Երբ տրամադրությունս բարձր է, զեֆիրները հիանալի են ստացվում. Փոքրիկ խոհարարն ու նրա անուշ զեֆիրի գաղտնի բաղադրիչը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երբ տրամադրությունս բարձր է, զեֆիրները հիանալի են ստացվում. Փոքրիկ խոհարարն ու նրա անուշ զեֆիրի գաղտնի բաղադրիչը

Ինստագրամում պրպտումների ժամանակ պատահաբար հանդիպեցի զեֆիրների հետաքրքիր էջի։ Հարց տվեցի, մարքեթինգի բոլոր կանոններին համապատասխան, գրագետ պատասխաններ ստանալուց հետո, բուն արտադրանքը մոռացած՝ սկսեցի հետաքրքրվել էջ վարողի տվյալներով։ Պարզվեց ինձ հետ խոսում է 12-ամյա Կատրինը, ով նաև այդ զեֆիրների պատրաստողն է Պարզվում է՝ Կատրինը արդեն 6 տարի է, ինչ վլոգինգի ոլորտում է։ 6 տարեկանից, ինչպես ինքն է ասում, երբ դեռ «թլոշ-թլոշ» էր խոսում, քույրիկի հետ խոհարարական վլոգ են բացել Youtube-ում, ինչում սկզբնական շրջանում շատ օգնել է մորաքույրը։ Հետագայում Կատրինն այնքան է խորացել խոհարարական վլոգինգում, որ հիմա այն վերածվել է փոքրիկ բիզնեսի։

«Վեց տարեկանում ես և քույրիկս որոշեցինք բացել մեր YouTube-յան ալիքը։ Այդ ժամանակահատվածում մորաքույրս նկատեց, որ իմ մոտ ստացվում է համեղ պատրաստել։ Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի խորանալ խոհարարության մեջ, և մի օր ինտերնետով գտա զեֆիրի բաղադրատոմս և որոշեցի պատրաստել։ Պատրաստեցի, բոլորին շատ դուր եկավ։ Մորաքույրս որոշեց պրոֆեսիոնալ դասընթաց գնել։ Դասընթացը անցնելուց հետո սկսեցի ավելի հմտորեն մոտենալ զեֆիրի պատրաստմանը»,- պատմում է Կատրինը։

Իսկ ՍՄՄ կամ մարքեթինգ ուսումնասիրե՞լ  ես։

-Հատուկ SMM չեմ ուսումնասիրել, բայց հետևում եմ ինստագրամյան տարբեր էջերի և առաջնորդվում եմ իրենց խորհուրդներով։

Քո էջն էլ  բավականին գրագետ է վարվում, էլ  չեմ ասում  զեֆիրների փաթեթավորման   և այլնի մասին։ Ովքե՞ր են քեզ օգնում մարքեթինգային, բիզնես վարելու  հարցերում, ներդրումներ անում։

– Առաջին ներդրումը արեցին մորաքույրս և քեռիս։ Իրենք ցանկանում էին պահպանել և զարգացնել  իմ մոտիվացիան, ցանկանում էին իրագործել իմ երազանքը (ես արդեն 2-3 տարի է՝ ուզում էի բիզնես ունենալ` շեֆ խոհարար դառնալ)։ Փաթեթավորումը մտածել ենք բոլորս միասին։ Սկզբում  ես հեռախոսով հավելված ներբեռնեցի` արագ լոգոտիպեր պատրաստելու համար, մի քանի տարբեր մտքեր կային, նկարեցի: Հետո փաթեթավորման համար դիմեցինք Level Print Studio-ին, և մեր ընտանիքի համատեղ մտքերով ստացանք լոգոտիպը, այնուհետ տուփերի դիզայնը, իսկ մարքեթինգային հարցերով օգնում է ընտանիքս։

Դասերին չի՞ խանգարում, ինչպե՞ս ես համատեղում։

-Դասերին չի խանգարում, որովհետև մեզ մոտ պետք է պատվեր տալ մեկ օր առաջ, այդպես մեր գործը ավելի է հեշտանում: Բացի այդ կարելի է ասել ավելի կանոնակարգված է դարձել իմ օրը. եթե առաջ ես դասից գալիս էի և դասերս, տնային աշխատանքներս տարբեր ժամերի էի կատարում, ապա հիմա տուն մտնելուն պես դասերս եմ պատրաստում, այնուհետ անցնում պատվերների կատարմանը:

Եթե անգամ ամեն ինչ հասցնում ես, բայց, երևի թե, շատ ես հոգնում։ Ես գիտեմ, որ երգի էիր հաճախում փոքր ժամանակ, հիմա հասցնո՞ւմ ես։

-Լինում է, որ հոգնեմ, ավելի ճիշտ՝ հիասթափվեմ, բայց ոչ թե պատրաստելուց, այլ  նրանից, որ զեֆիրը չի ստացվում:  Բայց, հիշելով  պատվերի մասին, ես ինձ հավաքում եմ և սկսում պատրաստել, քանի որ չեմ կարող թողնել պատվիրատուին առանց մեր զեֆիրի։ Նշեմ, որ խոհանոցում պատրաստելուց երբեք չեմ հոգնում, ես մեծ հաճույք եմ ստանում այդ պրոցեսից։ Երգի և պարի ներկայումս չեմ հաճախում, հիմա բացի դպրոցից հաճախում եմ անգլերենի դասընթացների։ Ազատ ժամանակ ինձ և քույրիկիս համար զարդեր եմ պատրաստում, տարբեր համովություններ եմ պատրաստում և հյուրասիրում ընտանիքիս:

Ընկերներդ ըմբռնումո՞վ են մոտենում զբաղվածությանդ, թե՞ դեռ չգիտեն, որ գործարար ես։

– Դասաընկերոջս մայրիկը պատահաբար գտել էր իմ  ինստագրամյան էջը, և ցույց տվել մյուս դասընկերներիս մայրիկներին։ Բոլորին դա հետաքրքրել էր… այդպես ամբողջ դպրոցը իմացավ իմ բիզնեսի մասին։ Հաճախ եմ հետս զեֆիր տանում, հյուրասիրում։ Բոլորն ասում են՝ «վայ, ես էլ եմ ուզում բիզնես ունենալ, ինչ հավես ա…և այլն»։ Այո, ըմբռնումով են մոտենում, չեն նեղանում։

Ինչպե՞ս ես պատրաստում, ինչպես ես տրամադրվում պատրաստման գործին։

– Նախ նշեմ, որ  զեֆիրները պատրաստում եմ միայն բնական մթերքներից, հավելումներ չեմ օգտագործում: Իսկ ամենամեծ գաղտնիքը այն է, որ ես  զեֆիրները պատրաստում եմ սիրով և հաճույքով` պարտադիր լավ երաժշտության ուղեկցությամբ: Գործին տրամադրվելու համար ինձ պետք է լավ աուրա և գեղեցիկ երաժշտություն։ Երբ տրամադրությունս բարձր է, զեֆիրները հիանալի են ստացվում։ Եվ բացի այդ մեր անուշ զեֆիրներն ունեն նաև գաղտնիք. կան բաղադրիչներ, որ մենք ենք մտածել ավելացնել մեջը, դրա համար էլ ուրիշ  ոչ մեկի զեֆիրը իմ պատրաստածի համը չի կարող ունենալ։

Աշխատած գումարով կարողանո՞ւմ ես հոգալ  ծախսերդ, ինչի՞ վրա ես ծախսում։

-Աշխատած գումարը հավաքում եմ, որպեսզի ապագայում գնամ Փարիզ: Նախկինում ուզում էի Դիսնեյլենդ գնալ, բայց հիմա երազանքս փոխվել է։ Ուզում եմ սովորել Փարիզում հրուշակագործություն և դառնալ աշխարհահռչակ հրուշակագործ։

Եթե մի օր քեզ արգելեն զեֆիր պատրաստել, ի՞նչ կանես։

-Իհարկե, դա շատ վատ կլինի, ես ահավոր շատ կտխրեմ, բայց ես չեմ կարծում, որ այդպիսի բարի և համով գործը ինձ կարգելեն։ Չէ՞ որ ես իսկապես ուրախություն եմ պարգևում… Հիմնականում, զեֆիրները, զեֆիրե փնջերը գնում են նվերի համար և չեք պատկերացնի՝ ինչքան ուրախ, բարի, դրական արձագանքներ եմ հետո ստանում նվերը ստացած մարդկանցից:

Ինչ հաճելի է։ Իսկ կհիշե՞ս ամենատպավորիչ արձագանքը որն էր։

-Առաջին պատվերը տանելու օրը ես երբեք չեմ մոռանա… շատ հուզված էի։ Երբ հայրիկիս հետ տարա՝ պատվիրատուն շատ ուրախացավ, ես նույնպես։ Սիրում եմ տեսնել մարդկանց դրական էմոցիաները, դա ինձ շատ է մոտիվացնում։

Իսկ   հիշո՞ւմ ես, թե ինչպես մտար կյանքումդ առաջին անգամ խոհանոց, սկսեցիր պատրատել։ Ե՞րբ հասկացան ծնողներդ, որ դու, իրոք, փոքրիկ խոհարար ես։

-Երբ փոքր էի, մայրիկս շատ էր պատրաստում քաղցրավենիքներ և ես միշտ փորձում էի օգնել։ Ինձ թվում է հենց մայրիկի շնորհիվ է, որ սկսեցի պատրաստել։ Առաջին ուտեստը, որ մենակ պատրաստեցի յոթ տարեկանում, muffin-ներն էին։ Այդ օրվանից հասկացա, որ դա իմ սիրելի գործն է:

Այլ մասնագիտության մասին երազե՞լ ես։

-Փոքր հասակից երազել եմ դառնալ շեֆ խոհարար և մինչև հիմա դա իմ երազանքն է։ Այսօր ուզում եմ ավարտել դպրոցը, սովորել հրուշակագործություն և բացել քաղցրավենիքի իմ սեփական արտադրամասը, խանութ-սրճարանը:

Ամենատարօրինակ բաները, որ պատվիրատուներն ասել  են։

-Պատկերացրեք՝ տարօրինակ բաներ չեն ասում, բայց շատ են հարցնում՝ «հաստա՞տ դուք եք պատրաստում»։

Ամենամեծ գումարը, որ աշխատել  ես։

-Ֆինանսական հարցերով զբաղվում է ընտանիքս, ես միայն հաճույք եմ ստանում պատրաստման պրոցեսից։

Հիմա ի՞նչ է քեզ անհրաժեշտ, որ բիզնեսդ ավելի աճի։ Ընդլայնվելու միտք ունե՞ս, թե միայն զեֆիներով կսահմանափակվես։

– Այս պահին սահմանափակվում եմ զեֆիրներով։ Ապագայի համար ունեմ մեծ պլաններ։ Փորձում ենք ընդլայնել մեր բիզնեսը։

erit.am