Համլետ Պետրոսյանը դիտավորություն է համարում Կովկասին նվիրված միջազգային գիտաժողովից Հայաստանը դուրս թողնելու փաստը
Advertisement 1000 x 90

Համլետ Պետրոսյանը դիտավորություն է համարում Կովկասին նվիրված միջազգային գիտաժողովից Հայաստանը դուրս թողնելու փաստը

Դվինի, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբերի ղեկավար Համլետ Պետրոսյանը դիտավորություն է համարում այն փաստը, որ «Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600)» գիտաժողովից դուրս են մնացել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, որ նման գիտաժողովները կազմակերպվում են եվրոպական և ամերիկյան տարբեր համալսարանների կողմից:

«Համարում եմ, որ սա քաղաքականորեն կազմակերպված, ներկա հայ-ադրբեջանաթուրքական հակամարտության դրսևորումներից մեկն է, և քաղաքականությունն են փորձում մտցնել գիտության ասպարեզ: Սա միանշանակ է: Այնպես չէ, որ այս գիտաժողովն աշխարհի հարցերը լուծելու է, բայց… Հաճախ Ադրբեջանը Կովկասը ներկայացնում է որպես ոչ հայկական, նշում, որ հայերը հետագայում են եկել, որ Արցախում հայեր ընդհանրապես չեն ապրել և այլն: Կարծես այդ գաղափարաբանությունը տարածվել է պատմության, անցյալի, հիշողության վրա, և դրա վկայություններից է այս գիտաժողովը, որը փորձում է բացահայտել 300-600 թվականների հարավկովկասյան քաղաքները՝ առանց ընդգրկելու Հայաստանը, հայկական քաղաքները»,-շեշտեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք մի փոքր ծանոթ են Սասանյան Պարսկաստանի մշակույթին և պատմությանը, գիտեն, որ Դվինը եղել է մարզպանության ամենախոշոր կենտրոնը, վաղ միջնադարի ամենահայտնի ու հարուստ քաղաքը:

Պետրոսյանն ասաց, որ հարցը բարձրաձայնվել է Հայկական ուսումնասիրությունների միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում, որտեղ թեժ քննարկումներ են ընթանում թեմայի շուրջ, հեղինակավոր մասնագետները, հայագետ հետազոտողներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, իսկ Պետրոսյանը, որպես  Արցախի մշակույթով զբաղվող մասնագետ, որպես monumentwatch.org կայքի խմբագիր, արձագանքել է և ներկայացրել իր սեփական մոտեցումը:

Դվինի, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբերի ղեկավարը հիասթափված է իր բարեկամներից, մասնավորապես Լարա Ֆաբիանից և Մուրթուզալի Գաջիևից, որոնք թույլ են տվել, որ Հայաստանն անտեսվի:

Խոսելով այն մասին, թե մեր երկիրը պետական մակարդակով ինչ քայլեր պետք է ձեռնարկի հետագայում նման խնդիրների առաջ չկանգնելու համար՝ Պետրոսյանն ասաց, որ սա գիտության, ակադեմիական հարթակների հարց է: «Գիտությունը, հայաստանյան հայագիտությունը շատ թույլ է ինտեգրված միջազգային գիտական հանրույթում: Բացի այդ, Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող մասնագետներն այնքան էլ շատ չեն:  Օրինակ՝ հարցի շուրջ տասնյակից ավելի հետազոտողներ են իրենց բողոքն արտահայտել, և միայն ես եմ Հայաստանից: Եթե պետությունն ուզում է հարց լուծել, պետք է մտածի այն մասին, որ Հայաստանում հաճախ ակադեմիկոս են դառնում մարդիկ, որոնք այնքան էլ կապ չունեն գիտական հետազոտությունների հետ»,-եզրափակեց Համլետ Պետրոսյանը:

Անժելա Համբարձումյան