Պե՞տք է արդյոք մազերը պաշտպանել արեւից
Advertisement 1000 x 90

Պե՞տք է արդյոք մազերը պաշտպանել արեւից

Շատերն արդեն լավ գիտեն, որ հարկավոր է մաշկը պաշտպանել արեւից՝ խուսափելու համար այրվածքներից եւ քաղցկեղի՝ մելանոմայի առաջացման ռիսկից։ Իսկ պե՞տք է արդյոք պաշտպանել նաեւ մազերն արեւից։

Ինչպես պարզվել է, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է վնասել մազերին շատ ավելի, քան թվում է։ Բանն այն է, որ երբ մազերը ենթարկվում են արեւի ճառագայթների երկարատեւ ազդեցությանը, դրանց գույնը բացվում է. ուլտրամանուշակագույնը փոխգործակցում է մելանինի հետ, պիգմենտ, որից կախված է մաշկի եւ մազերի գույնը, եւ գունազրկում է դրանք։

Բացի այդ,  արեւի պատճառով վնասվում են կուտիկուլան եւ կերատինը, եւ դրա պատճառով մազերի գույնը նույնպես բացանում է, ավելին՝ դրանք դառնում են ավելի չոր, բարակ եւ կոտրվող, ինչպես նաեւ վատ են պահում սանրվածքը։

Մասնագետների խոսքով՝ այդ ամենը կարող է տեղի ունենալ մազերի ցանկացած տեսակի դեպքում, անկախ գույնից եւ որակից, բայց ավելի շատ տուժում են բաց գույնի եւ բարակ, ինչպես նաեւ գանգրացումից եւ գունաներկումից վնասված մազերը։

Իսկ արեւի լոգանք ընդունելու սովորությունը բաց գլխով եւ լողալը քլորացված ջրավազանում երկակի հարված կարող է լինել մազերի համար։

Հետագա խնդիրներից խուսափելու համար մաշկաբանները խորհուրդ են տալիս նախապես հոգալ արեւից մազերը պաշտպանելու մասին.

  • Կրեք լայնեզր գլխարկ կամ թեթեւ գլխաշոր, կարելի է նաեւ օգտագործել արեւից պաշտպանող հովանոցներ։
  • Քլորացված ջրավազանում լողալու համար հագեք հատուկ գլխարկ։
  • Եթե մազերն, այնուամենայնիվ, թրջվել են, անպայման լվացեք մաքուր ջրով։
  • Օգտագործեք շամպուններ եւ մազերի համար այլ խոնավացնող միջոցներ, որոնք պարունակում են SPF-զտիչներ։

Եթե բարակ մազեր ունեք, ավելի լավ է օգտվել ծավալը մեծացնող միջոցներից։

med.news.am