Աղջիկները սկսել են «խլել» լեռները տղամարդկանցից. հիմա ավելի շատ են հանդիպում կին լեռնային ուղեկցորդներ, բայց տարիներ առաջ լեռներում ինձ հանդիպած առաջինն Անժելան Ճաղարյանն էր։ Անցած տարի Անժելան հաշվել է իր բարձրացած գագաթները, դրանք 160-ն են։ 160 անվանական գագաթ, որոնցից մի քանիսը մի քանի անգամ, բայց դա չի հաշվում ընդհանուր թվի մեջ։ Երևի նրա հետ սար բարձրացած ցանկացած մարդ՝ անկախ մասնագիտությունից, նրա մասին պատմելու ցանկություն է ունեցել, բացի այդ էլ մտքում մի քանի անգամ կրկնել է հայտնի ֆիլմի խոսքերը՝ «Անժել, հրեշտակս»։ Հրեշտակի թեթևությամբ ուղղակի բռնում է ձեռքիցդ ու իր հետ թռցնելով բարձրացնում դժվար թվացող լեռնային գագաթները։ Ինչը՞ կապեց այս աղջկան լեռներին, ինչպե՞ս է ապրում, որո՞նք են լեռնային ուղեկցորդի մասնագիտության դժվարությունները և շատ այլ գաղտնիքներ Erit.am-ի հետ զրույցում բացահայտում է Անժելան։
– Լեռների հետ կապը սկսվել է մոտ 10 տարի առաջ, երբ դեռ դպրոցական էի և ընկերներիս հետ որոշել էինք բարձրանալ Արայի լեռը, բայց այդպես էլ գագաթ չհասանք, որովհետև անփորձ էինք ու հասկացանք, որ սար բարձրանալը խաղ ու պար չի. ունի շատ դժվարություններ ու բարդություններ։ Լեռնային ուղեկցորդ դառնալը երբևէ ծրագրված չի եղել, միշտ լեռներ բարձրացել եմ իմ հաճույքի համար, սկզբում հոբբի էր, հետո դարձավ ապրելակերպ։ Որոշել էի նկարչուհի դառնալ։ Երազում էի, որ կունենամ մեծ նկարչական դպրոց, որտեղ կունենամ լիքը սաներ։ Բայց դա այդպես էլ մնաց երազանք, որովհետև ավարտելուց հետո չզբաղվեցի, չհետևեցի… հիմա էլ շատ հազվադեպ եմ նկարում, աբստրակտ ոճով. սիրում եմ բնությունը, մարդկանց թղթին հանձնել ոչ թե ինչպես կան, այլ ինչպես ես եմ տեսնում։
Ոչ մի րոպե չեմ փոշմանում, որ լեռնային ուղեկցորդի մասնագիտությունն ունեմ հիմա, ու պիտի ասեմ, որ վերջին տարիների ընթացքում կարծրատիպ է փոխվել․ չկա էլ այն մտայնությունը, որ միայն տղամարդը կարող է լեռնային ուղեկցորդ լինել։ Այսօր արդեն կան բազմաթիվ կին լեռնային ուղեկցորդներ և դեռ կշատանան։
Ի՞նչ հմտություններ են պետք լեռնային ուղեկցորդներ դառնալու համար։ Ի՞նչ պատրաստվածություն ես անցել։
– Հարկավոր է փորձ, կողմնորոշում և պատասխանատվություն։ Եթե պատասխանատվություն ես ունենում, հնարավորինս զերծ ես մնում վատ դեպքերից։ Խնդիրն այն է, որ հիմա մարդիկ անցնում են ինչ-որ դասընթաց և որոշում, որ պատրաստ են խումբ ուղեկցել, խումբը տանում են այնպիսի տեղ, որտեղ մեկ անգամ կա՛մ եղել են, կա՛մ ոչ, մեկ էլ լսում ես՝ այսինչ մասում խումբ է մոլորվել, այս դեպքն է եղել և այլն։ Պատասխանատվության առկայության դեպքում մարդն ինքը այդ գիտելիքներով և փորձով չի ուղեկցի խումբ։ Ուզում եմ մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն այս գործին։
Սկզբում սա ինձ համար եղել է հոբբի, հետո ապրելակերպ և այդ փորձը բերեց հանգեցրեց նրան, որ դարձա լեռնային ուղեկցորդ։ Ժամանակին, եթե ես ընկերներիս հետ էի գնում և ուրախանում էինք, որ հասանք այս կամ այն գագաթ, հիմա կրկնակի դրական էմոցիաներ եմ ստանում, երբ խումբ եմ ուղեկցում և տեսնում հրճվանքն ու ուրախությունը մարդկանց, որ դրել էին իրենց առջև նպատակ՝ հասնել ինչ-որ կետի, ու հասել են։ Բարդությունն այն է, որ ամբողջ խմբի հետ կապի մեջ լինես։ Ես առջևից չեմ գնում, սպասում, որ հետևեն ինձ, փորձում եմ բոլորի հետ շփվել։ Իհարկե, միշտ կան դժգոհ մարդիկ, իրենց հետ պիտի լեզու գտնելու փորձեր անել, որ իրենց առանձնացված չզգան, պիտի հասկանաս խնդիրն ինչ է,որ իր պատկեացրած լավ օրը, ի վերջո, ստացված լինի։
– Ո՞ր լեռն է, որ երբեք չես հոգնի և էլի ու էլի կբարձրանաս։
– Առհասարակ չեմ սիրում լինել այնտեղ, որտեղ արդեն եղել եմ, որովհետև ինչո՞ւ չբացահայտել նոր տեղ, եթե կարող ես։ Բայց կա 2 բացառություն՝ մեկը լեռնային վերելքի տեսքով, մյուսը՝ քայլուղու։ Լեռնայինը Խուստուփն է, որը ինձ համար Սյունիքի սիմվոլն է։ Մեկ անգամ Խուստուփ բարձրացած մարդը հիմա հաստատ սա կարդում, ժպտում ու համաձայնում է։ Երբեք չեմ հոգնի այդ տեսարարններից։ Մյուս քայլուղին լեռնային չէ, գտնվում է Լոռու մարզում։ Անբացատրելի զգացողություններ ու հոգեվիճակ եմ ունենում այնտեղ. Քոբայր վանական համալիրն է, այն ունի շատ գեղեցիկ երթուղի, որ տանում է դեպի Օձուն, իսկ ճանապարհին տեսնում ենք նաև Հոռոմայրը։ Անհավանական, միստիկ, գեղեցիկ։
Ամբողջությամբ՝ erit.am