«Գորգային սկանդալ». իսպանական թանգարանը հայկական արծվագորգն ադրբեջանական է ներկայացրել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գորգային սկանդալ». իսպանական թանգարանը հայկական արծվագորգն ադրբեջանական է ներկայացրել. armeniasputnik.am

Օրերս սոցիալական ցանցերում հայտնվեց Իսպանիայի Ալհամբրա թանգարանի ցուցանմուշներից մեկի պատկերը, ինչպես նաև ներկայացված նմուշի նկարագրության լուսանկարը: Խոսքը, մասնավորապես, նախանցյալ դարի գորգի մասին է։

Թանգարանում նմուշի նկարագրության մեջ նշված է «Ղարաբաղ (Ադրբեջան), 19-րդ դար»։ Նկարագրության լուսանկարը մի քանի օր առաջ Facebook սոցիալական ցանցում տեղադրել է Ռոզա Ֆենդեր անունով օգտատերը։

Միաժամանակ Ալհամբրա թանգարանի պաշտոնական օգտահաշվում նույն գորգը որպես կովկասյան է ներկայացված։

«Ի՞նչ կարծիքի եք այդ կովկասյան գորգի մասին։ Կոլեկցիոներներն այն «արծվագորգ» են անվանում, թեև պատկերներն ավելի շատ ծաղիկ են հիշեցնում, քան վայրի թռչուններ»,-ասվում է փետրվարի 16-ին արված հրապարակման մեջ։

Գորգի նշված ծագումը լուրջ վրդովմունք է առաջացրել հայ օգտատերերի շրջանում, որոնք ցուցանմուշի վրա տիպիկ հայկական պատկերներ են տարբերակել։

Իսպանական Ալհամբրա թանգարանում ներկայացված գորգը

Այս կապակցությամբ Sputnik Արմենիան զրուցել է ազգագրագետ, հայկական գորգերի և ասեղնագործությունների մասնագետ Տաթև Մուրադյանի հետ։ Նրա խոսքով՝ գորգն իսկապես հայկական ծագում ունի և պատկանում է Արցախի Ջրաբերդ գյուղի արծվագորգերի թվին։

Նա բացատրում է, որ այդ տիպի գորգերի համար բնութագրական է մեջտեղի մեծ խաչը, որից տարածվում են բազմաթիվ ճառագայթներ՝ արծվի թև հիշեցնող պատկեր կազմելով։

«Արվեստաբան և երաժիշտ Վահրամ Թաթիկյանը հսկայական աշխատանք է կատարել գորգերի նույնականացման համար։ 1975-78թթ․-ին նա ճամփորդել է Արցախի բոլոր գյուղերով և լուսանկարել դրանք։ Այդ բոլոր աշխատանքները ներկայացված են նրա գրքում»,-ասաց ազգագրագետը։

Արծվագորգ» տիպի 17-րդ դարի հայկական գորգեր պահպանվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Լոնդոնում՝ անհատական հավաքածուներում։

Բարսելոնայի բնակչուհի Աննա Վանեսյանը որպես փաստարկ, որ ներկայացված գորգը հայկական, ոչ թե ադրբեջանական ծագում ունի, բերում է կարմիր գույնի առատության փաստը։

«Այս գորգի ևս մեկ առանձնահատկությունը, որը վկայում է այն մասին, որ այն հայկական է, կարմիր գույնի առատությունն է։ Հայկական գորգերում միշտ գերակշռում էր կարմիրը, ուստի Արաբական խալիֆայությունում դրանք հայտնի էին նաև որպես կարմիր գորգեր։ Բանն այն է, որ հայերը թելերը ներկում էին որդան կարմիր հատուկ ներկով, որը ստանում էին թթենու մետաքսորդի հատուկ տեսակի մշակման ժամանակ»,-գրում է նա։Հայ օգտատերերի բազմաթիվ վրդովված մեկնաբանություններից և հարցումներից հետո Ալհամբրայի թանգարանի ադմինիստրացիան խոստացել է ստուգել գորգի ծագումը: Պատասխան նամակը ստացել է Գոհար Վահանյան անունով օգտատերը։

«Հարգելի տիկին Վահանյան, մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջարկություններն ու պարզաբանումները: Մենք դրանք փոխանցել են թանգարանի պատասխանատուներին, որպեսզի կատալոգը փոխվի։ Մենք ամեն ինչ կանենք, որ սխալն ուղղվի հնարավորինս շուտ»,-ասվում է նամակում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am