Պատերազմի ու խաղաղության, արվեստի և պետության հետ ստեղծագործողի կապի մասին «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք դերասան Արծրուն Չոբանյանի հետ:
Բոլորս պետք է պատրաստ լինենք…
Հետպատերազմյա՞ն: Պատերազմն ամեն վայրկյան շարունակվում է: Ես չեմ մտածում, որ մենք հիմա հետպատերազմյան շրջան ենք ապրում, ուղղակի մարտական գործողությունների տեմպն է դադարել, բայց լարվածությունը կա, ու կարծում եմ՝ բոլորս պետք է հստակ գիտակցենք դա և պատրաստ լինենք ամեն ինչի ու ամեն գնով պահպանենք մեր երկիրը ու մեր ինքնությունը։
Փորձում եմ ամեն ինչ անել…
Ներկայիս իրավիճակում դժվար է կտրվել ու աշխատել լիաժեք, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ որակի վրա չանդրադառնա:
Էմոցիաները հազարապատկվում են, սիրտդ պայթում է
Պատերազմը մտածող մարդուն փոխում է ամեն վայրկյան, ամեն կորստի ու ձեռքբերման հետ էմոցիաները հազարապատկվում են, սիրտդ պայթում է, ու այս ամբողջ էմոցիոնալ փոփոխությունները կարող են օգնել ստեղծագործող մարդուն կամ հակառակը՝ «սպանել»:
Հնարավոր է նաև ստեղծել համաշխարհային մակարդակի գործ
Աղետներից հետո ստեղծվում են լավ գործեր, իմ կարծիքով, հենց ստեղծագործողի էմոցիոնալ փոփոխությունների արդյունքում, և եթե հայ ստեղծագործողներն ապրել են այդ էմոցիաները, և հասունացել է նրանց մեջ տվյալ թեման, հնարավոր է նաև ստեղծել համաշխարհային մակարդակի գործ, բայց հնարավոր է նաև հակառակը:
Պետք է չդադարել պայքարել
Ոչ միայն երիտասարդներն են հուսահատված. բոլորն էլ հուսահատված են, որովհետև երբ մարդուն ստում ես անընդհատ, և վերջում պարզվում է, որ ամեն ինչ սուտ էր, ամենաքիչը հիասթափվում են, և դա բնական է, դրա դեմ պայքարելու միայն մի տարբերակ կա. պետք է չդադարել պայքարել և հիմա առավել, քան երբևէ, ամուր կառչել մեր հողին ու համախմբվել (ինչը ամենադժվարն է, որովհետև թույլ չեն ալիս)։
Պետություն-ստեղծագործող կապը լիարժեք չի եղել ու չկա, որովհետև գաղափար չկա
Պետություն-ստեղծագործող կապը լինում է այն ժամանակ, երբ պետությունն ունի կոնկրետ նպատակ, զարգացման պլան, և ստեղծագործողն անում է ամեն ինչ՝ այդ նպատակները կատարելու, գաղափարները տարածելու համար։ Այդ կապը լինելու համար պետք էր, որ մեր երկիրն ունենար գաղափարախոսություն, բայց ցավոք, դա այն մակարդակի չի եղել, որ ընկալելի լինի հասարակության բոլոր խավերի կողմից։ Պետություն-ստեղծագործող կապը լիարժեք չի եղել ու չկա, որովհետև գաղափար չկա:
Երբ մարդն ուզում է ինչ-որ բան անել, գտնում է միջոցներ
Ստեղծագործող մարդը միշտ կգտնի իր համար ստեղծագործելու հնարավորություն, երկիրը կապ չունի ու չի կարող ունենալ: Հնարավորությունների առումով, այո, կա խնդիր և մեծ խնդիրներ, բայց հնարավորություն միշտ կարող ես գտնել: Եվ հետո, երբ մարդն ուզում է ինչ-որ բան անել, գտնում է միջոցներ։
Հայաստանում ստեղծագործող մարդու համար «ապագա կա» (ծիծաղում է,- Ա.Գ.), առավել ևս, որ ստեղծագործելու ու քննադատելու նյութն անպակաս է:
Անի Գաբուզյան