Ֆրանսիական «The Voice»-ի կույր լսումների փուլում 2021թ. մարտի 13-ին ելույթ է ունեցել ֆրանսահայ 25-ամյա երգչուհի Անահիտ Բոյաջյանը։ Նա դուդուկի հնչյունների ներքո նորովի կատարել է հայկական ժողովրդական «Հինգալա» երգը, ու նրա անկեղծ կատարումը ստիպել է ժյուրիի 4 անդամներին էլ շրջվել ու հոտնկայս ծափահարել։
Ֆրանսիական պարբերականներից մեկի հետ զրույցում Անահիտն ասել է, որ արցախյան 44-օրյա պատերազմն իրեն ավելի ուժեղ է դարձրել:
«Մեր մտքերը Հայաստանում էին։ Մենք՝ հայերս, հպարտությամբ ենք երգում մեր արմատների մասին և չենք կորցնում մեր մշակույթը։ Ես կցանկանայի դիմել մոլորակի բոլոր մարդկանց, որպեսզի նրանց ասեի, որ մենք հայ ենք, դեռ կանգնած ենք, դեռ ողջ ենք, որ մենք ցանկանում ենք առաջ շարժվել՝ գլուխներս բարձր պահած: Ես երբեք չեմ դադարի խոսել իմ արմատների մասին»,- նշել է Անահիտը։
Երգչուհի Անահիտ Բոյաջյանի հետ զրուցել ենք օտար ափերում հայկականը պահելու, երաժշտության, հայ-ֆրանսիական մշակութային հարաբերությունների կարգավորման և այլ հարցերի շուրջ:
– Անահի՛տ, կպատմե՞ս քո և ընտանիքիդ մասին. վաղո՞ւց եք բնակվում Ֆրանսիայում:
– Ես ծնվել եմ Ֆրանսիայում, հայկական ընտանիքում, որտեղ ընտանիքն ու մարդկային արժեքներն էական էին: Ինձ միշտ դուր է եկել հայկական մշակույթը, հայրս երաժիշտ էր, մայրս՝ հայկական պարերի ուսուցիչ:
– Բավականին վարժ հայերեն ես խոսում, բայց օտար երկրներում ապրող շատ հայեր գրեթե մայրենի լեզվին չեն տիրապետում։ Դու հայկական դպրո՞ց ես հաճախել, թե՞ տանն են միշտ հայերեն խոսել։
– Հաճախել եմ Լիոնի «Մարգարյան Փափազյան» ֆրանսահայ երկլեզու դպրոցը, իսկ տանը խոսել ենք և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն: Հերթական ճանապարհորդություններս դեպի Հայաստան բարելավել են իմ մայրենի լեզուն: Ամենակարևորը հայկական սիրտ ունենալն է:
– Սփյուռքում հայկականությունը պահելու համար ի՞նչ է պետք․ դպրոցների թի՞վը շատացնել, Հայաստան-Սփյուռք կապն ավելի՞ ամրացնել, համատեղ միջոցառումնե՞ր կազմակերպել, թե՞ այլ բան։
– Սփյուռքում հայ մնալն ամենօրյա պայքար է: Առաջին արժեքը ընտանիքն է, այնուհետև՝ կրթությունը: Երբ երեխան դառնում է պատանի՝ նա պետք է մաս կազմի հայկական ասոցիացիային՝ հայրենակիցների հետ շփվելու և կապը պահպանելու համար: Երբեմն դա բավարար չէ, և մեզ ավելի շատ կապ է պետք Հայաստանի հետ: Հայկական հողի հետ այս շփման միջոցով կարևոր է հասկանալ, թե որտեղից ենք մենք գալիս:
– Երաժշտական կրթություն ստացե՞լ ես:
– Ես միշտ սիրել եմ երգն ու երաժշտությունը: Սովորել եմ ջութակ նվագել, իսկ 7 տարեկանից հաճախել եմ երգի դասերի: 17 տարեկանից ես հեղինակ եմ և կատարող, բայց նաև վեբ-դիզայներ եմ, որը մասնագիտացած է վեբ կայքերի մշակման մեջ: Երկու մասնագիտությունները համատեղում եմ:
– Կարելի է ասել՝ հայտնի դարձար «The Voice»-ից հետո։ Այսկե՞րպ էիր պատկերացնում քո մուտքը երաժշտական աշխարհ։
– «The Voice » մրցույթն ինձ ճանաչելիություն տվեց, բայց ես նախկինում արդեն ճանաչված էի, քանի որ թողարկել էի երկու ալբոմ: Ես հնարավորություն ունեցա ելույթներ ունենալ մրցույթից առաջ, ինչպես «L’Olympia»-ում:
– Համագործակցության ինչպիսի՞ առաջարկներ ստացար։
– Ես մաս եմ կազմում հայկական ավանդական «Նոր Աշուղ» երաժշտական խմբին և մենք բազմաթիվ առաջարկներ ենք ունեցել Ֆրանսիայում և արտերկրում համերգների համար: Եվ ես՝ որպես Anaïd.B, ունեի բազմաթիվ արձագանքներ և փառատոների մասնակցելու հրավերներ:
– Վերջերս Հայաստանում էիր, հատուկ ծրագրո՞վ, թե՞ ամառային արձակուրդները միշտ ես նախընտրում Հայաստանում անցկացնել։
– Հաճախ եմ գալիս Հայաստան, քանի որ երգեցողության դասեր եմ առնում գուսան Մխիթար Քեցյանի մոտ` իմ երգարվեստը և իմ վոկալ տեխնիկան բարելավելու համար: 2021 թվականի հուլիսին կարողացա երկու համերգ տալ Ազնավուրի գրադարանի և Արցախի երեխաների համար:
Մշակույթը միջոց է՝ առաջ շարժվելու և չմոռանալու, թե ով ենք մենք: Ես աշխատում եմ Հայաստանում գործող BirthRight Arménia և Armenian Volunteer Corps հետ, որոնք հոգ են տանում սփյուռքի հայերին և ոչ հայերին համախմբելու մարդկային և մասնագիտական փորձի փոխանակման համար, քանի որ նրանք գալիս են աշխատելու Հայաստանում: Որպես գրաֆիկական դիզայներ՝ ես կարողացա պատրաստել նրանց նոր մարդասիրական արշավը:
– Ունե՞ս սիրելի վայրեր, որ միշտ այցելում ես Հայաստան գալով։
– Երբ գալիս եմ Հայաստան՝ ինձ զգում եմ՝ ինչպես տանը: Ինձ դուր է գալիս մարդկանց հետ հանդիպելը, զրուցելը, բայց ընդհանրապես սիրում եմ նոր վայրեր հայտնաբերել: Ես ինձ զբոսաշրջիկ չեմ համարում: Ամեն անգամ, երբ ճանապարհորդում ենք, ես բացահայտում եմ Հայաստանի նոր կողմը: Շատ եմ սիրում Հայրիվանքը և Սուրբ Հռիփսիմեն՝ իմ մկրտության եկեղեցին:
– Մշակույթը հանրայնացնելու համար, ըստ քեզ, ի՞նչ է անհրաժեշտ:
– Թերևս ավելի շատ կարելի է կազմակերպել մշակութային միջոցառումներ՝ սփյուռքի և Հայաստանի երիտասարդների միջև: Պետք է լինեն ֆորումներ և մտքերի փոխանակում հայերի շրջանում՝ միմյանց ավելի լավ հասկանալու համար:
Անի Կարապետյան