Վանի թագավորության փլուզումից հետո, ինչպես հայտնի է, Ուրարտուն անհետացավ, և գրեթե անմիջապես էլ նրա տեղում հայտնվեց բոլորիս համար սովորական Հայաստանը, որն այդպես է կոչվում արդեն առնվազն երկուսուկես հազար տարի։
Ընդ որում՝ շումերների մոտ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքից հյուսիս ընկած էր Արատտա կոչվող պետությունը։ Հատկանշական է, որ Աստվածաշնչի Յոթանասունից թարգմանության (Սեպտուագինտա) մեջ, Երեմիա մարգարեի գրքում, Արարատի թագավորությունը, այսինքն՝ Հայաստանը, հիշատակվում է հենց որպես «Արատեի թագավորություն»։ Եթե բավարար չէ այն, որ Արատտան ակնհայտորեն հիշեցնում է Արարատը, ապա կան նաև հնագույն աղբյուրներ, որտեղ անվանումը ուղղակիորեն է նշվում։ Էլ ավելի հետաքրքիր պատմություն է կապված Հայասա անվանման հետ։ Այն գտնվել է ոչ թե հողի տակ պեղումների արդյունքում, այլ Խեթական կայսրության գրադարանի թարգմանության շնորհիվ։
1905թ․-ին կենտրոնական Թուրքիայում՝ ժամանակակից Անկարայից 150 կմ հեռու, գերմանացի արևելագետ-ասորաբան Հուգո Վինկլերը (1863-1913թթ․) մեծ քանակությամբ սալիկներ է հայտնաբերել Բոգազքյոյ գյուղի տարածքում, նախկին Հատտուսայի՝ խեթերի կայսրության մայրաքաղաքի տեղում (երկրի ինքնանվանումը եղել է Հաթի)։ Սալիկների վրա գրառումները աքքադական սեպագրերով էին, որն արդեն հայտնի էր եվրոպացի գիտնականներին, բայց՝ անհայտ լեզվով։ Այստեղ մի կարևոր պահ կա․ հետազոտողները հեշտությամբ կարողանում էին կարդալ խեթերի գրերը, բայց բացարձակ չէին հասկանում նրանց հնագույն և վաղուց մեռած լեզուն։
1915թ․-ին խեթերեն լեզվի վերծանմամբ զբաղվել է հետագայում մեծ ճանաչում ձեռք բերած, բայց այն ժամանակ դեռ երիտասարդ չեխ ասորագետ Բեդրժիխ Գրոզնին։ Նա սեպագրերով տեքստը տառադարձել է լատինատառի և ենթադրել, որ խեթերեն լեզուն հնդեվրոպական է եղել։ Եվ պարզվել է, որ նա ճիշտ էր։ Նա սկսել է թարգմանություն անել ըստ մյուս հնդեվրոպական լեզուներին նմանության․ եթե որևէ բառ հիշեցնում էր նմանատիպ այլ բառ հնդեվրոպական լեզուներում, ապա ըստ դրա էր իմաստը հաստատվում էր։ Շուտով Գրոզնին արդեն կարողանում էր կարդալ խեթական մայրաքաղաքի գրադարանի արքայական հարուստ արխիվները։
Այդ փաստաթղթերում նշվում էր այն մասին, որ խեթերի թագավորության ժամանակներում (մոտավորապես մ.թ.ա. 1800-1180 թթ․) Հայկական լեռնաշխարհի տարածքում պետություն է գոյություն ունեցել՝ Հայասան։ Ընդ որում, այն ծաղկում է ապրել Ուրարտուից մի ամբողջ հազարամյակ առաջ։
Հայասան կամ Հայասա-Ազզին խեթական սեպագիր տեքստերում հիշատակվում է մ․թ․ա․ 16-13 դարերն ընկած ժամանակահատվածում։
Այդ ժամանակաշրջանում Հայասան երբեմն հաշտություն է կնքել Խեթական թագավորության հետ և խեթերին հարկ է վճարել, դաշինք է կազմել և անգամ զորքեր է տրամադրել, բայց երբեմն էլ ռազմական հակամարտությունների մեջ է մտել նրա հետ։ Օրինակ, Աննիասը կամ Անանիան՝ Հայասայի արքան մ.թ.ա. 1340-1310-ական թվականներին, համառ պատերազմներ է վարել խեթերի դեմ և մի քանի անգամ պարտության է մատնել նրանց։
Խեթագետների մեծ մասը Հայասան տեղակայում են Ճորոխ և Եփրատ գետերի վերին հոսանքում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Սակայն դրա արևելյան սահմանները հստակ հայտնի չեն։ Խեթերը, բնականաբար, գրել են Հայասայի արևմուտքում կատարվող իրադարձությունների մասին, քանի որ հենց այնտեղ էր այն սահմանակից Խեթական կայսրությանը։ Թե ինչ էր տեղի ունենում հարևանների արևելյան կամ նրանցիցի հեռու շրջաններում՝ խեթերին առանձնապես չէր հետաքրքրում։
Պատմաբանները կարծում են, որ Հայասայի մայրաքաղաքը եղել է Կումմախան (որն ավելի ուշ վերածվել է հայկական Կեմախի) Եփրատ գետի վերին հոսանքում, ժամանակակից Երզնկա քաղաքի մոտակայքում։ Հարկ է նշել, որ դա բավականին բացառիկ իրավիճակ է՝ խեթերը փաստացի որպես երկրի անվանում նշում են հենց այն, որը, ըստ երևույթին, իրենց տվել են հենց իրենք՝ երկրի բնակիչները։ Այսինքն՝ խեթերը օտար անվանումներ կամ էկզոնիմներ չեն տվել, այլ օգտագործել են հենց հարևանների ինքնանվանումը կամ էնդոէթնոնիմը։ Այդպիսի բան հազվադեպ է լինում, սովորաբար երկրների էկզոնիմներն ու էթնոնիմները (արտանվանումներն ոu ինքնանվանումները) ակնհայտ տարբերվում են, ինչպես օրինակ Գերմանիա-Ջերմանիա-Ջերմընի-Դոյչլանդ, Հունաստան-Գրեցիա-Գրիս-Էլլադա, Ճապոնիա-Ջապան-Ջըփեն-Նիպպոն (հայերեն-լատիներեն-անգլերեն ինքնանվանումը) և այլն։
Բայց այստեղ պարադոքսալ իրավիճակ է առաջանում։ Ստացվում է, որ մինչև Ուրարտու պետության ի հայտ գալը նույն տեղում ավելի հին թագավորություն է եղել՝ Հայասան, որը հաճախ է հիշատակվում խեթերի մոտ։ Բայց պարտադիր չէ հայ լինել իմանալու համար, որ հայերի ժամանակակից և միաժամանակ հնագույն ինքնանվանումն է Հայաստան, ընդ որում՝ դրա գոյությունը սկսվում է Ուրարտուի անկումից հետո, այսինքն՝ մ.թ.ա. 6-րդ դարից։ Ինչպես ասում են՝ զգացեք տարբերությունը․ սկզբում, մինչև մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսը՝ Հայասա, հետո՝ Ուրարտու, իսկ Ուրարտուի անկումից հետո՝ Հայաստան։ Ցանկացած ժամանակակից պատմաբան, իմանալով, թե ինչպես են իրենց երկիրն անվանում ժամանակակից հայերը, կնկատի խեթական արխիվների անվանման հետ ակնհայտ նմանությունը։
Ուստի միանգամայն բնական է, որ 20-րդ դարի առաջին կեսին որոշ եվրոպացի հետազոտողներ ենթադրեցին, որ «Հայասա» բառում հիմնական արմատը «հայա»-ն է, որը համապատասխանում է հայերի ինքնաանվանմանը, իսկ «(ա)սա» վերջնավանկը խեթական վերջածանց է, որը նշանակում է «երկիր»։ Այդ տեսությունը առաջիններից մեկը ձևակերպեց շվեյցարացի ասորագետ և առաջին խեթագետ Էմիլ Գուստավ Ֆորերը։ Այն զարգացրեց գերմանացի լեզվաբան Պաուլ Կրեչմերը։ 1933թ․-ին Վիեննայի գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակվեց Կրեչմերի «Հայերի ազգային անունը՝ Հայկ» (գերմ․ «Der nationale Name der Armenier Haik») աշխատությունը, որտեղ նա եզրակացնում է, որ «Բողազքյոյում հայտնաբերված սեպագրերում օգտագործվող Հայասա անվանումը նշանակում է «Արմենիա»։
Ավելի ուշ Հայաստանում այդ տեսակետին միացան Նիկոլայ Ադոնցը, Գրիգոր Ղափանցյանը, Ռաֆայել Իշխանյանը և այլ պատմաբաններ։ Գևորգ Ջահուկյանն այդ առիթով գրում էր․ «Հայասայի հիմնական լեզուն եղել է հայերենը և․․․ հայկական տարրը գերակա դեր է ունեցել Հայասա պետության մեջ»։ Թվում է՝ ամեն ինչ տրամաբանական է և բոլորին հասկանալի։
Բայց 20-րդ դարի երկրորդ կեսին պատմաբանների միջև ինչ-որ տարօրինակ պայքար սկսվեց, որտեղ գիտական բանավեճի պատրվակով սկսեցին Հայասան Հայաստանի պատմությունից կտրելու և դրանով հայերին իրենց անցյալից զրկելու փորձեր արվել։ Դեռևս ուշ ԽՍՀՄ-ի տարիներին այդ բանավեճին մասնակցում էին խոշորագույն խորհրդային գիտնականները։
Այսպես, 1980-ականների սկզբին հայտնի պատմաբան-արևելագետ և լեզվաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Դյակոնովը (1915 — 1999 թթ.) ենթադրություն առաջ քաշեց, որ գրաբարում հայերի ինքնանվանումը՝ «Հայք» (hay-kʿ), հավանաբար ծագում է Մելիտենի (Մալաթիա) ուրարտական անվանումից՝ ուրարտերեն Ḫāti բառից։
Դրա հետ կապված հայտնի լեզվաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վյաչեսլավ Իվանովը (1929-2017 թթ.)՝ հնդեվրոպական նախալեզվի ծագման հայկական տեսության վերաբերյալ Գամկրելիձե-Իվանովի հիպոթեզի համահեղինակը, հայտարարեց «հայ» ինքնանվանման և հայերի էթնոգենեզի հետ կապված այլ հարցերում Ի․Մ․ Դյակոնովի բոլոր թեզերի սխալ լինելու մասին և ողջունեց Գ․Ա․ Ղափանյանցի մտահանգումների ճշմարտացիությունը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am