«Հունվարին շատ հաճախ գտնվելու ենք սիբիրական անտիցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան
Advertisement 1000 x 90

«Հունվարին շատ հաճախ գտնվելու ենք սիբիրական անտիցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հունվար ամիսը՝ դեկտեմբերի համեմատ, ավելի տաք է լինելու. «Բայց դա չի նշանակում, որ ամբողջ ամսվա ընթացքում լինելու է ջերմ գարնանային եղանակ: Հունվարին նույնպես վայրիվերումները շատ մեծ են լինելու. մենք ունենալու ենք արկտիկական ցուրտ ներխուժումներ, որոնք այս անգամ լինելու են ոչ թե՝ Սկանդինավիայի կողմից, այլ՝ Սիբիրի: Մենք հունվարին շատ հաճախ գտնվելու ենք սիբիրական անտիցիկլոնի ազդեցության գոտում, և մեր երկիր հիմնականում Ղազախստանի կողմից թափանցելու են արկտիկական օդային զանգվածներ: Բայց կլինեն նաև ժամանակահատվածներ, երբ մենք կգտնվենք Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Բոլոր մարզերում հունվարը կանխատեսվում է՝ տեղումնառատ»:

Խոսելով հունվար ամսում հանրապետությունում սպասվող ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների մասին՝ նա ասաց, որ Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում ու Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման դեպքում կանխատեսվող նվազագույն ջերմաստիճանը -17 -20 աստիճան է: «Իսկ առավելագույն ջերմաստիճանը, որ առանձին օրերին կարող է լինել այս հատվածներում, +4 +5 աստիճանն է, որ կարող է լինել ցերեկային ժամերին: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը, որ կարող է գրանցվել գիշերային ժամերին՝ -25 -23-ն է, և կան հատվածներ, որտեղ կլինի -32-33 սառնամանիք: Իսկ տաք օդային հոսանքների նեթափանցման դեպքում, առանձին օրերի, ջերմաստիճանը կարող է բարձրանալ՝ 0 +3 աստիճան»:

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին, ապա նրա խոսքով՝ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում կլինի -17-20 աստիճան. «Առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է՝ +4 +5 աստիճան»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի



Նման նյութեր