Իտալական Gucci նորաձեւության տունը կրկին դարձել է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշը՝ ըստ Lyst հարթակի տվյալների։ Ի դեպ, ապրանքնիշը ցանկն առաջին անգամ չի գլխավորում։ 2020թ․-ի երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում եւս Gucci-ն առաջին տեղում էր։
Փորձագետները լյուքս դասի ապրանքանիշի հաջողությունը կապել են Balenciaga ապրանքանիշի հետ համագործակցության, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար Ջեյմս Կորդենի եւ երգիչ Հարի Սթայլզի մասնակցությամբ «GucciBeloved» գովազդային արշավի նկարահանման հետ։
Հագուստ արտադրող ամենապահանջված ապրանքանիշերի ցանկում երկրորդ եւ երրորդ տեղերում Dior-ն ու Nike-ն են, որոնք, նախորդ տարվա վարկանշային ցանկի համեմատությամբ, փոխել են տեղերը։ Առաջատարների հնգյակը եզրափակում են Louis Vuitton եւ Prada ապրանքանիշերը։
Ցանկում ներառվել են նաեւ այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Balenciaga, Moncler, Bottega Veneta, Yves Saint Laurent, Versace, Fendi,Burberry, Off-White, Alexander McQueen, Valentino, Loewe, Givenchy, Balmain, Jacquemus եւ Rick Owens.
Lyst-ի վարկանիշային աղյուսակը կազմվում է նորաձեւ հագուստի որոնման համանուն հարթակի կողմից, որն ամսվա ընթացքում հետեւում է ավելի քան ինը միլիոն գնորդի վարքագծի։ Տվյալները հավաքվում են Google-ում եւ սոցիալական ցանցերում որոնողական հարցումների, ինչպես նաեւ մանրածախ վաճառքի հիման վրա։
news.am