարզ բաղադրատոմս:
- Վերցրեք մեկ խնձոր, հանեք միջուկը:
- Մեջը լցրեք 2 փոքր գդալ մեղր, մեկ գդալ անյուղ կաթնաշոռ, չամիչ կամ ընկույզ:
- Եթեք ջեռոցում 180 աստիճանում, 45 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը