Ինչպիսի դիետաներն են վտանգավոր երեխաների համար
Advertisement 1000 x 90

Ինչպիսի դիետաներն են վտանգավոր երեխաների համար

Գլյուտենը (եթե մարսվում է), ածխաջրերը եւ միսը բացառող դիետաները կարող են վտանգ ներկայացնել երեխաների համար: Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր մանկաբույժ Իսմայիլ Օսմանովը (Ռուսաստան):

«Կենդանական ծագման մսամթերքները բացառող սննդակարգով տարվելը` բուսակերությունը, կամ կենդանական ծագման բոլոր մթերքներից հրաժարվելը` վեգանիզմը, որը բացառում է ածխաջրերը, կամ առանց գլյուտենի մոդայիկ դիետաները հաճախ վտանգավոր են աճող օրգանիզմի համար: Օրինակ, մեր կլիմայի պայմաններում բավական դժվար է բուսական մթերքներով ապահովել երկաթի համարժեք պաշար, որը չափազանց կարեւոր է երեխայի զարգացման համար»,- ասել է Օսմանովը «ՌԻԱ Նովոստի»-ին:

Փորձագետը երկաթի կարեւոր աղբյուր է համարում մսամթերքները: Իսկ սննդակարգում ձկների բացակայությունը, ըստ նրա, հանգեցնում է յոդի, օմեգա-3 ճարպաթթուների պակասի, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում:

«Ածխաջրերը էներգիայի կարեւոր աղբյուր են հանդիսանում՝ ապահովելով օրական պահանջարկի կեսից ավելին: Կարեւոր է, որ երեխայի սննդակարգում հնարավորինս քիչ լինեն «արագ» ածխաջրեր՝ քաղցրավենիք, խմորեղեն, եւ որքան հնարավոր է շատ լինեն բարդ ածխաջրեր` հացահատիկներ, շիլաներ, բանջարեղեն: Առանց բժշկական ցուցումների գլուտենային մթերքների բացառումը կարող է հանգեցնել թերսնման, B խմբի վիտամինների անբավարարության, իսկ դրանից հետո՝ նյարդային համակարգի աշխատանքի խախտման»,- նշել է բժիշկը:

Մասնագետը նաեւ ասել է, որ սխալ է կարծել, թե 1,5-2 տարեկան երեխան հենց որ անցնի մեծահասակների սննդի, կարող է ամեն ինչ ուտել: Այս տարիքում մարսողական համակարգը դեռ հասուն չէ, որոշ ֆերմենտներ արտադրվում են նվազագույն քանակությամբ, ուստի որոշ մթերքներ, ինչպիսին են սնկերը, ընդհանրապես չեն յուրացվում երեխայի օրգանիզմի կողմից:

«Շատ կարեւոր է հավասարակշռված սնունդը: Օրինակ, օրական սպիտակուցի ընդունման առնվազն 50%-ը պետք է կազմեն անփոխարինելի ամինաթթուներ պարունակող կենդանական սպիտակուցները: Ճարպերի 70%-ը նույնպես պետք է լինեն կենդանական ծագման՝ ապահովելով օրական էներգիայի պահանջի մոտ մեկ երրորդը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց որակին: Երեխաների ճաշացանկում տրանսճարպերի առկայությունն անընդունելի է»,- հավելել է Օսմանովը:

news.am