Հայաստանում առողջ ապրելակերպի հետևորդները տարեցտարի շատանում են։ Մարդիկ մեծ ցանկություն ունեն լինել ոչ միայն առողջ, այլև ազատվել ավելորդ կիլոգրամներից` դառնալով ավելի բարեկազմ։ Սննդաբան Հեղնար Շելունցը սոցցանցային իր էջերում հաճախ է հրապարակում բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար։
Sputnik Արմենիան Շելունցի էջից առանձնացրել է մի քանի բաղադրատոմս, որոնք հարուստ են սպիտակուցներով, համեղ են ու կօգնեն նաև նիհարել։
Սնկով և կարմիր ոսպով ապուր
Բաղադրիչներ՝
- Սունկ-300 գր
- Կարմիր ոսպ-1 բաժակ
- Կարտոֆիլ-1հատ (փոքր)
- Սոխ-1 (փոքր)
- Սխտոր- 1 պճեղ
- Տոմատի մածուկ-1 ճ/գ
- Ձեթ
- Ջուր
- Աղ
- Օրեգանո
- Քիմիոն
Պատրաստման եղանակը`
Սոխն ու սխտորը տապակեք ձեթի մեջ: Ավելացրեք սունկը: Այնուհետև տոմատի մածուկը, համեմունքները: Ավելացրեք նախապես թրջած կարմիր ոսպը, կարտոֆիլը և եռացրած ջուրը: Ապուրը եռալուց հետո ավելացրեք աղ ու եփեք մոտ 20 րոպե: Վերջում մատուցեք կանաչիով:
Պաստայի սիրահարներ, հավաքվե՛ք
Բաղադրիչներ`
- Պաստա (penne տեսակը լավագույնը կլինի)
- Հավի կրծքամիս-300 գր
- Չերրի լոլիկ
- Կանաչ ռեհան (բազիլիկ)
- Սխտոր
- Համեմունքներ՝ աղ, սև պղպեղ, օրեգանո, կարմիր պապրիկա, ուրց (թարմ), չիլի պղպեղ (եթե կծու սիրում եք)։
Պատրաստման եղանակը.
Լոլիկն ու հավի կրծքամիսը համեմել: Տեղափոխել 180 c տաքացված ջեռոց` 25-30 րոպե: Լոլիկը որքան շատ լինի, այնքան հյութեղ կստացվի։ Հանել ջեռոցից, հավը մանրացնել պատառաքաղի օգնությամբ: Ավելացնել կանաչ ռեհան ու խառնել: Ավելացնել նախապես եփված խյուսը, նորից խառնել ու վայելել համեղ ուտեստը:
Հավի հյութեղ կրծքամիս
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- Հավի կրծքամիս
- Մանանեխ
- Լոլիկ կամ լոլիկի չիր
- Չերրի լոլիկ
- Դդմիկ կամ սունկ
- Պանիր (ցանկալի է մոցարելա)
- Աղ/պղպեղ
- Սխտոր
Պատրաստման եղանակը.
Կրծքամիսը ծեծել ու ստանալ բարակ շերտ։ Համեմել աղով, պղպեղով ու սխտորով։ Շերտերով ավելացնել մանանեխ, բարակ կտրատած լոլիկ ու քերած պանիր։ Ցանկության դեպքում ավելացնել նաև սպանախ։ Փաթաթել, ամրացնել փայտիկով:
Թավայի մեջ կարագ լցնել ու հավի ռոլերը տապակել միջին աստիճանի կրակի վրա՝ ամեն կողմից 5 րոպե։
Այնուհետև տեղափոխել ջեռոցի տարայի մեջ, ավելացնել չերի լոլիկ, ցանկության դեպքում սունկ կամ դդմիկ, վրայից քերած պանիր ու թխել ջեռոցում մոտ 10-15 րոպե։
Նշենք, որ սննդաբանը խորհուրդ է տալիս շաբաթվա մեջ առնվազն 3 անգամ ապուր պատրաստել, որոնք ոչ միայն համեղ են, այլև անհրաժեշտ մարսողության համար։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am